Բոլոր երկրների անվտանգության երաշխավորն ուժեղ բանակն է, մեզ մոտ՝ սյունը

Բոլոր երկրների անվտանգության երաշխավորն ուժեղ բանակն է, մեզ մոտ՝ սյունը

Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին հասավ Հանրապետության հրապարակ, որին միացել էին հանրապետության տարբեր մարզերից ու քաղաքներից։ 
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանն ասում է՝ ինչպես շատ արցախցիներ, ինքն էլ է միացել Հանրապետության հրապարակում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» հրավիրված հավաքին․ «Ես աջակցում եմ սրբազանին ու բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պետության ապագայի, մեր սահմանների մասին։ Այսօր երկրի վարչապետն ասում է, որ մեր անվտանգության երաշխավորը սյունն է, մինչդեռ բոլոր երկրների անվտանգության երաշխավորն ուժեղ բանակն է, ու ստացվում է, որ հիմա մենք սյունը դնում ենք, բանակը քանդում։ Սա է կատարվում մեր երկրում։ Իմ ակնկալիքն այն է, որ այս ամեն ինչին վերջ դրվի, եւ մենք ի վերջո հասկանանք, որ պետությունը խոստումներով չեն պահում, մարդիկ պետք է աշխատեն, ամեն մեկն իր տեղում ճիշտ աշխատի՝ մտածելով ժողովրդի, պետության մասին։ Ակնկալիքներս այս առումով մեծ են, ընդհուպ մինչեւ այն, որ այս ղեկավարությունը, որն այս 6 տարվա ընթացքում մեր երկրի համար միայն ավերածություններ ու կորուստներ է բերել, պետք է հեռանա, եւ նրանց տեղը գան պետականամետ մարդիկ, ովքեր իսկապես կմտածեն, թե ոնց հզորացնեն մեր երկիրը»։

Վերջին 30 տարիների ընթացքում սա առաջին մայիսի 9-ն է, որ դիմավորում է Արցախից դուրս ու առանց Արցախի։ «Առավոտյան Եռաբլուրում մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհված նահատակներին, ցավալի է այս իրականությունը, ինքս առաջին պատերազմի մասնակից եմ, որում մենք հաղթել ենք, բայց մեր հաղթանակը տվեցին թշնամուն, որովհետեւ մեր հաղթանակը նաեւ վաճառեցին թշնամուն։ Իհարկե, հույսը կա, բայց ավելի դժվար է լինելու, ավելի կորուստներ ենք ունենալու՝ այդքանը վերականգնելու համար, որովհետեւ ավելի հեշտ է հաղթանակը պահելը, քան տալն ու նորից նվաճելը, դրա համար որոշ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որ մեր հաղթանակները վաճառել են»։

Ա․ Հարությունյանն անդրադառնում է սեպտեմբերի 19-ից ի վեր արցախցիների հասցեին հնչող մեղադրանքներին․ «Փողոց ենք դուրս գալիս, ասում են՝ Արցախը պահեիր, ի՞նչ ես այստեղ փողոց դուրս եկել, դուրս չես գալիս փողոց, ասում են՝ ինչո՞ւ դուրս չես գալիս․․․, մի հատ կողմնորոշվեք․․․ արցախցին 9 ամիս կյանքի ու մահու պայքար էր մղում, հիմա ո՞վ է մեզ օգնում կամ այդ 9 ամսվա մեջ ո՞վ է մեզ փորձել օգնել, ճանապարհը բացել, հիմա արցախցիներին ինչ-որ հարցում մեղադրելը ճի՞շտ է։ Այսօր ինքը սյուն է դնում ու ասում, որ մենք չենք կարող նրանց բանակի հետ կռվել, եւ այդ սյունն է մեր երաշխավորը, բա արցախցին ո՞նց պետք է կռվեր ադրբեջանական ու թուրքական բանակների հետ, այն դեպքում, որ ոչ մի բան չկար՝ ո՛չ վառելիք, ո՛չ զենք-զինամթերք, ո՛չ ուտելիք, մենք ո՞նց պետք է կռվեինք։ Արցախցու չափ ոչ մեկը ոչինչ չի արել, այսօր գնացել էինք Եռաբլուր, հազար ներողություն եմ խնդրում, բայց եկած մարդկանցից 10-ից 9-ն արցախցի էր։ Ես մնացի զարմացած, բա մայիսի 9-ն է, իրենց զոհված տղաների համար չե՞ն ուզում ծաղիկ դնել, մայիսի 9-ը մեր հաղթանակների տոնն է, ինչ է՝ արդեն մոռացե՞լ ենք, մոռացել ենք, որ թուրքին չոքացրե՞լ ենք, հիմա ամբողջ ազգն ուզում է թուրքի առաջ չոքի՞։ Միակ ակնկալիքս այն է, որ մեր մեջքն ուղղենք եւ նորից հաղթանակներ տանենք, ու հաղթանակած ազգ լինի, ոչ թե թուրքի առաջ չոքած»։

Իր համար կարեւո՞ր է, թե այս շարժման ընթացքում սրբազանից բացի ուրիշ ինչ քաղաքական ուժեր առաջ կգան։ «Այն առումով է կարեւոր, որ ինչքան շատ ուժեր միանան, այնքան ավելի լավ, ոչ թե տարբերություն դնեն իրար մեջ ու ասեն՝ քեզ չենք ուզում։ Ոչ, ինչքան շատ միանան այս նախաձեռնությանը, այնքան լավ, որովհետեւ սա իսկապես հայամետ ու պետականամետ շարժում է։ Հետո՝ սա «հանուն» եւ ոչ թե ինչ-որ մեկի «դեմ» ձեւավորված շարժում է»։

Արցախի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը եւս աջակցում է շարժմանը, որը Երեւան հասավ մեզ համար խորհրդանշական մայիսի 9-ին. «Մայիսի 9-ը մեզ համար եռատոն է, բայց սա որ եկավ իշխանության, մեզնից բոլոր տոները վերցրեց ու ջնջեց։ Հիմա մենք նորից հույս ու հավատ ունենք, որ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժմանը կմիանան բազմաթիվ հայեր, քանի որ եկեղեցին համահայկական կառույց է, ուստի կարեւոր է նաեւ, որ սփյուռքն անտարբեր չմնա, իսկ այն հանգամանքը, որ այս շարժմանը նաեւ շատ արցախցիներ են մասնակցում, բնական է, որովհետեւ իրենց դժբախտությունների մեջ որպես հիմնական մեղավոր տեսնում են հենց ներկայիս իշխանությանը, եւ հիմա հույս կա, որ ներկայիս իշխանությունը պատասխան է տալու Արցախի ու արցախցիների դեմ իրականացված հանցագործության համար։ Մենք ոտքի ենք կանգնել եւ միանում ենք շարժմանը, որպեսզի կարողանանք հասնել նրան, որ գան ավելի ազգային ուժեր, որոնք ի վիճակի կլինեն նորից մեր պատիվը հետ բերելու, որպեսզի կարողանանք հույս փայփայել, որ մի օր կվերադառնանք մեր հայրենիք, մեր տները»։
Արցախի կորստից հետո ավելի շատ սոցիալ-հոգեբանական գործոններո՞վ է պայմանավորված արցախցիների՝ փողոց դուրս չգալը, թե՞ չեն տեսել այն ուժը կամ առաջնորդին, ում հետ հույսեր կկապեին։ «Ավելի շատ՝ ներքին խնդիրներով պայմանավորված, որոնք խանգարել են մարդկանց դուրս գալ փողոց, որովհետեւ կան արցախցի հեղինակություն ունեցող անձինք, ովքեր անմիջապես կառավարվում են ներկայիս իշխանության կողմից, այսինքն՝ այդ մարդիկ իրենց հեղինակությունը, ազդեցությունն օգտագործում են, որպեսզի այդ ընդվզողների մեջ արցախցիների քանակը քչացնեն»,- նկատում է Ա․ Պետրոսյանը։

Կարեւորո՞ւմ է, թե ուրիշ էլ ինչ ուժեր ու անհատներ են միանալու շարժմանը, եւ դա ինչքանո՞վ կազդի հետագա ընթացքի վրա։ «Դե, մի ծաղկով գարուն չի գա, պետք է այլ մարդիկ էլ լինեն, որոնք պետական կառավարումից հասկանում են, որովհետեւ պետության կառավարման մեջ միայն սերն ու հեղինակությունը բավարար չեն, հոգեւորականն ինչքան էլ իր հեղինակությամբ ժողովրդի սերն է վայելում, բայց պետք է նաեւ լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն պետական կառավարման փորձ եւ կարողանան ձեւավորել ժամանակավոր կառավարություն եւ դրա ձեւավորումից հետո իրականացնեն ընտրություններ, եւ նոր կազմավորված իշխանությունը ստանձնի այդ պարտականությունն ու փորձի այդ մարտահրավերներին առաջ գնալ»։