Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից

Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի համալիրում Աննա Հակոբյանի այցի ժամանակ ԱԺԲ-ի իրականացրած ակցիան եւ մասնավորապես՝ կտրուկ փոփոխված պահվածքն իշխանության նկատմամբ անակնկալի է բերել շատերին: Ճիշտ է, ԱԺԲ-ն իրեն տեղավորում է ընդդիմադիր դաշտում եւ թեթեւ հակաիշխանական հայտարարություններ է անում, հանրահավաքներ, սակայն ակնհայտ է, որ Բեւեռը պայքարում է ոչ թե Փաշինյանի իշխանության դեմ, այլ՝ ՌԴ-ի: Այս քաղաքական ուժը Հայաստանի բոլոր դժբախտություններն ու պարտությունները կապում է հյուսիսային գերտերության հետ: Իսկ վերջնանպատակը նրա դուրսբերումն է Հայաստանից: Որքան ուժեղացավ փաշինյանականների հակառուսական հռետորաբանությունը, այնքան այս քաղաքական ուժն աստիճանաբար թուլացրեց իր ընդդիմադիր հռետորաբանությունը: ԱԺԲ-ն, լինելով ամերիկամետ քաղաքական ուժ, Հայաստանում իրականում ՌԴ-ի ընդդիմությունն է, ոչ թե Փաշինյանի: Իսկ նրանց կազմակերպած հանրահավաքները միշտ զուգադիպում էին մյուս ընդդիմադիրների՝ «ռուսական ագենտների» հանրահավաքների հետ. դրանք «պատահականությամբ», որպես կանոն, տեղի էին ունենում նույն օրը…

Եվ հանկարծ Ծիծեռնակաբերդում նման կտրուկ հակաիշխանական պահվածք: Շատերը սա համարում են համաձայնեցված բեմականացում: Նման կերպ մտածողները կարծում են, որ ԱԱԾ-ն Աննա Հակոբյանի այցից առաջ պետք է լավ իմանար, թե այդ ժամին որ քաղաքական ուժն է լինելու այնտեղ: Բացի այդ, ուժայինները նախապես «վնասազերծում» են այն տարածքները, որոնցով պետք է անցնեն Փաշինյանն ու իր ընտանիքը: Չեն արել, չեն կանխել, տիկին Հակոբյանն էլ կարծես միտումնավոր իր կրտսեր դստերն էր հետը տարել, իսկ արդյունքում բռնաճնշումների ենթարկվեցին շարքային ԱԺԲ-ականները: Այս բեմականացման նպատակը կարող էր լինել ընդդիմադիրների նկատմամբ ուժայինների կողմից բիրտ ուժի կիրառման լեգիտիմացումը: 

Կա նաեւ երկրորդ վարկած. Փաշինյանն ինչ-որ բանով չի գոհացնում իր ամերիկյան կարգադրիչներին, հանձնարարությունների ժամանակացույցում չի տեղավորվում, ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու գործը դանդաղում է, ուստի պետք է գեներացվեին ընդդիմադիր տրամադրություններ՝ հօգուտ ԱԺԲ-ի:

Ինչեւէ, թե ինչ դիրքորոշում է որդեգրել ԱԺԲ-ն՝ նախկին «Սասնա ծռերը», հավանաբար, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն փաստ է, որ ամբողջ Հայաստանում ընդդիմադիր տրամադրություններ են առաջացել, եւ Հայաստանով մեկ բողոքի մեծ ալիք է բարձրացել, գրեթե այնպես, ինչպես 2018-ին: Այդ ալիքը ձնագնդի նման գնալով մեծանում է: Այլեւս անվերահսկելի է ոչ միայն իշխանության, այլեւ տարբեր ուժերի, այդ թվում՝ ԱԺԲ-ի կողմից: Այն համաժողովրդական է։