Զինվորականները զգայական շտապողականություն դրսևորեցին․ Միքայել Աջապահյան

Զինվորականները զգայական շտապողականություն դրսևորեցին․ Միքայել Աջապահյան

«Հրապարակի» զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոս Աջապահյանը։

-Երեկ Կիրանցում բնակիչները միջանցք բացեցին, որպեսզի բերետավորները կարողանան դուրս գալ։ Սա դա՞ս կլինի բերետավորներին։

-Բերետավորներին դա դաս լինելու խնդիր չի, որովհետև բերետավորները չեն հեղինակը, իրենց հրամայողներն են հեղինակը։ Դրանց պետք է դաս լինի, ոչ թե բերետավորներին։ Այս բերետավորների միջոցով պիտի դաս լինի իրենց, որ մեր տղաներին՝ բերետավորին դարձնում են թիրախ։

-Իսկ բերետավորներն ընտրության հնարավորություն չունե՞ն։

-Ունեն, բայց դե գիտեք, վերջիվերջո մեղադրելը հեշտ է։

-Այսինքն, իշխանությունները գիտակցված ատելության սլաքն ուղղում են ուժայինների վրա։

-Իրենք թիրախավորում են, ոչ թե դառնում են ատելության թիրախ, այլ ուղղակի ֆիզիկական բռնության թիրախ են դառնում։

-Շարժումը համաժողովրդական դառնալու հույս ներշնչու՞մ է։

-Այո, հիմա 50-50 է հավանականությունը։

-Ի՞նչը կարող է խանգարել։

-Ի՞նչ իմանաս, այդպիսի բաները կանխատեսելով չեն լինում։

-Երեկ պայմանագրային զինծառայողները միացան ակցիային, սակայն առավոտյան տեսանյութով որոշ զինվորականներ հայտարարեցին, որ զղջում են և այլն։

-Հենց սկզբից պետք չէր շահարկել, հետո էլ այդ վիճակին պետք չէր հասցնել։ Շտապողականություն եղավ բոլոր կողմերից, և պետք չէր շտապողականություն ցուցաբերել՝ ոչ պրոպագանդողները պետք է շտապեին, ոչ էլ զինվորականները պետք է շտապեին, իրենք այդպես զգացմունքային, զգայական շտապողականություն հանդես բերեցին։

-Բայց հենց զինվորականների՝ ժողովրդի կողքին կանգնելը չի՞ երաշխավորելու հեղափոխության անխուսափելիությունը։

-Ինչ-որ տեղ այո, բայց դա ստվար մեծամասնության պարագայում, ոչ թե քսան հոգու։ Քսան հոգին եթե միանան՝ իրենք իրենց դնում են հարվածի տակ, ինչպես որ դրեցին։

-Ի՞նչ եք կարծում, այդ տեսանյութի տարածումը բացասաբա՞ր կարող է անդրադառնալ Ձեր նշած մեծամասնության հանդես գալու վրա։

-Չէ, դա կապ չունի, դա այս երկու օրը մոռացվի։ Դա չի ազդի ոչ մի կերպ։

-Կիրանցում ի՞նչ տեսաք։

-Տրամադրությունները բարձր է, նորմալ է ընդհանուր առմամբ, մարդիկ կանգնած են, բայց անշուշտ համահայկական սատարումի անհրաժեշտություն ունեն և այդ համահայկական սատարումը պետք է լինի։

-Ոչ բավարար չափո՞վ է հիմա սատարումը։

-Բավարար է․ պետք է լինի ավելին, քան բավարարը։ Բավարարը դա երեքն է, բավարարից վերև կա լավ, և կա գերազանց։ 

-Հիմա շատ են շրջանառում Ձեր, Բագրատ և Արշակ Սրբազանների նկարները։ Մարդիկ շատ ոգևորված են, որ եկեղեցին և Սրբազանները ակտիվորեն աջակցում են պայքարին։

-Ուրախ եմ, շնորհակալ եմ, թող ավելի ուրախ լինեն և ավելի միանան շարժմանն ու Եկեղեցուն։