Իրականությանը բացարձակ չհամապատասխանող խոսքեր

Իրականությանը բացարձակ չհամապատասխանող խոսքեր

Կարծեմ ԱԺԲ-ականներն էին Ծիծեռնակաբերդում շրջում «Մերժիր գժին» գրությամբ սպիտակ վերնաշապիկներով: Նախորդ հոդվածում արդեն անդրադարձել էի դրան: Բայց կարդալով, այսպես կոչված, քաղաքացու օրվա նիկոլական ուղերձը՝ կրկին հավաստիացա, որ ինքը գիժ չէ: Ինքը նպատակասլաց առաջնորդում է երկիրը դեպի «ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետության» հանգրվանը: Եվ եթե ես լինեի ոչ թե հայաստանցի, այլ, ասենք թե, մարսեցի՝ հայերենի իմացությամբ, ապա «սիրելի ժողովրդին, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներին» ուղղված նրա ուղերձը պետք է համարեի հանց երկնքից թափված մանանա: Ու, դիտելով նախորդ օրերի կադրերը, կզարմանայի, թե ինչ անխելք ժողովուրդ են հայերը, որ չեն ձգտում դեպի երազանք պետությունը: Իսկ հայերից նույնիսկ ոմանք գիժ են համարում իրենց կողմից ընտրված վարչապետին և առաջարկում են մերժել նրան:
Այուամենայնիվ, ես մարսեցի չեմ ու գիտեմ նաև, թե ինչ մակարդակի պոպուլիստ է վարչապետը: Եվ չեմ հավատում նրա արձանագրած այն բանաձևին, թե ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ որ 2018-ին քաղաքացին օծվել է որպես իր երկրի տանտերը: Որովհետև առկա է դրա հակառակը հավաստող ապացույցը: Արդեն երկուսուկես տարի է, ինչ հանրապետության երրորդ մեծ բնակավայրի քաղաքացիների հավաքականության կողմից քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը բանտում է: Վերջինս հայտնվել է այնտեղ, քանի որ տեղի չի տվել իշխող քաղաքական ուժի իշխող ղեկավարի ճնշումներին: Եվ չի հրաժարվել այն մանդատից, որ ստացել էր իր սիրելի ժողովրդի կողմից:

Եվ եթե նախկիների օրոք «փոքր հավաքներում էլիտաներն էին ի զորու որոշելու, թե ով լինի իշխանություն կամ ընդդիմություն», ապա 2018-ից այս կողմ «նման որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն արդեն ունի միայն մեկ սուբյեկտ»: Եվ այդ սուբյեկտը ոչ թե ՀՀ երբեմնի և իրական հպարտ քաղաքացին է, այլ նրան հպարտությունիզ զրկած մեկ այլ անձը՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած Նիկոլը: Բայց որպեսզի երբեմնի հպարտ քաղաքացին կարծի, թե դեռևս ինքն է տան տերը՝ Նիկոլը ապրիլի 27-ին նրան խաբում է տարբեր համայնքներում կազմակերպվող բանախոսություններով և համերգներով:

Ի դեպ, Նիկոլի ուղերձում անընդհատ օգտագործվում է «օծել» հասկացությունը: Կարծում եմ, որ դրա արմատները տանում են ոչ թե դեպի եկեղեցին, որի հետ ինքն անձնական խնդիր ունի, այլ գերմանական Երրորդ Ռեյխի ժամանակները: Երբ քրիստոնեության փոխարեն այդ երկրում փորձում էին ստեղծել նոր կրոն, որի մարգարեն պետք է լիներ Ադոլֆ Հիտլերը: Իսկ որպես առաջնային հավատացյալներ հատուկ ընտրյալ (գերմաներենով ՍՍ` պահնորդական ջոկատներ) երիտասարդներն էին: Բայց այն օրերի Գերմանիայով դա կշռադատված ու լավ մտածված գաղափարախոսություն էր: Իսկ «օծված քաղաքացու» մասին նիկոլական բլեֆն ընդամենը դրա խղճուկ կրկօրինակումն է:

Փաստորեն այդ «օծված քաղաքացին կամ իշխանավոր ժողովուրդն ի ցույց է դրել ինքնիշխան պետություն ունենալու իր կամքը և այդ կամքի կարևորագույն դրսևորումը տարածքային ամբողջականությունն է»: Անկեղծ ասած, ավելի մեծադղորդ ու առողջ դատողությունից հեռու (քիչ մնաց, որ հավատամ նրա գիժ լինելուն) դատարկաբանություն դժվար թե հանդիպած լինեմ: Իսկ եթե վերացարկվեմ բառերի անիմաստ շարանից ու ըստ էության դիտարկեմ ասվածը՝ պետք է ասեմ, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը ենթադրում է հանձնված (Սյունիք) ու հանձնվելիք (Սյունիք) տարածքների պատկանելիություն ՀՀ-ին: Որը հանձնվել (հանձնվելու) է թշնամուն մասնավոր կազմակերպության վիրտուալ քարտեզի հիման վրա՝ թշնամու ճնշումների ներքո: Ճիշտ այնպիսի ճնշումների, ինչպիսին ենթարկվում է ընդդիմությունը (թե՛ մեր և թե՛ թշնամու) սեփական երկրում: 

Դասախոսության, չէ, ուղերձի (սխալվեցի, քանի որ այն խիստ նման է հենց դասախոսության), հաջորդ թեման Սահմանադրությունն է՝ առանց այդ փաստաթղթի անունը տալու: Թե ինչու չի տվել անունը՝ դժվար է ասելը: Երևի, դեռ դրա ժամանակը չէ: Ինչևէ, վերջում հեղինակն անդրադառնում է տանտիրոջ կողմից տան դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու հարցին: Ասելով, որ որևէ մեկը չի կարող իր տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրել առանց դրանք կարգի բերելու: Ի տարբերություն Նիկոլի՝ ես կարծում եմ, որ նախկինների օրոք, որոնց դեմ, ի դեպ, պայքարել եմ երկու տասնամյակ, այդ ամենը կարգի էր բերված: Քանի որ դրանք այն մասերն են, որ տունն առնչվում է արտաքին միջավայրի հետ. այսինքն, ապահովում են անվտանգությունը: Եվ մենք ապրում էինք մեր տանը բացարձակ անվտանգ, նաև համեմատաբար արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ: Որովհետև մեր թիկունքին Արցախն էր, իսկ վերջինիս թիկունքին՝ տարածաշրջանի լավագույն բանակը: Ի դեպ, հենց ինքն է այդպիսին համարել 2020 թվականի ամռանը Սարդարապատում:

Ուրիշ հարց, որ տան հարդարանքն այն չէր, այն չէր նաև կահ-կարասին ու նաև տան անդամների փոխահարաբերությունները: Բայց «2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ» մենք ոչ միայն չկարգավորեցինք մեր հարցերը, այլ, ժողովրդի կողմից ասված, ունքը սարքելու տեղը աչքը հանեցինք: Ու արդեն որերորդ տարին «վայելում» ենք օտարի և հատկապես թշնամու կողմից կառավարվող մեր տան տերը լինելու «հաճույքը»: Ու երբեմնի, իրապես հպարտ քաղաքացուն թշվառ դարձրած՝ լսում ենք մեծ-մեծ, անբովանդակ ու իրականությանը բացարձակ անհամապատասխան արտահայտություններ: