Ռուսաստանին պատերազմը հայտարարված է, Փաշինյանը կամավորականներ է հավաքագրում, սպասում ենք հաղթական գործողությունների
Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Ուգանդայի նախագահ Իդի Ամինի գործած սխրանքը գերազանցելու մոլուցքը: Միայն այն տարբերությամբ, որ եթե Ամինը պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ին եւ մեկ օր հետո իրեն հաղթող ճանաչեց այդ պատերազմում, Փաշինյանը որոշել է պատերազմ հայտարարել ու հաղթել Ռուսաստանին: Նա այնքան էլ հեռու չէ այդ հաղթանակից, հենց այսօր կարող է հայտարարել իր հաղթանակի մասին, ի վերջո, Ռուսաստանը վախեցավ արձագանքել Փաշինյանին, ինչը նշանակում է, որ ընդունեց իր թուլությունը եւ պարտությունը:
Փաշինյանի կիրակնօրյա ելույթը շատերը գնահատեցին որպես պատերազմի հայտարարում Ռուսաստանին կամ Ռուսաստանի դեմ երկրորդ ռազմաճակատի բացում: Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանը, որպես դաշնակից, ոչ միայն չի պաշտպանում Հայաստանի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, այլեւ «հայ ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր է դրել», չբավարարվելով մեր արտաքին անվտանգությունը հարվածի տակ դնելով՝ հիմա էլ հարվածի տակ է դնում Հայաստանի ներքին անվտանգությունն ու կայունությունը: Մի խոսքով, Ռուսաստանը բազմակողմանի հարձակում է սկսել Հայաստանի դեմ՝ խնդիր դնելով վերացնել Հայաստանի պետականությունը: Քանի որ Փաշինյանը Ռուսաստանից վախեցող եւ հանձնվող չէ եւ ունի Հայաստանի թշնամիների դեմ պայքարի հարուստ փորձ, նա, իբրեւ երկրի խիզախ առաջնորդ, հայտարարեց «անկախության պաշտպանության շարժում» սկսելու իր որոշման մասին եւ կոչ արեց կանգնել իր կողքին:
Սա կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու եւ զորքահավաք իրականացնելու, կամավորականներ հավաքագրելու կոչ: Արդեն կան առաջին կամավորականները, այդ թվում՝ պանծալի մարտական կենսագրություն ունեցող Դանիել Իոաննիսյանը, Դավիթ Սանասարյանը, Պահպանողականների կուսակցությունը եւ այլ արեւմտամետներ: Կասկած չկա, որ առաջիկայում Փաշինյանի գլխավորած կամավորական ջոկատը պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ ակտիվ մարտական գործողություններ սկսելուն՝ ի պաշտպանություն Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության:
Խորամանկ ու նենգ Ռուսաստանին հաղթելը հեշտ չի լինի, դրա համար Փաշինյանը պետք է որոշակի քայլեր իրականացնի, որպեսզի ռազմական գործողություններից առաջ ամրապնդի թիկունքը եւ թույլ չտա, որ ռուսները հնարավորություն ունենան մեզ անակնկալի բերել: Բնական է, որ Հայաստանն այլեւս չի կարող նույն դաշինքում լինել մեր արտաքին եւ ներքին կայունությունը հարվածի տակ դնող Ռուսաստանի հետ եւ Հայաստանը պետք է դուրս գա ինչպես ՀԱՊԿ-ից, այնպես էլ ԵԱՏՄ-ից՝ չեղարկելով Ռուսաստանի հետ բոլոր պայմանագրերը, այդ թվում՝ Հայաստանում 102-րդ ռազմաբազայի եւ ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված՝ ցանկալի կլինի, որ ընդհանրապես չեղարկվեն թշնամի երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները: Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ օդային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը, բոլոր տիպի առեւտրային գործարքները, այդ թվում՝ սննդամթերքի ներմուծումը․ ի վերջո, նենգ թշնամին կարող է թունավորված սննդամթերք առաքել Հայաստան:
Պետք չէ վախենալ սովի հեռանկարից. ռուսական սննդամթերքին որպես այլընտրանք կարող է լինել թուրքականը` նույն ռուսական ցորենը գնում են նաեւ թուրքերը, իրենց ալրաղացներում աղում, դարձնում ալյուր եւ վաճառում հարեւան երկրներին: Հայաստանը եւս կարող է դառնալ թուրքական ալյուրի եւ այլ սննդամթերքի սպառման շուկա: Մի քիչ թանկ կլինի, բայց կարեւորը` անվտանգ, չէ՞ որ կներմուծվի ոչ թե թշնամի Ռուսաստանից, այլ՝ բարեկամ եւ կարեկից Թուրքիայից: Շտապ պետք է դադարեցնել ռուսական գազի ներմուծումը, քանի որ Ռուսաստանն այդ գազը երկար տարիներ օգտագործել է իբրեւ զենք մեր դեմ՝ սպառնալով մեր արտաքին եւ ներքին անվտանգությանը:
Ռուսական գազի փոխարեն կարելի է պայմանագիր ստորագրել հարեւան եւ բարեկամ Ադրբեջանի հետ եւ ներմուծել այնտեղից: Ճիշտ է` Ադրբեջանի գազը բավարար չէ նույնիսկ Եվրոպայի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար, եւ Ադրբեջանը ռուսական գազ է գնում ու վերաարտահանում Եվրոպա, բայց նույնը կարող է անել նաեւ մեր դեպքում. նույն ռուսական գազն Ադրբեջանից կգա Հայաստան, կրկնակի թանկ կլինի, քան հիմա է, բայց փոխարենը կախված չենք լինի թշնամի Ռուսաստանից, մեր արտաքին եւ ներքին կայունությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը վտանգված չեն լինի:
Բայց հաղթանակի համար միայն սա բավարար չէ. պետք է չեզոքացնել, ավելի ճիշտ՝ ծծմբաթթվի մեջ լուծել բոլոր նրանց, ովքեր չեն միանա Փաշինյանի հայտարարած շարժմանը: Բոլոր չմիացողները կհայտարարվեն դասալիքներ, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության թշնամիներ, Հայաստանում ռուսական հինգերորդ շարասյան ներկայացուցիչներ: Նրանց պետք է ոչ միայն կալանավորել, այլեւ ֆիզիկապես ոչնչացնել, որպեսզի բոլորին պարզ լինի, թե ինչ է լինում նրանց հետո, ովքեր չեն միանում Փաշինյանի շարժմանը:
Ինչպես նախորդ բոլոր պատերազմներում, Փաշինյանից սպասում ենք արագ եւ վճռական գործողություններ՝ հանուն հերթական պանծալի հաղթանակի: Ռուսաստանին պետք է պարտության մատնել, ամեն գնով, թեկուզ՝ Հայաստանի ոչնչացման գնով:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ