Թաքցրել է սեփական ժողովրդից․ լուծում է եղել

Թաքցրել է սեփական ժողովրդից․ լուծում է եղել

Իշխանությունը վաղուց պիտի համարեր, որ հեռանալու պահն է։ Նա տապալել է ամեն ինչ, նա տապալել է խաղաղությունը 2019 թվականին, երբ որ Մինսկի խմբի համանախագահությունը սեղանին էր դրել մի լուծում, խաղաղ լուծում, որով Քարվաճառն ու Լաչինը մնում էին հայկական վերահսկողության տակ, ԼՂ-ի կարգավիճակը դառնում էր ապագա սերունդների լուծելիք մի հարց, խաղաղապահներ էին գալիս, իսկ ինքը դա չընդունեց, ոչ միայն չընդունեց, այլև թաքցրեց սեփական ժողովրդից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

«2020 թվականի Կապանի իր հայտնի ասուլիսի ժամանակ ինքը ասաց, որ չկա ոչ մի թուղթ քննարկելու։ Սրանով ինքը բանակցություններից հրաժարվեց ու միջազգային հանրության մեջ նախ ստեղծեց բացասական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, երկրորդը, ինչպես ասացի, նա խաբեց իր սեփական ժողովրդին։ 44-օրյա պատերազմը լրիվ իր խղճի վրա է։ Նա տարավ մի պատերազմի, որտեղ մենք ջարդուխուրդ եղանք, ոչ կարգին պատրաստվել էինք այդ պատերազմին ու ոչ էլ հիմա ենք պատրաստ։ Հետո էլ մերժեցին ռուսական կարգավորման պլանը՝ հույս հայտնելով, թե պիտի ստանան արևմտյան կարգավորման պլանը։ Դա էլ տապալվեց։ Այսինքն՝ այդ ամբողջ հաշվարկը հիմարություն էր։ Իսկ այսօր մենք հայտնվել ենք շատ ծանր վիճակում, երբ ռեգիոնում հարցերը լուծում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա նաև հետևանք է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության»,- ասել է նա։