Ցամաքած գետի վրա կամուրջ չեն սարքում․․․

Ցամաքած գետի վրա կամուրջ չեն սարքում․․․

Իմաստուն խոսք է՝ խորը գետերը լուռ են հոսում։  Խորը գետերը հանդարտ են հոսում։ Փորձենք պատկերացնել մեր ղեկավարներից մեկին, որ հանդարտ, լուռ էր հոսում, բայց իր ուսերի վրա կրում էր մի ողջ ազգի պատասխանատվություն։ Երևի արդեն բոլորիդ աչքի առաջ եկավ մեղմ ժպիտով, հանգիստ ու պարզ խոսքով Կարեն Դեմիրճյանը։ Հիմա հակառակը պատկերացրեք։ Ճղճղացող, փրփուրը բերանին մի ղեկավար, ով եկել է աջ ու ձախ հոխորտալով, սուտ խոստումներ շաղ տալով, ասֆալտին փռելով, «Արցախը Հայաստան է ու վերջ» ասելով․․․ Չշարունակեմ, հազարն էլ դուք կարող եք ավելացնել։ Կա, չէ՞ հավ, որ կչկչում ու ձու չի ածում։ Բայց կա ավելի վատթարը։

Երբ կչկչում, ձու չի ածում, բայց ուրիշի ածած ձվերն է ուտում։ Այլաբանություն է սա, բայց 2018-ից հետո մենք՝ քաղաքացիներս, դրան ենք ականատես։ Ով ինչ «ձու ածել» , ով ինչ արդյունք է ստեղծել, եկավ կչկչացող մեկը, որ ձու չածելով, կերավ եղածը։ Արցախը հանձնեց, Արցախի Բանակը հում ձվի պես խմեց, Արցախը հայաթափեց, արդյունք ստեղծած մարդիկ, ինչ- ինչ չպարզաբանված հանգամանքներում,  թշնամու փակի տակ հայտնվեցին,  Արցախից բակունցյան արնակոլոլ  միրհավի պես  երկու փետուր մնաց փափուկ մամուռների վրա։

Իսկ Հայաստա՜նը դրվեց զոհասեղանին։ Հայաստանի ողբը նո՜ր է սկսվում։ Ինչ հնարավոր է, քանդվեց, ավերվեց՝ և՛ նյութը, և՛ արժեքները, և՛ սերը, և՛ հաղթանակները՝ նույն ճղճղան, սին, փրփրուն  խոսքերով․․․ Գետը իրեն «պատերով է տալիս» , ցամաքած ջուրը սպիտակել, փրփուր է դարձել, արդեն նրա տակից երևում են քարե ծնկներն ու լվացած հողը․․․ Բայց նա վերջին ճիգով փրփուրը խփում է անշնչացած,  «գլուխները լվացած»  անձայն  քարերին ու չի հասկանում, որ ցամաքած գետի վրա մարդիկ կամուրջ չեն սարքում , էլ հույս չեն կապում․․․ Վարդգես Պետրոսյանի խոսքն է։ 2018-ի գետից մնացել է փրփուրը։ Բազմահազարանոց հրապարակից մնացել է մի կիսադատարկ դահլիճ․․․ Դրանք գետի քարերն են, որոնք տարածքից փախչել չեն կարող․․․