Քրեական վարույթ է նախաձեռնվել անվադողերը ծակելու համար

 Քրեական վարույթ է նախաձեռնվել անվադողերը ծակելու համար

Քրեական վարույթ է նախաձեռնվել այսօր Կիրանց բնակավայրից դեպի Ոսկեպար ընկած հատվածում ցուցարարների փակած ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անվադողը դանակով ծակծկելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից առերևույթ խուլիգանություն)։ Զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։

Պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, որը Երևանի Նորագյուղ բնակավայրի 39–ամյա բնակիչ է, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։