Ի՞նչ է իրականում նշանակում հինգերորդ շարասյուն

Ի՞նչ է իրականում նշանակում հինգերորդ շարասյուն

Նորից հինգերորդ շարասյան մասին: 

Իշխող ուժի կողմնակիցները մի «փաստարկ են» բերում, թե ինչու մինչև հիմա իրենց իսկ կողմից մատնանշած հինգերորդ շարասյունը զրկված չէ ֆինանսական, տնտեսական, քարոզչական և քաղաքական ռեսուրսից: 
Իբր, որովհետև Հայաստանն իրավական, ժողովրդավարական պետություն է, քաղաքական ազատություն է և այլն: 
Սրանով մատնում են, որ ընդհանրապես չեն հասկանում ինչից են խոսում: 

Ի՞նչ է իրականում նշանակում հինգերորդ շարասյուն: Դա շատ հստակ տերմին է, այլ ոչ թե սովորական քաղաքական հայհոյանք: Դա նույնը չէ, ինչ, ասենք, մարդուն ասես՝ հիմար: Նույնիսկ նույնը չէ, ինչ՝ գող կամ ավազակ: Նաև սովորական՝ գործակալ չէ: 

Հինգերորդ շարասյուն նշանակում է՝ պատերազմի կամ առճակատման ժամանակ սեփական երկրի դեմ հոգուտ թշնամու աշխատող խումբ: 

Կրկնեմ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ժամանակ: ԹՇՆԱՄՈՒ կողմից: ՍԵՓԱԿԱՆ երկրի դեմ: 
Ոչ ավել, ոչ պակաս: 
Սա ես չեմ հորինում: 
Եթե չգիտենք, ուսումնասիրեք, այս եզրույթի պատմությունը: 

Օրինակ, սովորական գործակալը կարող է ներկայացնել օտար, բայց ոչ պարտադիր թշնամի երկրի շահերը: 
Իսկ հինգերորդ շարասյուն նշանակում է թշնամու բանակի մաս: 

Օրինակ, 1920-ին Հայաստանի դեմ գործում էին՝ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանի ներսում՝ հայ բոլշևիկները: Վերջիններս թշնամու բանակի մասն էին սեփական երկրում: 
Դրա համար հինգերորդ շարասյան վրա չեն կարող տարածվել սովորական իրավական և քաղաքական օրենքները, եթե, իհարկե, այդ տերմինը հասկանալով ենք օգտագործում, այլ ոչ թե թութակի պես կրկնում բաներ, որոնցից տեղյակ չենք, ինչպես մեզանում ընդունված է՝ ինքնիշխանություն, ռուս-թուրքական դաշինք, կապիոտւլյացիա և այլն: 
Հինգերորդ շարասյան հանդեպ տարածվում են այն օրենքները, որոնք գործում են թշնամու և թշնամի բանակի դեմ: 
Սա աքսիոմ է, որը բխում է եզրի սահմանումից: 

Թշնամու զինվորը չի կարող քո երկրում տիրապետել ֆինասնական ռեսուրսների, ունենալ թերթեր, ընտրվել ԱԺ: 
Նրան չեն դիմում՝ հարգելի գործընկերներ դիմալձևով, ինչպես մեր ԱԺ-ում են իրար դիմում: Հարց ու պատասխան չեն անում նրա հետ: 

Ի դեպ նույնը վերաբերում է դավաճան եզրույթին: Եթե մեկը դավաճան է, նրա հետ ԱԺ-ում դիսկուսիաների չեն մասնակցում, նույնիսկ, եթե դիսկուսիաները համեմված են հայհոյանքներով: 

Հայաստանի վերջին երեք տարվա իրավիճակի աբսուրդն այն է, որ միմյանց հինգերորդ շարասյուն, այսինքն՝ թշնամի, և դավաճան կոչողները, իրար հետ միասին կազմում են մեկ քաղաքականդաշտ, իրար մեջ են բաժանել քաղաքական և այլ ռեսուրսային ազդեցությունը, և մեզ էլ միմյանոցվ վախեցնելով խաղից դուրս են մղում:

Հրանտ Տեր-Աբրահամյան