Սփյուռքը կանգնած է շարժման կողքին` կասեցնենք Հայաստանի գահավիժումը

Սփյուռքը կանգնած է շարժման կողքին` կասեցնենք Հայաստանի գահավիժումը

«Հրապարակը» զրուցել է ֆրանսաբնակ բժիշկ Լեւոն Խաչատրյանի հետ, ով վերջին տարիներին հաճախ է Հայաստան այցելում, բարեգործական ծրագրերի մասնակցում եւ պատերազմի ժամանակ ու դրանից հետո էլ, որպես բժիշկ, ֆրանսիական պատվիրակության կազմում Հայաստանում էր: 

- Աշխարհի տարբեր ծայրերից սփյուռքյան տարբեր կառույցներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Հանդես են գալիս հայտարարություններով, տարատեսակ ակցիաներով: Սակայն հասարակությունն ուզում է ավելի շոշափելի տեսնել սփյուռքի աջակցությունը, ի՞նչ եք կարծում` այդ քայլերը, հայտարարությունները բավարա՞ր են Հայաստանում քաղաքական եղանակ ստեղծելու համար: 

- Արդեն իսկ այդ հայտարարությունների ի հայտ գալը սփյուռքյան լայն շրջանների կողմից ցույց է տալիս, որ, ինչպես հայրենիքում հասարակությունը սկսում է արթնանալ մահաբեր թմբիրից, այդպես էլ սփյուռքում տեղի է ունենում սթափության, վերածնման պրոցես։ Հույս ունեմ, որ այս ամենը հայտարարությունների մակարդակից կանցնի նաեւ գործնական եւ շոշափելի աջակցման։ Ամենաքիչը, որ կարող են անել սփյուռքի տարբեր շերտերի ներկայացուցիչները, ֆիզիկական ներկայությունն է` Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին եւ, իհարկե, մտավոր եւ կազմակերպչական աջակցությունը նաեւ հեռահար կերպով։ 

- Իսկ մեր սփյուռքահայ հայրենակիցները՝ բոլո՞րն են ընդունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, շարժումը:

- Քանի որ սփյուռքն ինքնին բավականին բազմաբաղադրիչ միջավայր է եւ առանձնապես աչքի չի ընկել իր միասնականությամբ, բնական է, որ այս հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ։ Ճնշող մեծամասնությունը ոգեւորված է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից, ցանկանում է լինել հայրենիքի փրկության շարժման մեջ, շարժման կողքին: Կարծում եմ` առաջիկայում հոսք կլինի: Կան շատ քիչ թվով շրջանակներ, որոնք դեմ են այս շարժմանը, կան շրջանակներ, որոնք չեն կողմնորոշվում: Բայց փաստ է, որ մենք կարող ենք կորցնել մեր երկրորդ հանրապետությունը` մայր Հայաստանը: Ուստի պետք է սթափվեն թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը, թե՛ սփյուռքը:

- Դուք բժշկական ծրագիր եք իրականացնում Տավուշում` նախատեսում եք Իջեւանի ԲԿ-ում վերակենդանացման բաժանմունք բացել: Չե՞ք կարծում, որ Ձեր քաղաքական կողմնորոշումը կարող է հանգեցնել նրան, որ իշխանությունը խանգարի այդ ծրագրերի իրագործմանը: 

- Ես մեկն եմ տասնյակ հազարավոր այն մարդկանցից, ովքեր ունեն հայրենիքի նկատմամբ պարտքի զգացողություն: Իմ գործունեության ընթացքում ունեցել եմ առիթներ՝ շփվելու իշխանության տարբեր օղակների հետ։ Եղել են գիտակից օղակներ, որոնց հետ մենք կարողացել ենք իրականացնել համատեղ՝ բնակչության համար օգտավետ ծրագրեր: Եղել են նաեւ այնպիսի օղակներ, որոնք ցուցաբերել են ոչ միայն չաջակցող, այլ նաեւ խանգարող դիրքորոշում՝ հիմնականում պայմանավորված իրենց ոչ կոմպետենտությամբ, պարզունակությամբ եւ երբեմն՝ նաեւ տգիտությամբ։ Այդ պատճառով ինձ առանձնապես հետաքրքիր չէ, թե ինչ դիրքորոշում կցուցաբերվի իմ աշխատանքի հանդեպ հետագայում, որովհետեւ մեր գործընկերը հայ մարդն է, նաեւ այն իշխանավորները, որոնք հայ մարդու կողքին են։ Չեմ կարծում, թե իմ քաղաքական կողմնորոշումը կկապեն իմ բժշկասոցիալական գործունեության հետ: Չեմ կարծում, թե կիջնեն պարզունակության այդ մակարդակին: Չէ՞ որ վերջինս ուղղված է մարզի առողջապահական եւ սոցիալական ոլորտների զարգացմանը, որից շահելու են շարքային գյուղացին, քաղաքացին, մարզը: