Կա Հայրենիքի Զինվո՛ր,  կա Նիկոլի զինվոր   

Կա Հայրենիքի Զինվո՛ր,  կա Նիկոլի զինվոր   

Մեր ժողովուրդն արդեն տեղյակ պիտի լինի ու չսխալվի, թե այս իշխանությունն ինչ մեթոդների է դիմում՝ շարժումը, նախաձեռնությունը, առանձին քաղաքական գործիչների, մեր հերոսներին անվանարկելու համար։ Ձեռագիրը բոլորիդ ծանոթ է և հարկ չկա մեկ- մեկ թվարկել, թե ինչ մեթոդներով է իր ճանապարհին կանգնած մարդկանց չեզոքացնում։ «Տուշոնկաների նկարահանումը» , Խաչատուրովների սերիալը հիշեք ու ամբողջացրեք։  

«Տավուշ հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ստեղծվեց, խեղդիչ մթնոլորտում՝ օդանցք է, փրկության հույս, հայրենիքի մի ամուր հատված թշնամուց պաշտպանելու կամք։ Բայց անկեղծ եղեք՝ դուք չէի՞ք կասկածում, որ այս իշխանությունը կանվանարկի նախաձեռնությունը։  Ոչ թե չէիք կասկածում, այլ րոպե առ րոպե սպասում էիք իշխանության «հարձակմանը»։ Սպասում էիք, բայց ուղղությունը չէիք պատկերացնում։ Հարվածը տարբեր ուղղություններից եղավ։ Բագրատ Սրբազանին անվանարկելը չանցավ,  քավոր մարզպետի, ընկեր ոստիկանապետի «համոզման մեթոդներին» անցավ։  

Դա էլ չբավարարեց,  զինվորներ ներքաշվեցին այս գործի մեջ։ Զինվորները վաղուց թիրախ են այս իշխանության համար։ Երբ հրամանատարին գերագույնն  ասում է ՝ զորքը հետ քաշիր, հողդ մի պաշտպանիր, թշնամուն տուր, զինվորի հալը, հոգեբանությունը  ո՞նց կլինի։ Ոչ թե չարանում, այլ խղջում եմ մեր զինվորին, որ հայտնվել է նման իրավիճակում։ Երեկ Տավուշ հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ պայմանագրային զինծառայողները միանում են իրենց  պայքարին։ Առաջին իսկ պահից հասկանալի էր, որ ,,Նիկոլի զինվորականներից են,, ներմուծվել՝ շարժումը պառակտելու համար։ Ու ամենակարևորը՝ իշխանության կողմից  կրկին զինվորներին անվանարկելու փորձ էր ՝ դա չե՜ք դուք։ Դժվար է ասել՝ քանի հոգի էին ներմուծվել, նրանց զղջման հայտարարություններից կարելի է հասկանալ, բայց որ նրանց մեծ մասը ազնիվ մղումներով էր եկել, դրանում չեմ կասկածում։ Սա զինվորին անվանարկելու Նիկոլի վեց տարվա   ձեռագիրն էր, որը շարունակաբար  ընթանում է․․․ Բարձրաձայնում եմ նրա համար, որ հանկարծ մեր կռվող, պայքարող զինվորից չհիասթափվեք։ Իշխանությունը ոչ միայն հասարակությանն է պառակտել, այլ այդ հասարակության անվտանգությունն ապահովող զինվորին։ 

Կա Հայրենիքի Զինվո՛ր, կա  Նիկոլի  զինվոր։ Հայրենիքի Զինվորն արյան կանչով հողը պահողն է, Նիկոլի զինվորը նրա աթոռը պահողը։