Ինչու են Արեւմուտքն ու Ռուսաստանը սիրաշահում Ադրբեջանին, այն էլ՝ Հայաստանի հաշվին

Ինչու են Արեւմուտքն ու Ռուսաստանը սիրաշահում Ադրբեջանին, այն էլ՝ Հայաստանի հաշվին

Ինչու է Ադրբեջանին հաջողվում փոխշահավետ, արժանապատիվ հարաբերություններ հաստատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ, մինչդեռ Հայաստանին երկու կողմն էլ վերաբերվում է որպես մնացորդային երեւույթի, որին օգտագործում են սեփական շահերը սպասարկելու, Հայաստանի հաշվին իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ բարելավելու համար: Արեւմտյան բոլոր պաշտոնյաները ողջունում են Հայաստանի կողմից Ադրբեջանին արվող միակողմանի զիջումները, մինչդեռ դրան դեմ է ամբողջ Հայաստանը: Ինչո՞ւ է Արեւմուտքը սիրաշահում Ադրբեջանին՝ ակնհայտորեն հասկանալով, որ Տավուշում իրականացվող սահմանազատումից օգտվում է բացառապես Ադրբեջանը, իսկ Հայաստանը կորցնողի, նվաստացողի դերում է, Ռուսաստանը հանում է իր զորքերն Ադրբեջանի տարածքից՝ ցույց տալով, որ հարգում է այդ երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, մինչդեռ, երբ խոսք է գնում Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելու մասին, Ռուսաստանի իշխանությունները դա ընդունում են որպես իրենց դեմ իրականացվող թշնամական քայլ:

Ալիեւի հաջողությունն ունի 2 կարեւոր պատճառ: Նախ՝ նա Ադրբեջանում իշխանությունը ժառանգել է հորից եւ ինչ-որ մեկին պարտական չէ՝ իրեն իշխանության բերելու համար: Նա չդարձավ արտաքին ուժերի խամաճիկը՝ պահելով իր արժանապատվությունն ու ինքնուրույնությունը: Իր պաշտոնավարման տարիներին նա ստեղծել է կուռ եւ ուղղաձիգ պետական կառավարման համակարգ՝ իր ղեկավարած երկիրը հնարավորինս զերծ պահելով արտաքին միջամտություններից: Օրինակ, ինչո՞ւ Ադրբեջանում չի ընդունվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք, այն օրենքը, որը հիմա փորձում են ընդունել Վրաստանի խորհրդարանում, իրենց երկիրն օտարերկրյա ազդեցությունից զերծ պահելու համար: Ադրբեջանում նման օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, այն պարզ պատճառով, որ օտարերկրյա ֆինանսավորմամբ ՀԿ-ներն արգելված են, օտարերկրյա ազդեցություն չկա, որ մի հատ էլ այն թափանցիկ դարձնեն: Ադրբեջանում վաղուց փակվել են արեւմտյան ֆոնդերն ու կազմակերպությունները, ոչ մի Սորոսի կամ Էբերտի հիմնադրամ այնտեղ չի կարող գործել, դրամաշնորհներ չի տրամադրել ադրբեջանական ՀԿ-ներին: Ադրբեջանում արգելված են արեւմտյան բոլոր լրատվամիջոցները, այդ թվում՝ ամերիկյան պետության կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը, կարծեմ՝ միայն բրիտանական BBC-ն թղթակցական կետ ունի, այն էլ՝ մեկ լրագրողով, ով ռեպորտաժներ է պատրաստում Ադրբեջանի մշակութային կյանքի մասին: Արեւմուտքը զրկված է Ադրբեջանում գունավոր հեղաշրջում իրականացնելու գործիքներից, չի կարող այնտեղ իշխանության բերել խամաճիկ վարչակազմի եւ նրան թելադրել խաղի իր կանոնները: Դրա համար Արեւմուտքը ստիպված է հաշվի նստել Ադրբեջանի եւ նրա իշխանության հետ եւ սիրաշահել այդ իշխանությանը, այն դեպքում, երբ Հայաստանի իշխանության հետ խոսում է որպես սեփական ենթակաների:

Ադրբեջանի իշխանությունները ոչ թե կեղծ ժողովրդավարություն են կառուցում, այլ համաշխարհային նշանակության ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնում: Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները համատեղ իրականացնում են շատ կարեւոր ենթակառուցվածքային ծրագիր, որը Ռուսաստանի նավահանգստային Սանկտ Պետերբուրգ քաղաքը կապելու է Հնդկաստանի Մումբայ նավահանգստի հետ`Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը: Ապրանքները Սանկտ Պետերբուրգից երկաթուղով պետք է հասնեն մինչեւ Մումբայ, իսկ այնտեղից՝ հակառակ ուղղությամբ: Ռուսները հույս ունեն, որ երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, եւ ԵՄ-ն չեղարկի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, այս ճանապարհը կլինի Հնդկաստանն ու Իրանը Եվրոպային միացնող ամենաարդյունավետ երթուղին:

Իսկ մինչ այդ այն կօգնի, որ Ռուսաստանն առնվազն իր բեռները կարողանա տեղափոխել Իրան եւ Հնդկաստան՝ բեռներ ստանալով այդ երկրներից: Հայաստանի իշխանության արեւմտյան տերերը կարողացան հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվեց մաս կազմել այդ նախագծին՝ տարբեր պատճառներով հրաժարվելով ապաշրջափակել Մեղրիով անցնող երկաթուղին, իբրեւ թե դեմ է միջանցքին, ռուս սահմանապահների կողմից երկաթուղու վերահսկողությանը: Սա նաեւ Ադրբեջանի հաղթանակն էր, որը կարողացավ համոզել Ռուսաստանին, որ կարելի է Հայաստանին դուրս թողնել ծրագրից` ի՞նչ իմաստ ունի 40 կիլոմետրի համար մաքսային եւ այլ ստուգումներ, ավելորդ քաշքշուկ, ժամանակի վատնում, երբ կարելի է երկաթգիծը անցկացնել ուղիղ Ադրբեջանով: 

Արեւմուտքը հիմա փորձում է սիրաշահել Ադրբեջանին, որ Ադրբեջանը նույնպես հրաժարվի մասնակցել Ռուսաստանի մասնակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շահագործմանը: Արեւմուտքն Ալիեւին ասում է՝ ի՞նչ ես ուզում, որ քեզ համար էլի անենք. Արցախն էիր ուզում՝ ստացար, Հայաստանի ստրատեգիական նշանակության ճանապարհին՝ դեպի Իրան, տիրացար, հիմա ուզում ես հողեր Տավուշից, Փաշինյանին կանչեցինք Բրյուսել, համոզեցինք՝ այդ տարածքներն էլ քեզ հանձնել: Էլ ի՞նչ ես ուզում, դու միայն ասա:

Արեւմուտքը Հնդկաստանը Եվրոպային կապելու իր նախագիծն ունի` նավերը բեռը Հնդկական օվկիանոսից բերում են Իրաքի Բասրա նավահանգիստ, որն ամերիկացիների վերահսկողության տակ է, այնտեղից Տիգրիսով՝ Սիրիա, Թուրքիա եւ Եվրոպա: Պատահական չէ, որ ամերիկացիներն իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի այդ հատվածը, իբրեւ թե այդ տարածքում ապրող քրդերին Սիրիայի իշխանություններից պաշտպանելու պատրվակով: Բայց այս երթուղին դուրս է թողնում ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ադրբեջանին: Ադրբեջանը հո Հայաստան չէ՞, որ դեմ գնա իր շահերին եւ դրսի հրահանգով հրաժարվի այնպիսի կարեւոր ենթակառուցվածքային նախագծից, որի իրականացման վրա ինքը միլիարդներ է ծախսել եւ անհամեմատ ավելի շատ կարող է աշխատել:

Արեւմտյան երկրները բազմաթիվ փորձեր արեցին՝ համոզելու Ալիեւին՝ չգնալ Ռուսաստան եւ չհանդիպել Պուտինի հետ, բայց Ալիեւը ցույց տվեց, որ ինքն ինքնաբավ գործիչ է, շարժվում է իր երկրի շահերով, ոչ թե արեւմտյան հրահանգներով: Ալիեւը հասկանում է նաեւ, որ ինքն Արեւմուտքի վրա ազդեցության այնպիսի լծակներ ունի, որ Արեւմուտքը դժվար թե երես թեքի իրենից ու որոշի պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցներն արդյունավետ են, երբ դրանք կիրառում են մեկ երկրի դեմ՝ առավելություն ապահովելով ուրիշների համար: Ալիեւը գիտի, որ հիմա ինքը Եվրոպայի գազի խոշոր մատակարարն է, եւ Արեւմուտքը չի կրակի իր ոտքին՝ հրաժարվելով Բաքվի գազից ու նավթից, այնպես որ՝ կարող է ազատ գործել: 

Երբ մարդն ինքնուրույն չէ եւ գործում է ուրիշի թելադրանքով, նա միշտ խնդիրներ է ունենում, իսկ երբ պետությունն է շարժվում օտարների թելադրանքով, այդ խնդիրները դառնում են ամբողջ երկրինն ու նրա հասարակությանը: Հայաստանի իշխանությունը ձեռնասուն շան նման կանգնած է թաթիկների վրա, պատրաստ կատարել դրսից իջեցված ցանկացած հրահանգ՝ հույս ունենալով, որ այդ ծառայությունների դիմաց վարձահատույց կլինեն: Բայց մի պահ պատկերացրեք, որ դուք կանգնած եք ձեռնասուն եւ վայրի շների միջեւ եւ ընտրություն պետք է կատարեք, թե ում տաք ձեր ձեռքի երշիկը՝ ձեզ փրկելու համար։ Կարծում եմ՝ ընտրությունն ակնհայտ է, մանավանդ որ ձեռնասուն շան մռութին երախակալ կա, իսկ շղթան ձեր ձեռքում է:

Ավետիս Բաբաջանյան