ՀՀ սահմանադրության նախաբանը ոչ մի պարագայում չի փոխվի

ՀՀ սահմանադրության նախաբանը ոչ մի պարագայում չի փոխվի

Ամենքս վստահաբար հիշում ենք, որ 2024-ի տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը հերթական հերթապահ թեման նետեց հանրային քննարկումների ասպարեզ՝ Հայաստանում նոր սահմանադրություն ընդունելու մասին։ Ինչպեսեւ արժանի էր՝ գաղափարն ընդունվեց սվիններով կամ ծաղրանքով, երեւի թե չգտնելով ոչ մի համախոհ՝ ՔՊ-ական ուսապարկերից բացի։ Մանավանդ, երբ լրատվադաշտում սկսեց շրջանառվել թեզը, թե փոփոխություն պահանջողն Իլհամ Ալիեւն է։ ՀՀ ԱԳՆ-ն էլ հայտարարեց, թե Ալիեւը թող իր երկրով զբաղվի, ՀՀ սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է։ 
Հասկանալի է, Փաշինյանը եւ իր շրջապատը ոչ այնպիսի մտավոր ունակություններ ունեն, որ կարողանան նոր սահմանադրություն ստեղծել, ոչ էլ Փաշինյանը կարող է դույզն իսկ հույս տածել, թե Հայաստանի ընտրողներն իր գրած սահմանադրությանն «այո» կասեն։ Մեր ժողովուրդը երբեւէ, նույնիսկ  սահմանադրական փոփոխություններին «այո» չի ասել։ Ե՛վ 2005-ին, ե՛ւ 2015-ին հայաստանցի ընտրողները մերժել են հանրաքվեի դրված փոփոխությունները։ Այլ հարց, որ 2005-ին ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի խմբավարությամբ, 2015-ին՝ Սերժ Սարգսյանի, սահմանադրական հանրաքվեների արդյունքները կեղծվեցին։ 2018-ին էլ կեղծարարները հատուցեցին՝ իշխանությունից դուրս շպրտվելով։ Իսկ Փաշինյանի պարագայում ոչ միայն իր կողմից որեւէ սահմանադրական նախաձեռնություն հանրային աջակցություն չի ստանա, այլեւ Փաշինյանը Քոչարյանի կամ Սարգսյանի չափ կեղծարարության մեխանիզմ ու ռեսուրս էլ չունի։ Երեւում է՝ այսքանը Փաշինյանը գիտակցեց, որ մի պահ նոր սահմանադրության թեմայով դատարկախոսելուց հետո լռեց։ Սակայն եթե այս քաղաքական, իրավիճակային հանգամանքները մի կողմ էլ թողնենք, զուտ իրավական առումով Փաշինյանը չի կարող ո՛չ նոր սահմանադրություն ասպարեզ բերել, ո՛չ էլ գործող սահմանադրության որեւէ փոփոխությամբ դրա նախաբանին առնչվել։ Ինչո՞ւ։ 

Նոր սահմանադրության հիմք եւ առիթ գոյություն չունի 

Սահմանադրություններն ընդունվում են գլխավորապես, երբ երկրներն անկախություն են նվաճում կամ վերականգնում։ Հայաստանն այս ճանապարհն արդեն անցել է։ Հայաստանի անկախությունը նվաճվել է երեք տասնամյակ առաջ, եւ ՀՀ սահմանադրությունն էլ այդ հիմքի վրա ստեղծվել ու 1995-ի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունվել է։ Դրանից հետո մենք անկախությոն չենք կորցրել, որ սահմանադրությունը դադարի գործել, ու անկախություն վերանվաճելուց հետո էլ նոր սահմանադրություն ընդունելու հիմք առաջանա։

Նոր սահմանադրություն ընդունելու երկրորդ տարածված հիմքն այն է, երբ երկրում  հասարակարգ, իշխանության աղբյուր է փոխվում, դիցուք՝ միապետությունը լուծարվում է, հռչակվում է հանրապետություն, կամ հակառակը՝ հանրապետական իշխանակարգն է լուծարվում, հաստատվում է միապետական իշխանություն։ Ֆրանսիայի պատմության մեջ, օրինակ, Բաստիլի գրավումից ի վեր մի քանի անգամ միապետությունից հանրապետության եւ հակառակը անցում է եղել։ Եթե Փաշինյանը չի խելագարվել այնքան, որ մտքով անցնի, դիցուք, իրեն հռչակել Հայաստանում իշխանության աղբյուր՝ Հայաստանի ժողովրդի փոխարեն, ուրեմն այս հասարակարգի, իշխանության աղբյուրի փոփոխության հիմքով էլ Հայաստանում նոր սահմանադրություն ասպարեզ բերել հնարավոր չէ։ 
Նոր սահմանադրություն ընդունելու երրորդ եւ վերջին տարածված հիմքը որեւէ երկրում տարիներ տեւող քաղաքացիական պատերազմներից հետո, դրա ավարտը նշանավորելու եւ հասարակական  հարաբերությունների կառուցումը նոր էջից սկսելու համար նոր սահմանադրության ընդունումն է։ Երբեմն այս նույն սցենարն է գործում նաեւ տասնամյակների տոտալիտար, ավտորիտար ռեժիմներից ժողովրդավարության անցնելիս։ Ակնհայտ է, որ այս հիմքն էլ Հայաստանին չի վերաբերում։ Փառք Բարձրյալին, հայ ժողովուրդն իր 4․515 տարվա պատմության մեջ երբեք ներքին քաղաքացիական պատերազմ չի ունեցել։ Որքան էլ հայերը սրամտում են, թե երեք հայ՝ նշանակում է երկու եկեղեցի, երեք կուսակցություն, չորս դպրոց եւ այլն, իրականում դժվար է մեկ այլ ժողովուրդ մատնացույց անել, որ հազարամյակների պատմություն ունենա, 2600-2700 տարվա պետականության պատմություն եւ ոչ մի քաղաքացիական պատերազմ։ Մենք այդ՝ հպարտություն ներշնչող իրականության ժառանգորդն ու կրողն ենք։ Հետեւաբար, եթե Հայաստանի Հանրապետության գոյությունը չի ընդհատվում, իշխանության աղբյուրը մնում է ժողովուրդը, եւ քաղաքացիական պատերազմ էլ չի եղել, ապա նոր սահմանադրություն ասպարեզ բերելու հիմք կամ հիմնավորում գոյություն չունի։ Այսքանը, հուսանք, Փաշինյանի գիտակցությանը հասել է, դրա համար էլ նոր սահմանադրության թեմայով դատարակախոսությունները դադարեցրել է։ 

Մնում է սահմանադրական փոփոխությունների ուղին, որով շարժվում են բոլոր պետությունները, որոնք անկախ են եւ կայուն զարգացում ունեն։ Հայաստանն էլ այդպիսի պետություն է եւ, ինչպես բոլոր մյուսները, կարող է սահմանադրական փոփոխություններ մշակել եւ հանրաքվեի դնել։ Սակայն, ի գիտություն Փաշինյանի եւ ի մեծ դժբախտություն Իլհամ Ալիեւի, Հայաստանի սահմանադրության նախաբանը, որից այդպես վատանում է կովկասյան թաթարների առաջնորդը, անփոփոխելի է։ Եթե նախաբանի անփոփոխելիությունն իր հերթին ապահովում է, որ Ադրբեջանի հետ որեւէ փաստաթուղթ չստորագրվի կամ որեւէ հարաբերություն չհաստատվի՝ դեմարկացիա-դելիմիտացիայից բացի, ապա շատ ավելի լավ։ 

Գործող սահմանադրությամբ վերջակետը դրված է

Իսկ ՀՀ Սահմանադրության նախաբանը եւ հղումն Անկախության հռչակագրին չի կարող փոփոխվել, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2021թ․ ապրիլի 29-ին՝ նախագահությամբ Ա․ Դիլանյանի, կազմով՝ Վ. Գրիգորյան, Հ. Թովմասյան, Ա. Թունյան, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյան, Է. Շաթիրյան, Ա. Պետրոսյան, Ա. Վաղարշյան, կայացրել է ՍԴՈ-1590 որոշում, որի տեքստում 5.2 համարակալման ներքո վերջնական եւ անբեկանելի կարգավիճակով ամրագրված է․ 

«5.2. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Սահմանադրությամբ ամրագրված դրույթները, ըստ դրանց ընդունող սուբյեկտների իրավասության, դասակարգել հետեւյալ խմբերի.
ա) Սահմանադրության նախաբանը, 1-3-րդ եւ 203-րդ հոդվածները՝ որպես Սահմանադրության անփոփոխելի դրույթներ
բ) Սահմանադրության՝ միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող դրույթները՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի բացառիկ իրավազորության ներքո գտնվող սահմանադրական դրույթներ, որոնք թվարկված են Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում
գ) Սահմանադրության՝ նաեւ Ազգային ժողովի կողմից փոփոխվող դրույթներ:

Սահմանադրական դրույթների փոփոխման կարգերի տարբերակման նպատակներն են՝ ապահովել Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրի՝ հայ ժողովրդի սահմանած անփոփոխ դրույթներում ամրագրված արժեքների եւ սկզբունքների գերակայությունը, Սահմանադրության ներքին կայունությունը, Սահմանադրության դրույթների մեկնաբանությունների կանխատեսելիությունը, հնարավոր ներքին կոլիզիաների կանխումը, իսկ դրանց բացահայտման դեպքում՝ լուծումը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության անփոփոխելի դրույթներն այն հիմնարար եւ կենտրոնական առանցքն են, որի հիման վրա եւ շուրջ ձեւավորվել եւ զարգանալու է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը:

5.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության անփոփոխելի դրույթներով նախատեսված սկզբունքների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական որակների, ժողովրդի՝ որպես Հայաստանի Հանրապետությունում իշխանության բացառիկ եւ միակ սուբյեկտի կարգավիճակի, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի սահմանադրաիրավական բովանդակության եւ Սահմանադրության փոփոխություններն ընդունելու հարաբերությունները կարգավորող հատուկ նորմի՝ 202-րդ հոդվածի դրույթների համալիր վերլուծությունից բխում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է համապատասխանի՝
ա) Սահմանադրության փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում՝ Սահմանադրության անփոփոխելի դրույթներին, Սահմանադրության՝ միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող դրույթներին եւ Սահմանադրության այն դրույթներին, որոնք այդ նախագծով չեն փոփոխվում։
բ) Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի միջոցով ընդունվելու դեպքում Սահմանադրության անփոփոխելի դրույթներին եւ Սահմանադրության՝ միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող այն դրույթներին, որոնք այդ նախագծով չեն փոփոխվում»։

Այնպես որ, ՀՀ սահմանադրության նախաբանի եւ Անկախության հռչակագրին արվող հղումի թեման փակված է մեկընդմիշտ։ Դրանք մնալու են այն տեսքով, շարադրանքով եւ խմբագրությամբ, ինչպես կան եւ եղել են 1995-ից ի վեր, որքան էլ Ալիեւը դատարկախոսի կամ գլուխը պատերին խփի։ 

Ինչո՞ւ է Ալիեւը COP-ում դատարկախոսել

Նախ՝ շատ լավ է արել։ Ինչպես երեւանյան ժարգոնում կասեին՝ ՀՀ իշխանություններին հասնում է։ Եթե ՀՀ իշխանություններն այնքան անինքնասեր են ու տխմար, որ փոխարեն միջազգային ամեն ատյանում Ադրբեջանին հակադրվելու, խոչընդոտելու եւ վարկաբեկելու, համաձայնում են, որ ՄԱԿ-ի հովանու ներքո գումարվող համաժողով տեղի ունենա Բաքվում, Ալիեւն էլ լավ է անում, որ ի պատասխան լկտիանում է եւ հարթակն օգտագործում՝ Հայաստանի դեմ բարբաջելու համար։ 

Բայց COP-29-ի նախապատրաստության շրջանակներում Ալիեւի բարբաջանքը ՀՀ Անկախության հռչակագրի եւ Արարատ լեռան թեմաներով հազիվ թե միայն Հայաստանի իշխանությունների հանդեպ ապերախտությամբ բացատրվի։ Առավել հավանական մոտիվացիան Ալիեւի՝ սեփական ֆրուստրացիան հաղթահարելու մղումն է։ Ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ, Իլհամ Ալիեւն ամեն ջանք գործադրել էր, որպեսզի Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձեւաչափով հայտարարություն տարածվի ընդդեմ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ համագործակցության եւ բրյուսելյան հանդիպման։ Սակայն տապալվել էր, ոչ մի քառակողմ հայտարարություն չհնչեց։ Ալիեւը ճարահատյալ սեփական ֆոբիաներն անձամբ բարձրաձայնեց, թե Հարավային Կովկասում նոր բաժանարար գիծ է անցկացվում, եւ Ադրբեջանը մեկուսացվում է։ 

Ճիշտ էլ հասկացել է, միայն թե Ադրբեջանը ոչ թե մեկուսացվում է, այլ Հայաստանի եւ Վրաստանի եվրաինտեգրումից հետո երեք հզոր աշխարհաքաղաքական միավորների՝ ԵՄ-ի, ՌԴ-ի եւ Իրանի միջեւ հայտնված Ադրբեջանն անխուսափելիորեն կլանվելու է։ Իլհամ Ալիեւը գիտակցում է, որ ԵՄ-ի՝ Հարավային Կովկասում հաստատվելուց հետո Ադրբեջանը կկլանվի կա՛մ Ռուսաստանի կողմից, կա՛մ Իրանի։ Թուրքիայի փեշերից կախվելը հազիվ թե նրան փրկի։ Իրադարձությունների այս ընթացքին Ալիեւը ո՛չ ի զորու է խոչընդոտել, ո՛չ էլ խաղաղության պայմանագրի բացակայությամբ կամ չկարգավորված հարաբերություններով Հայաստանի եվրաինտեգրման ընթացքը կասեցնել։ Դրա համար էլ հարեւաններին է փորձել մոբիլիզացնել։ Տապալվել է, այժմ էլ անկարողությունից բարբաջում է։