Նույնիսկ Լենինը գիտեր ԼՂ-ի հայկական լինելու մասին․ Պուտինը չքմեղանո՞ւմ է (լուսանկար)

Նույնիսկ Լենինը գիտեր ԼՂ-ի հայկական լինելու մասին․ Պուտինը չքմեղանո՞ւմ է (լուսանկար)

Հայտնի է, որ ռուս ականավոր դիվանագետներից մեկը՝ Գեորգի Վասիլևիչ Չիչերինը, ով 1918 թվականին ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմի տեղակալն էր, 1918-1930 թվականներին՝ ՌԽՖԱՀ (1923 թվականից ԽՍՀՄ) արտգործժողկոմ, ղեկավարել է խորհրդային պատվիրակությունը ռուս-թուրքական և ռուս-հայկական բանակցություններում։ 

Նա, մասնավորաբար, ջանքեր է գործադրել՝ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև, նշել, որ բարեկամական հարաբերությունները խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր են այն պայմանով, եթե Թուրքիայի և հայ ժողովրդի միջև «հաստատվի փոխադարձ սահմանազատում, դադարի փոխադարձ ջարդը...»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրը քննելով՝ Չիչերինը գտնում էր, որ անհրաժեշտ է, որպեսզի խորհրդային Ռուսաստանը վարի «բացարձակ օբյեկտիվ և խիստ անկողմնակալ» քաղաքականություն, պահանջում էր չափավորել խորհրդային Ադրբեջանի նկրտումները Հայաստանի հողերի նկատմամբ։ «Խլել Հայաստանից որևէ մաս և մեր ձեռքով տալ Ադրբեջանին կնշանակեր կատարյալ կեղծ երանգ տալ մեր ամբողջ քաղաքականությանը Արևելքում»։
Չիչերինը չէր բացառում խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, սակայն որոշ պարագաների բերումով, այդ թվում՝ խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր), չհաջողվեց արդար խաղաղություն հաստատել Կովկասում, ճիշտ լուծել տարածքային սահմանազատման խնդիրները։

Ի դեպ, նա 1920թ.-ին նամակ է հղում Լենինին, որի առաջին էջին գրված է.
«Ղարաբաղը(Արցախը) բնիկ հայկական հող է, սակայն հարթավայրերից հայերին դուրս մղելուց հետո այդտեղ հաստատվեցին թաթարները (ազերիներ), ինչի հետևանքով հայերը մնացին լեռներում, իսկ թաթարները՝ հարթավայրերում»։

Մինչդեռ նախընթաց ամիսներին ու առ այսօր ՌԴ պաշտոնական շրջանակները՝ ամենաբարձր մակարդակով շարունակում են խեղաթյուրել իրենց իսկ պատմությունը։ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համարում էր չկարգավորված, սակայն Հայաստանը Պրահայում ճանաչել է այն որպես Ադրբեջանի տարածք։ Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Պուտինի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին թեզերը դեռ 2020 թվականին պարբերաբար լցվում են տեղեկատվական դաշտ։

«Բացարձակ անամոթաբար շուռ են տրվում ՌԴ ղեկավարության խոսքերը, գործողությունները», - ասել է Զախարովան, փոխանակ ինքն ամաչի սեփական պատմությանն անտեղյակ լինելու կամ, որ ամենից հավանականն է, այն դիտավորյալ կեղծելու համար։

Նա հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ տեղեկացնելով, որ այն ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք է բերվել «ջենթլմենական» պայմանավորվածություն՝ ապագա սերունդներին ԼՂ կարգավիճակի որոշման հարցի լուծումը թողնելու վերաբերյալ։ Իսկ 2020 թվականի նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը վերադարձնում էր այն տարածքները, որոնք միջազգային հանրությունը համարում էր ադրբեջանական տարածք։

Ընդ որում, նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, իսկ կողմերը պայմանավորվել են պահպանել ստատուս քվոն։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ խոսնակն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հենց Հայաստանն է Պրահայի գագաթնաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես ադրբեջանական տարածք:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ դրա կազմում գտնվող Ղարաբաղը։ Ավելի ուշ Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումը 2023 թվականի մայիսին և հունիսին Բրյուսելում կայացած գագաթաժողովներին։

Հավելենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «Ռուսաստանը չէ, որ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, Հայաստանն է այն ճանաչել Ադրբեջանի մաս, ընդ որում՝ հայկական կողմը մեզ առանձնապես չի տեղեկացրել նման որոշում կայացնելու մասին»։
Պատմությունն, ինչ խոսք, չի կարելի և հնարավոր չէ խմբագրել․ երբ լռում է մարդկային խիղճն ու բարեկամական զգացումը, կրկին խոսում է պատմությունը՝ քրեստոմատիկ ճշմարտությամբ․ մնում է միայն անսալ ու անհրաժեշտ հետևություններ անել՝ հայ ժողովրդին հերթական կորստի հորձանուտ չնետելու համար։