Ոստիկանի հայացքում տխրություն տեսա, երբ մարդիկ ցրվում էին

Ոստիկանի հայացքում տխրություն տեսա, երբ մարդիկ ցրվում էին

Սովորաբար լրագրողները մեծ երթերի ժամանակ իրենց տեղն են ունենում ու միշտ զրուցում են առանցքային գլուխների հետ։ Ես չեմ ասում, որ դա սխալ է, ճիշտ է, բայց ես միշտ դիրքային այլ պլան եմ ունեցել։ Մոտ կես դար լրատվության բնագավառում եմ ու միշտ իմ տեղը եղել է ոչ թե առանցքային դեմքերի, այլ շարքային մարդկանց կողքին։ Ի՞նչ են նրանք մտածում։ Սիրում եմ նաև ոստիկանների մոտ կանգնել։ Երբեմն «ինձ բարի մայրիկի տեղ դնելով» ազատ զրուցում են իրենց «շեֆերի հետ»՝ մտածելով երևի՝ «անշառ մայրի՜կ ա էլի»։  

Երեկ քարե թիկնահարթակի վրա էի նստել՝ ոստիկանական,  ապակիները բաց, մի մեքենայի դիմաց։  Բացել էի արևային հովանոցս, որպեսզի չնկատեին, թե ինչպես եմ «որսում» ներսից հնչող  ամեն մի բառը։ Մեքենայի ղեկին նստածը խոսում էր հեռախոսով՝ տեսնե՜նք, շա՜տ- շա՜տ են։ Հետո ուզում էր իջնել՝ մեկ անգամ ևս համոզվելու։ Անձրևանոցս իր սուր ճաղերով խանգարում էր դուռը բացել։ Զարմացա նրա քաղաքավարի պահվածքից։ Ժպտաց, ներողություն խնդրեց, որ անձրևանոցս փակեմ ու դուռը բացեց։ Անկեղծ ժպիտ էր։ Ես հասկացա, որ  ուրախ է այդ երթից։ Ուղղակի ուրախությունը նկարված էր դեմքին։  Վերջում, երբ Սրբազանը ասաց, որ պետք է խոսի պատգամավորների հետ և մարդիկ սկսեցին ցրվել, նորից մոտեցա պատուհանը բաց այդ մեքենային։ Նա էլի ինչ որ մեկին զեկուցում էր՝ ցրվում են, շատ քիչ մարդ է մնացել։ Դժվար թե կարողանա էլի այդքան մարդ  հավաքել։ 
Կզարմանաք, եթե ասեմ, որ ես նրա հայացքում մտահոգություն, անգամ տխրություն  տեսա, որ մարդիկ ցրվում են։ Փողը՝ փող, պարգևավճարը՝ պարգևավճար, բայց զոհասեղանին մեծ գին է դրված, որին  շարքային  ոստիկանը դեմ գնալ չի կարող։ Առայժմ։ 

Ինչևէ համոզված եղեք, որ ոստիկանությունը, եթե ամուր կանգնեք, շուտով ճեղք է տալու։ 2018-ի ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը բեմահարթակ էր հանել 11-ամյա մի տղայի ու  խզված ձայնով գոռում էր՝ Սարգիս Թոսունյան, 7-րդ Մասիվից, լսենք նրան, թե ինչ է ասում ոստիկանությանը։ 11- ամյա տղան ռեփ էր կարդում։ Մի քանի տող հիշում եմ․ 
Ոստիկան միացիր, 
Սերժից դու  մի վախեցիր,
Ոստիկան միացիր, 
Մենք քո հետ ենք իմացիր․․․
Հիմա մենք այդ փուլում ենք։  Նիկոլի մերժման փուլում։ 11-ամյա տղան հավանաբար հիմա այն ուսանողների թվում է, ովքեր  մերժում են Նիկոլին։ Փաշինյանը հիշու՞մ է այդ ռեփը, որը հիմա իրեն է ուղղված՝ Ոստիկան միացիր, Նիկոլից մի վախեցիր․․․