«Հրապարակ». Վարչապետի թեկնածուի անունը հնչեցնելու պահը կգա այն ժամանակ, երբ Փաշինյանը հրաժարական ներկայացնի

«Հրապարակ». Վարչապետի թեկնածուի անունը հնչեցնելու պահը կգա այն ժամանակ, երբ Փաշինյանը հրաժարական ներկայացնի

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի կողմից այս օրերին առաջնորդվող վերկուսակցական շարժումը, որը սկիզբ առավ Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը թշնամուն հանձնելու ծրագրի պատճառով եւ վերածվեց համաժողովրդական շարժման, երեկ քայլարշավով Տավուշից հասավ Երեւան: Բագրատ սրբազանը եւ մի խումբ մարդիկ օրեր շարունակ քայլում էին դեպի Երեւան, եւ դատելով մարդկանց արձագանքներից՝ այն մեծ համակրանք ու հույսեր է արթնացրել երկրով մեկ: Բայց բոլորը հասկանում են, որ սրբազանն այս փուլի առաջնորդն է, նա վարչապետի թեկնածու չէ եւ քաղաքական պայքարի առաջնորդ չէ: Նախ՝ որովհետեւ ինքը չի ուզում այդ առաքելությունը ստանձնել, նաեւ՝ չի կարող, որովհետեւ երկքաղաքացի է` Հայաստանի եւ Կանադայի քաղաքացի, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնին կարող է հավակնել վերջին 4 տարին միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը: Այնպես որ, ինչ-որ պահից այս շարժումն անխուսափելիորեն պետք է ստանա քաղաքական ձեւակերպում եւ տեղավորվի քաղաքական պայքարի ձեւաչափի մեջ: Սա նշանակում է, որ պետք է պահանջ ներկայացվի Նիկոլ Փաշինյանին` հրաժարական տալու, ինչը եւ երեկ Բագրատ սրբազանն արեց Հանրապետության հրապարակի հարթակից` ժամանակ տալով Փաշինյանին եւ վկայակոչելով նրա խոստումը` դու ասել ես. եթե հրապարակը լցվի, ես հրաժարական կտամ: Բայց զուգահեռաբար պետք է նաեւ վարչապետի միասնական թեկնածու եւ ժամանակավոր կառավարության կազմ ներկայացվի հանրությանը, որը կապահովի անցնցում իշխանափոխություն եւ արտահերթ ընտրությունների կազմակերպում։ 

Ակնհայտ է, որ հենց այդ փուլն է լինելու վճռորոշ` շարժումը չպառակտելու, այն իր բնական եւ տրամաբանական հանգրվանին հասցնելու տեսանկյունից։ Հետեւաբար, գալու է կուսակցությունների հետ բանակցելու, որոշումներ կայացնելու փուլը, ինչը կարող է ներկուսակցական «բազարների» առիթ դառնալ եւ պառակտում մտցնել շարժման մեջ` հիասթափություն առաջացնելով փողոց ելած մարդկանց շրջանում։ Շարժումը կարող է հաջողության հասնել միայն այն դեպքում, եթե դրան միացած տասնյակ քաղաքական ուժերը հետեւեն Բագրատ սրբազանի պատգամներին՝ գերնպատակ ունենալով հայրենիքի փրկությունը, ու որեւէ ուժ, անհատ որեւէ կերպ չկենտրոնանա որեւէ անհատի, անձի, առաջնորդի վրա եւ չփորձի դեռ չխփած արջի մորթին բաժանել: Ըստ էության, նախորդ շրջանում պայքարը ճաք տվեց հենց այդ պատճառով, որ տիտղոսակիր ընդդիմադիրները չկարողացան հաղթահարել իրենց տարաձայնությունները, եւ յուրաքանչյուրը փորձեց ինքն առաջին պլան մղվել` մյուսին հետեւում թողնելով, կռիվ տվեցին պայքարի լիդերության համար, չկարողացան իրար զիջել եւ իրար հետ լեզու գտնել: Ավելին` իրար տակ փորեցին, իրար դեմ աշխատեցին, միմյանց վարկաբեկեցին ու մրոտեցին, հետ քաշեցին իրենց աջակիցներին, ուրախացան «մրցակցի» անհաջողություններով։ 

Ի՞նչ քայլեր են հարկավոր, որ շարժումը հասնի իր բնական եւ տրամաբանական ավարտին՝ հարցրինք 1992-98 թվականներին խորհրդարանի փոխխոսնակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանին, ով ընդդիմադիր հայացքներ ունի, սակայն այս պահին որեւէ քաղաքական ուժի անդամ չէ։ «Սա համաժողովրդական շարժում է, որն ունի քաղաքական նպատակ, քաղաքական պայքարի եղանակներ է ընտրել եւ կարող է այդ զինանոցը հարստացնել, հետեւաբար՝ նրա նկատմամբ մեր վերաբերմունքը կուսակցական առումով պետք է լինի խիստ հանդուրժող, կուսակցությունները մասնակցում, գալիս-լցվում են այս մեծ հոսանքների, շարժման մեջ, բայց այնտեղ կան նաեւ ոչ կուսակցական մարդիկ, եւ նրանք կարող են ավելի շատ լինել։ Հետեւաբար, մարդիկ պետք է հասկանան, որ պետք է կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ ՔՊ-ին հեռացնելու վրա, մնացած բոլոր քաղաքական խնդիրներն ավելի կսրվեն, կբարձրանան, երբ դրան հաջորդեն ընտրությունները։ Հենց ահազանգը տրվեց, որ այսինչ օրը խորհրդարանական ընտրություններ են, շարժումը կսկսի տրոհվել, եւ մարդիկ կգնան իրենց քաղաքական «բնակարանները»՝ կուսակցություններ, պատրաստվելու ընտրություններին»։

Արա Սահակյանի կարծիքով՝ վարչապետի թեկնածուի անունը հնչեցնելու պահն այն ժամանակ պետք է գա, երբ Փաշինյանն արդեն ներկայացնի հրաժարական․ «Հաջորդ վարչապետի թեկնածուի անունը, կարծում եմ, հասունացել է, եւ այն կհնչի»: Ո՞վ կարող է դառնալ շարժման վարչապետի թեկնածուն։ «Գոնե այս անգամ թող լրագրող չլինի»,- կատակեց Սահակյանը։ Ի դեպ, 2018-ին էլ, մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, ոչ ոք չէր ասում, որ Նիկոլ Փաշինյանն է վարչապետի թեկնածուն, եւ միայն ապրիլի 23-ին առաջին անգամ հնչեց՝ «Նիկոլ վարչապետ»:
Մեր հարցին՝ երբ քաղաքական ուժերը գան առաջին պլան, արդյոք շարժումը չի՞ ջլատվի, Սահակյանը պատասխանեց, որ շարժման առաջին իսկ պահից էլ նկատելի են քաղաքական ուժերը։ «Բագրատ սրբազանի աջ կողմից այս քանի օրը քայլում է ՀՅԴ ներկայացուցիչը՝ պատգամավոր, ձախ կողմից՝ նախկին հանրապետական, որը հետո խզել է կապերն այդ կուսակցության հետ, ունի քաղաքական կենսագրություն, որտեղ ինձ համար մութ բաներ կան (նկատի ունի Սուրեն Պետրոսյանին)․․․ այսինքն, արդեն քաղաքական երանգներ կան, ես տեսնում եմ, որ թիկունքում էլ են երեւում այլ կուսակցություններ նույնպես: Կարծում եմ՝ կուսակցություններն այս կամ այն կերպ որոշումների քննարկմանը մասնակցում են, որոշումներ ընդունելու, այսպես կոչված, քաղաքական պլանին մասնակցում են։ Մարդիկ, ովքեր կսկսեն ծամածռվել՝ վայ, սա ի՜նչ գործ ունի այստեղ, սրանից ես զզվում եմ, կամ կենցաղային ֆոլկլորին բնորոշ այլ բռնկումների մեջ կընկնեն, թող նայեն-տեսնեն՝ իրենից ինչ է ներկայացնում ՔՊ-ն․ ե՛ւ 2018-ի ընտրություններին, ե՛ւ 2021-ին իրենց կուսակցական զանգվածն էլ այդքան ստերիլ չէր»,- հիշեցնում է մեր զրուցակիցը։

Նրա գնահատմամբ՝ հանրությունը չպետք է տուրք տա իշխանությունների կողմից դաշտ նետված «նախկինների» քարոզչական թեզին. «Ժամանակն է, որ մարդիկ խելքով մտածեն, Աստված իրենց խելք է տվել ոչ թե կենացներ, ճառեր ասելու համար, այլ մտածելու, իսկ եթե ոչ, ուրեմն թող պատրաստ լինեն իրենց զավակներին նետելու նոր պատերազմի երախը։ Նախկին-ներկա ասպարեզ է բերել իշխանությունը, այս շարժումը կարող էր շատ ավելի շուտ լինել, եթե մեր ժողովուրդը լիներ քաղաքակիրթ ժողովուրդ, նպատակներն առանձնացներ զգացմունքներից, եթե մեր ժողովրդի համար նպատակն ավելի կարեւոր լիներ, 2021 թվականին ձայն չէր տա ՔՊ-ին։ Հիմա տեսեք՝ հայտնի դեմքերը չեն երեւում, ասում են՝ գնացեք, շարժումն արեք, հետո չասեք՝ խանգարեցիք, բայց ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ չի կարող բոլորին մրոտել՝ սա չլինի, նա չլինի, ի վերջո, նույնը եկեղեցու մասին էլ են, չէ՞, ասում՝ եկեղեցին ի՞նչ գործ ունի եւ այլն»: