Ազգն իր սրբազանին էր սպասում

Ազգն իր սրբազանին էր սպասում

Ասում էին` ժողովուրդն անտարբեր է իր երկրի հանդեպ: Ասում էին` ի՜նչ անհայրենիք ժողովուրդ դուրս եկանք` ոչ մի բանի համար չենք պայքարում, չենք ընդվզում. Արցախը տվեցին` ոտքի չելանք, Հայաստանն են տալիս` էլի ոտքի չենք ելնում: Ալիեւն ու թշնամու տարբեր խոսափողներ մեզ վիրավորում են, ցինիկ պահանջներ են ներկայացնում` չենք հակադարձում: Մի ցանկություն ունի մեր ժողովուրդը` խաղաղություն ամեն գնով, եւ Նիկոլ Փաշինյանը դա լավ է հասկացել:

Ասում էին` էլ ի՞նչ անի այս իշխանությունը, որ մարդիկ փողոց դուրս գան: Ընդդիմությունն էլ արդարանում էր, թե մարդիկ հակված չեն պայքարի, դրա համար ոչինչ չենք նախաձեռնում. մարդիկ խաղաղ կյանք են ուզում` մի տեղ բացօթյա համերգ ու տոնավաճառ լինի, վազում-մասնակցում են, քեֆերին լիաթոք պարում են, Կասկադի սրճարաններում են օրը մթնեցնում, իսկ իրենց երկրի ապագային անհաղորդ են: Եվ այսպիսի հազար ու մի մեղադրանքներ, ինքնախարազանում, դատապարտում, նսեմացում. մենք ազգ չենք, մեր ազգը պայքարող չի, մենք արժանի ենք նման իշխանության, Նիկոլը կոտրել է ազգի ոգին, պարտվածի հոգեբանություն է ներշնչել: Պարզվեց, այս բոլորը հեքիաթներ են` անկարողների, անընդունակների, պարտվածների, մերժվածների կողմից հորինված: Ազգը, գոնե վերջին ամիսներին, մի կայծի էր սպասում, մի առիթի, մի առաջնորդի, որ դուրս գա փողոց:

Ազգն իր սրբազանին էր սպասում, եւ նա հայտնվեց: Վատ է, իհարկե, որ մեր քաղաքական-հասարակական դաշտն այնքան է ամայացել, որ իր միջից առաջնորդ չի ծնում, եւ ստիպված՝ սրբազանն է ստանձնում առաջնորդի դերը ու պայքարի հանում մարդկանց: Բայց լավ է, որ մեզանում դեռ կան սրբազաններ, եւ կա պայքարի կամք: Մենք դեռ պարտվածների, վախկոտների, թշնամու ողորմածությանը հանձնվածների հասարակության չենք վերածվել: