Նախապես ծրագրված սադրանք էր

Նախապես ծրագրված սադրանք էր

Մայիսի 9֊ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին
Երեկ երեկոյան ժամը 21։00֊ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենան Վազգեն Սարգսյան փողոցից մուտք գործեց Հանրապետության հրապարակ և փորձեց սլանալ ժողովրդի մեջ, իսկ ավելի կոնկրետ բեռնատարը գալիս էր դեպի այն հատված, որտեղ կանգնած էին Բևեռի խորհրդի անդամներն ու աջակիցները:

Ցուցարարներին բարեբախտաբար հաջողվեց կանգնեցնել բեռնատարը, և տևական ժամանակ հավաքվածները փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում, ով է վարորդը և ինչ է փորձում անել:

Թեպետ Հանրապետության հրապարակում տեղակայված էին մեծաթիվ ոստիկանական ուժեր, և բեռնատարից մի քանի քայլ այն կողմ կանգնած էին ոստիկանականներ, սակայն նրանք ուշացումով մոտեցան, ձերբակալեցին վարորդին, ապա շտապ օգնության մեքենայով հեռացրին դեպքի վայրից։

Հաշվի առնելով այն, որ ոստիկանության ուղիղ պարտականությունն է ապահովել խաղաղ հավաքների մասնակիցների անվտանգությունը` կանխելով հնարավոր բոլոր սադրանքները, տեղի ունեցածը գնահատում ենք ուժայինների առնվազն հանցավոր անգործություն, եթե ոչ անմիջական մասնակցություն սադրանքին։

Տարակուսանք է առաջացնում, թե ինչպես տվյալ բեռնատարը կարողացավ մուտք գործել հրապարակ և հայտնվել մարդկանց մեջ` չհանդիպելով ոստիկանության որևէ արգելքի, այն դեպքում, երբ հրապարակի բոլոր անկյուններում և ամեն քայլափոխի ոստիկանական կուտակումներ էին (նաև քաղաքացիական հագուստով):

Տեղի ունեցած միջադեպը գնահատում ենք նախապես կազմակերպված սադրանք` ժողովրդին ահաբեկելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար և ինչու ոչ` կազմակերպված մահափորձ` արյունալի հետևանքներով:

Միևնույն ժամանակ վստահ ենք, որ նման կազմակերպված սադրանքներով ռեժիմին չի հաջողվի վախեցնել կամ ճնշել ժողովրդին:

Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող ռեժիմի և նրա բոլոր ուժային կառույցների վրա։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն