Ո՞վ է «Ավրորայի» այս տարվա մրցանակակիրը

Ո՞վ է «Ավրորայի» այս տարվա մրցանակակիրը

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակակիրների շարքը համալրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն։

Նշենք, որ 2024 թվականի մայիսի 9-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անցկացվել է 8-րդ մրցանակաբաշխությունը։

Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի և հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության և մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Նշվում է, որ շարունակվող հակամարտության և պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:

Դափնեկիրը ստացել է 1 մլն ԱՄՆ դոլար պարգև և այժմ նա կարող է շարունակել նվիրատվությունը` աջակցելով համայնքային առաջնորդներին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:

«Բժիշկ Մուկվեգեն իր կյանքը նվիրել է ոչ միայն սեռական բռնության դաժանությունից տուժած կանանց և աղջիկների խնամքին, այլև անկոտրում պայքար մղել նրանց իրավունքների պաշտպանության համար։ «Ավրորայի» համար պատիվ է աջակցել բժիշկ Մուկվեգեին՝ իր առաքելության իրագործման ճանապարհին, որն է՝ օգնել կարիքավորներին, արդարություն պահանջել պատերազմում սեռական բռնության զոհերի համար»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Հիվանդանոցի ստեղծումից ի վեր բժիշկ Մուկվեգեն և նրա թիմն օգնել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունից տուժած ավելի քան 80.000 մարդու:

«Փանզիում» բուժում են ոչ միայն նրանց ֆիզիկական վերքերը, այլև տրամադրում իրավական աջակցություն, սոցիալ-տնտեսական վերաինտեգրում և սոցիալ-հոգեբանական ծառայություններ: Բժիշկ Մուկվեգեն կանանց պաշտպանության և սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում դեմ է դուրս եկել նաև Կոնգոյի կառավարությանը և Կոնգոյի արևելյան հատվածը պաշարած զինված խմբերին: 2018 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Այս պահին ես մտածում եմ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի զորության մասին, որի օրինակն են այն բազմաթիվ կանայք, որոնց բուժել եմ: Ծայրահեղ բռնության ենթարկվելուց հետո էլ այս կանայք նորից ոտքի են կանգնում և ոչ միայն վերագտնում են իրենց ուժերը, այլև օգնության ձեռք մեկնում կարիքավորներին: Ես հիշում եմ մի հիվանդի, որի դեպքը խորապես ազդել էր մեր ողջ անձնակազմի վրա: Բուժվելուց հետո նա վերապատրաստվեց որպես բուժքույր: Ասաց, որ դա անում է, քանի որ ցանկանում է օգնել իր նմաններին»,- նշել է դոկտոր Մուկվեգեն:

2024 թ. խոշոր հակամարտություններն ի հայտ են բերել զանգվածային կարիքներ. ըստ ՄԱԿ-ի՝ այս տարի մոտ 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք կունենա: Աշխարհում գրեթե յուրաքանչյուր 5-րդ երեխան ապրում է հակամարտության գոտում կամ փախչում այնտեղից:

Ընտրող հանձնաժողովի անդամ և Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնըն էլ ընդգծել է, որ բժիշկ Մուկվեգեն և շատ ուրիշներ իրենց խիզախությամբ և նվիրվածությամբ ոգեշնչում են յուրաքանչյուրին ստեղծելու մի աշխարհ, որտեղ ընդունում են մարդկայնության համընդհանուր արժեքները և գործում դրանց համահունչ: