Ովքե՞ր էին Կիրանց եկած զինվորական համազգեստով տղերքը, ինչու՞ նրանցից երկուսը հետ կանգնեցին իրենց քայլից

Ովքե՞ր էին Կիրանց եկած զինվորական համազգեստով տղերքը, ինչու՞  նրանցից երկուսը հետ կանգնեցին իրենց քայլից

Երեկ գիշեր Կիրանցում ոստիկանության կողմից ժողովրդի նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելուց եւ լուսաձայնային նռնակ կիրառելուց հետո Տավուշի պայմանագրային զինծառայողները իջան դիրքերից եւ մոտեցան դեպքի վայրում հավաքված մարդկանց։ Մեկ օր անց ՀՀ քննչական կոմիտեում 2 պայմանագրային զինծառայող հայտարարեցին, թե պահի ազդեցության տակ են մոտեցել, հորդորեցին՝ չքաղաքականացնել։ «Հրապարակը» փորձեց հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել երեկ գիշերը, ինչու՞ այսօր նույն զինվորականները հայտարարեցին, թե մեղմ ասած՝ չեն հասկացել ինչ են արել։ Գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ երեկ ներկա է եղել բախումներին, պատմեց, թե զինվորականներն ինչ նպատակով են միացել ժողովրդին։

«Պայմանագրայինները՝ տեսնելով, որ սեփական ժողովրդի վրա ոստիկանությունը ուժ է կիրառում, կանանց, երեխաներին ինչպես են վերաբերվում, եկան ասացին՝ աջակցում ենք, թույլ չենք տա մեր ժողովրդի վրա ինչ-որ մեկը ուժ կիրառի։ Նրանք տեղացի զինվորական տղերք են, որոնց մտահոգել է այդ վիճակը, եկել էին տեսնեին, թե ինչ է կատարվում։ Ես տղերքին ասացի՝ գնացեք դիրքեր, դուք մեզ սահմանին եք պետք»,-ասաց Մախսուդյանը։

Անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի այսօրվա տեսանյութին, որտեղ նույն զինվորականներն ասում էին, թե պահի ազդեցության տակ են մոտեցել ժողովրդին, Մախսուդյանը նշեց․ «Ես չգիտեմ, թե քննչականում այդ մարդկանց հետ ինչ են արել, գուցե ուժ են կիրառել, որ նման բան են ասել։ Հնարավոր է վախեցել են։ Էլի եմ ասում, ես կողմ չեմ, որ զինվորականները իրենց գործը թողնեն, խառնվեն այլ գործերի։ Իշխանական շրջանակներն ասում են, թե մենք իշխանափոխություն ենք անում, քաղաքական ակցիա է։ Ոչ, նման բան չկա, մարդիկ իրենց հողի եւ ջրի համար են պայքարում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կուսակցական պայքար չէ, հայրենիքի պայքար է»։

Իշխանական որոշ շրջանակներ գրում էին, թե զինվորականները պարտավոր են չմասնակցել քաղաքական ակցիաների, պահել չեզոքություն, ինչպես պահանջում է ՀՀ սահմանադրությունը։ Մինչդեռ 2018թ․-ին իշխանափոխության օրերին, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանի ղեկավարած խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով, միացան Փաշինյանի կազմակերպած ցույցերին։ Իհարկե այս «հերոսության» համար Վաղինակ Սարգսյանը շնորհակալության արժանացավ՝ դեպքերից մոտ մեկ ամիս անց նշանակվելով ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար։

Միհրան Մախսուդյանի խոսքով՝ իշխանականները մոռացության են մատնում այս իրողությունը, որովհետեւ այն ժամանակ զինվորականները միացել էին իրենց կազմակերպած քաղաքական ակցիաներին, որը իշխանությունը վերցնելու համար էր, մինչդեռ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայրենիքը թշնամուց պաշտպանելու, հայրենիքից հող չտալու համար է։ 

Այս օրերին իշխանական պաշտոնյաները, ֆեյքերը, լրատվամիջոցները ակտիվ աշխատանք են տանում շարժման անդամներին հեղինակազրկելու, վարկաբեկելու ուղղությամբ, չխնայելով անգամ Բագրատ Սրբազանին։ Միհրան Մախսուդյանի մասին էլ գրում են, թե Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղավորներից մեկն է նա, որին շուտով կձերբակալեն։ Այս առնչությամբ Մախսուդյանն ասաց․ «Այդ տգետներն ասում են, թե ես եղել եմ 2-րդ բանակային կորպուսի թիկնունքի գծով պետը։ Այդպես չէ, ես կորպուսի շտաբի պետն էի, եւ այդ ժամանակ հոսպիտալում պառկած եմ եղել։ Բանակային կորպուսի շտաբի պետն ի պաշտոնե 13-րդ անձն է կորպուսում, մինչեւ ինձ, 12 պաշտոնյաներ կան։ Ես խոնարհվում եմ մահացած զինվորների առջեւ, բայց ես կապ չունեի այդ հրդեհի հետ։ Թո՛ղ այդ քայլով չփորձեն ինձ հետ կանգնեցնել իմ արդար պայքարից, պիտի պայքարեմ մինչեւ վերջ»,-նշեց նա։