«Հրապարակ». Փաշինյանին անվստահության նախագծում պետք է ներկայացվի նոր վարչապետի թեկնածուն

«Հրապարակ». Փաշինյանին անվստահության նախագծում պետք է ներկայացվի նոր վարչապետի թեկնածուն

Երկրում ստեղծված իրավիճակի, հնարավոր սցենարների շուրջ զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ:

- Ի՞նչ սցենարներ կարող են լինել, եթե Փաշինյանը կատարի հրապարակի պահանջը եւ հրաժարական ներկայացնի:

- Սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու դեպքում ամբողջ կառավարությունն է հրաժարական տալիս, բայց կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Նոր կառավարության կազմավորման գործընթացը սկսվում է վարչապետի ընտրությամբ: Դա կարգավորված է Սահմանադրության 149-րդ հոդվածով, որը սահմանում է, որ կառավարության հրաժարականն ընդունելուց հետո 7 օրվա ընթացքում ԱԺ խմբակցությունները, այսինքն՝ յուրաքանչյուր խմբակցություն առանձին վերցրած, իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու, որը պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե նման մեծամասնություն ձեռք չի բերվում, Սահմանադրությունը նախատեսում է ընտրության 2-րդ փուլ, եւ այդ ժամանակ առաջադրման իրավունքն ունենում է պատգամավորների 1/3-ը: Եթե 7-օրյա ժամկետը լրանալուց եւ վարչապետ չընտրվելուց հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, եւ այդ ժամանակ էլ հնարավոր չի լինում ընտրել վարչապետ, ապա ԱԺ-ն լուծարվում է, դրանից հետո գնում է արտահերթ ընտրությունների գործընթաց: Մենք նման իրավիճակ ունեցել ենք 2021-ին, երբ Փաշինյանը հրաժարական տվեց, եւ իր մեծամասնությունը դիտավորյալ կերպով իրեն չընտրեց, գնացին արտահերթ ընտրությունների ճանապարհով:

- Այսինքն՝ ՔՊ-ն չի տրոհվում, չի սատարում վարչապետի հնարավոր թեկնածուին, տեղի են ունենում արտահերթ ընտրություններ:

- Այո, հնարավոր է, որ կրկնվի 2021-ի սցենարը: Սա մի տարբերակն է, մյուս տարբերակը․ եթե վարչապետը հրաժարական չի տալիս, ապա Սահմանադրությունը նախատեսում է, որ պատգամավորների 1/3-ը կարող է սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Դա նոր ընթացակարգ է, սահմանված է Սահմանադրության 115-րդ հոդվածով: Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը կարող է ներկայացնել պատգամավորների առնվազն 1/3-ը, եւ պարտադիր պայման է, որ բացի վարչապետին անվստահության հայտնելու որոշումից, այդ որոշման նախագծի մեջ պետք է նշվի, թե ով պետք է լինի այդ վարչապետը: Սա, այսպես կոչված, կոնստրուկտիվ անվստահության քվեն է, այսինքն՝ բավարար չէ, որ պառլամենտում մեծամասնություն լինի վարչապետի դեմ, այլ անհրաժեշտ է նաեւ, որ պառլամենտում լինի նաեւ դրական մեծամասնություն վարչապետի նոր թեկնածուի նկատմամբ: Այսինքն՝ կոնկրետ մեր պայմաններում, եթե Փաշինյանին անվստահություն է հայտնվում, ապա անհրաժեշտ է, որ միաժամանակ ներկայացվի վարչապետի նոր թեկնածուն, եւ նոր վարչապետը պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մեր պառլամենտը բաղկացած է 107 պատգամավորից, այսինքն՝ գործող վարչապետին անվստահություն հայտնելու եւ նոր վարչապետի թեկնածու ներկայացնելու համար անհրաժեշտ է 54 ձայն, եւ քվեարկությունը լինում է միայն մեկը` մեկ քվեարկությամբ որոշում է ընդունվում, եթե 54-ը կողմ է քվեարկում, առ այն, որ հին վարչապետն այլեւս վարչապետ չէ, ընտրվում է նոր վարչապետ:

- Այսինքն՝ ընդդիմադիր խմբակցությունները պետք է աշխատեն իշխող խմբակցության հետ` ապահովելու այդ ձայները:

- Բացի նրանից, որ պետք է աշխատեն իշխանական խմբակցության հետ, այլեւ այդ խմբակցությունից մոտ 20 հոգի պետք է կողմ քվեարկի Փաշինյանի պաշտոնանկությանը, իսկ դրանից առաջ անհրաժեշտ է, որ պառլամենտական փոքրամասնությունն ունենա 1/3, որպեսզի կարողանա առաջադրել վարչապետի թեկնածու եւ այդ որոշման նախագիծը ներկայացնել:

- Մյուս սցենարը` եթե չլինի հրաժարական, եւ այս գործընթացները չհաջողեն, հնարավո՞ր է լեգիտիմ հունի մեջ դնել կտրուկ գործողությունների ճանապարհը` հաշվի առնելով, որ իշխանությունը լեգիտիմ չէ եւ Սահմանադրությանը հակասող գործողություններ է անում` ՀՀ սուվերեն տարածքները զիջելով:

- Հրապարակի պահանջը լեգիտիմ է արդեն բավականին երկար ժամանակ, բայց լեգիտիմությունը չպետք է խառնել լեգալության հետ: Կառավարությունը լեգիտիմ չէ, որովհետեւ ձեւավորվել է 2021թ․ ընտրություններից հետո եւ ամբողջությամբ գործում է իր ընդունած ծրագրին հակառակ, երկիրն ուղղակիորեն տանում է կործանման: Բնականաբար, ՀՀ ցանկացած քաղաքացի ունի լեգիտիմ իրավունք` պահանջելու նման կառավարության պաշտոնանկությունը, բայց թե ինչ սցենարներ կարող են լինել, եթե կառավարության ղեկավարը հրաժարական չի տալիս, կամ եթե պառլամենտական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած` վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը չի ընդունվում, դա արդեն զուտ քաղաքական պրոցեսի արդյունք է: Հնարավոր է, որ մեծ ճնշում լինի, եթե այս շարժումը կարողանա ընդգրկել ավելի մեծ զանգվածներ, եւ այդ ճնշման ներքո իսկապես պառլամենտի մեծամասնությունը հասկանա, որ նման ձեւով կառավարելն այլեւս դառնում է անհնար:

- Իրավապահ համակարգի արձագանքն ինչպիսի՞ն կլինի:

- Մենք տեսնում ենք, որ անհամաչափ մեծ ոստիկանական ուժեր են ներգրավված, ակնհայտ է, որ իշխանությունը խիստ անհանգստացած է այս իրավիճակից, եւ ոստիկանական համակարգը մինչեւ հիմա հլու-հնազանդ ծառայել է Փաշինյանին: Եթե քաղաքական պրոցեսները գնան այնպես, ինչպես պրոցեսի առաջին օրն է, այսինքն՝ ունենանք շատ բազմամարդ Հանրապետության հրապարակ, եւ այն դառնա ավելի կազմակերպված, ինստիտուցիոնալիզացված, հստակ ուղերձներով եւ բացատրությամբ, որ այս իշխանության պահպանումը նշանակում է ՀՀ կործանում, հնարավոր է, որ ավելի բազմամարդ ժողովների հանդեպ ուժ կիրառողների համակարգն ընկրկի եւ չկատարի ապօրինի հրամաններ: Ընդգծեմ, որ խաղաղ հավաքների անցկացման ժամանակ ոստիկանությունն իրավունք չունի ուժ կիրառելու, եւ միջազգային եվրոպական ստանդարտներով՝ իրավունք չունեն նաեւ Հանրապետության հրապարակին մոտ այդքան ցուցադրել ոստիկանական ուժը: Սա միջազգային իրավական ստանդարտների կոպտագույն խախտում է, բայց դա բոլորովին զարմանալի չէ, եթե հիշենք, թե հատկապես 2020թ. պատերազմից հետո այդ համակարգը որքան է ապօրինի գործել: