Նախագահի ու ԱԳ նախարարի միջով «սև կատու է անցել»

Նախագահի ու ԱԳ նախարարի միջով «սև կատու է անցել»

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին քննադատել է երկրի նախագահ Անջեյ Դուդային միջուկային զենքի մասին իր հայտարարության համար։ Այս մասին նա հայտարարել է Polsat հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Գերատեսչության ղեկավարի խոսքով, Լեհաստանի ղեկավարը իրավասություն չուներ քննարկելու երկրի տարածքում միջուկային զենքի հավանական տեղակայման հարցը։ Սիկորսկին նշել է, որ Դուդային այս մասին զգուշացրել են։

Սիկորսկին նշել է նաև, որ նախագահը ներկայացնում է արտաքին քաղաքականությունը, որը ձևակերպվում է Նախարարների խորհրդի կողմից։ Լեհաստանի կառավարությունը Դուդային «խրախուսում կամ լիազորություն» չի տվել խոսելու միջուկային զենքի թեմայով, ընդգծել է նա։

Սիկորսկու պնդմամբ, այդ բարդ հարցերը քննարկվում են ՆԱՏՕ-ի միջուկային պլանավորման խմբում «խիստ գաղտնիության մթնոլորտում»։

Ավելի վաղ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Լեհաստանը պատրաստ է ամերիկյան միջուկային զենք տեղակայել իր տարածքում։ Նա հավելել է, որ ամերիկյան կողմն ուղղակիորեն հարցրել է Վարշավային նման քայլի պատրաստակամության մասին, իսկ իշխանությունները հաստատել են դա։