Արարատի՝ գիտակցության գալը

Արարատի՝ գիտակցության գալը

Պարզվում է, որ ԱԳ նախարար Միրզոյան Արարատը (կամ իմ ֆեյսբուքյան նախկին ընկեր Արոն) նոր է գլխի ընկել, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար, ՀՀ-ից բացի, անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի մասնակցությունն այդ գործընթացին: Բայց այդ հարցում Ադրբեջանը գործընկեր չէ. իրենք, ըստ նրա գրառման, խաղաղության են ձգտում, Իլհամը՝ պատերազմի: Եվ դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ. ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին Ադրբեջանի ագրեսիան վկայում է Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ բացահայտ անտեսման մասին: Բայց Արոյի ընդվզումը, իմ կարծիքով, ոչինչ չի նշանակում: Քանի որ ճանաչելով Նիկոլին՝ կարող եմ պնդել, որ նա անսասան կլինի իր ձգտման մեջ՝ թեկուզ Հայաստանի անկախության, ինքնիշխանության ու իր հաստատած կեղծ ժողովրդավարության կորստի գնով: Ամենաբարձր արժեքների, որ ժողովրդի միամտության շնորհիվ ժառանգություն ստացավ նախկիններից ու մսխեց համարյա թե ամբողջությամբ՝ զրոյացնելով դրանք: Եվ որոնց մասին ճամարտակում է ամենուր ու ամեն պահի: 

Բայց այն, ինչ Արոն հասկացել է հիմա, Հայաստանի գրագետ մարդիկ ասում էին 3 տարի շարունակ: Որ 44-օրյա պատերազմի հաղթանակն Իլհամին դարձրել է այնպիսին, ինչպիսին էր Նիկոլը 2018 թվականի գարնանային իշխանափոխությունից հետո: Եվ եթե դրան գումարենք մեր պատմական հայրենիքի յուրաքանչյուր հողակտորի վրա աչք դնելու՝ ադրբեջանական մարմաջը, ապա պատկերը կամբողջանա: Թուրքիայի աջակցությամբ եւ միջազգային հանրություն կոչված անսեռ ու անդեմ արարածի լուռ հովանավորությամբ (մեկ-մեկ հնչող մտահոգիչ կամ նույնիսկ խիստ հայտարարությունները հաշիվ չեն) գործելով՝ Ւլհամը կհանգստանա միայն երկու դեպքում: Առաջին, երբ ամբողջությամբ կուլ կտա Հայաստանը՝ մեր ժողովրդին դարձնելով տնավեր: Երկրորդ, երբ կուլ տալու փորձի ընթացքում մենք մնանք նրա կոկորդում եւ պայթեցնենք անկուշտ հրեշի մտածողություն ունեցող այդ անձին եւ նրա ղեկավարած երկիրը:  

Վերադառնալով Արոյին՝ արձանագրենք ոչ մեծ, բայց որոշակի ձեռքբերումը: Նիկոլի կամակատարներից մեկը` ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատը, վերջապես համոզվեց, որ այսօր Ադրբեջանի հետ իրական խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությունը ցնորք է, ջանքերը` անիմաստ: Բայց դա, բնականաբար, չի նշանակում, թե Արոն կմիանա գրագետ ու հայրենասեր զանգվածին՝ երկիրն ազգակործան պատուհասի ձեռքից ազատելու պայքարում: Ինքը կշարունակի անել այն, ինչն իրեն հրահանգված է, եւ ինչն արդեն համարում է անիմաստ: Եվ դա բնական է, քանի որ այդ աշխատանքի շնորհիվ ինքը վայելում է բոլոր այն արտոնությունները, որ չուներ նախկինում, համալսարանի շարքային դասախոս լինելու ժամանակ: Կցանկանայի, որ պարոն Արոն, այնուամենայնիվ, տղամարդկություն գտներ իր մեջ ու հրաժարական ներկայացներ ԱԳ նախարարի պաշտոնից: Ու այդ դեպքում շատ փոքր հույս կծագեր, որ նրան կարող են հետեւել ուրիշները: Բայց, ինչպես երեւում է, բնական այդ ցանկությունս ֆանտաստիկայի ոլորտից է: Եվ, ըստ այդմ, Արոյի հանկարծակի պայծառացման ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակիցը) գործնական առումով հավասարազոր է զրոյի:

Ասվածը նշանակում է, որ մենք ոչ թե պետք է ողջունենք Արոյի հանկարծակի արթնացումը լեթարգիական քնից եւ սպասենք այլ արոների՝ գիտակցության գալուն, այլ առաջ տանենք մեր օրակարգը: Նիկոլի բռնապետական իշխանությունից բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանն ազատելու օրակարգը: Որպեսզի, երբ գա ժամանակը, Հայաստանի իշխանությունն Ադրբեջանից ոչ թե խաղաղություն մուրա, այլ՝ պարտադրի այն: Ճիշտ այնպես, ինչպես դա կատարվել է մինչեւ 2018 թվականի՝ արեւմտյան մտային կենտրոնների կողմից ծրագրված եւ նրանց գործակալների խմբակի կողմից իրականացված «գունավոր» իշխանափոխությունը: