Քանի՞ օր կտևեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների բանակցությունները

Քանի՞ օր կտևեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների բանակցությունները

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք մեկնարկել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում, կտևեն երկու օր։ 

Այդ մասին հայտարարել է Բայրամովը։ Նա համոզմունք է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար:

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի լավ աշխատել այս երկու օրը, որպեսզի հանգուցալուծում գտնենք դեռևս գոյություն ունեցող խնդրահարույց հարցերի շուրջ»,– ասել է նա։

Բաքվի դիվանագետի պնդմամբ, վերջին բանակցությունների կարևոր տարրը արձանագրություն ստորագրելու փաստն է, որը սկիզբ դրեց հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին: 

Ադրբեջանում, ըստ Բայրամովի, հատուկ ուշադրություն են դարձնում այդ գործընթացին։ Նա նաև նշել է, որ այս պահին համատեղ ջանքերով ականազերծվել են համապատասխան տեղամասերը, հստակեցվել են աշխարհագրական կոորդինատները: Այդ հատվածում գրեթե ավարտվել է սահմանային սյուների տեղադրումը։