«Բագրատ Սրբազանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին»․ միջազգային մամուլի անդրադարձը

«Բագրատ Սրբազանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին»․ միջազգային մամուլի անդրադարձը

Երևանում հազարավոր ցուցարարներ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ներն՝ անդրադառնալով Հայաստանում շարունակվող բողոքի ակցիաները։

«Հանրապետության հրապարակում հավաքվել է ավելի քան 20 հազար մարդ։ Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը, քանի որ համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանին սահմանազատում իրականացնելու՝ կառավարության որոշմանը»,-գրում է DW-ն։

Գերմանական պարբերականը նշել է, որ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը (Սրբազանը) խոստացել է կոնկրետ գործողություններ իրականացնել։

«Հազարավոր մարդիկ են հավաքվել Հայաստանի մայրաքաղաքում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, Հանրապետության կենտրոնական հրապարակում սպիտակ հանդերձանքով ելույթ է ունեցել հայտնի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, որը վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի համար մեկ ժամ տալով վերջինիս։ Ժամանակը լրանալուց հետո նաև ևս 15 րոպե է տվել, բայց վարչապետը որևէ կերպ չի արձագանքել»։ Նման հրապարակում է արել է Politoco-ն։

Militiarynews-ն էլ, անդրադառնալով վերջին իրադարձություններին, գրել է․ «արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կոչ է արել մասնակցել խաղաղ անհնազանդության ակցիաներին, եթե Փաշինյանը չհամաձայնի իր պահանջներին»։
«Ընդդիմության առաջնորդը վերջնագիր է ներկայացրել երկրի ղեկավարին»,-գրում են ռուսական մի շարք ԶԼՄ-ներ և հիշեցնում, որ Նիկոլ Փաշինյանն «անլուրջ» է համարել իր հրաժարականի մասին խոսակցությունները։
Հնդկական WION կայքը ևս անդրադարձել է Երևանում ծավալվող իրադարձություններին և գրել․ «Կովկասի ոխերիմ թշնամիները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան երեք տասնամյակ առաջ ԽՍՀՄ փլուզումից ի վեր արյունալի հակամարտության մեջ են։ Իսկ այսօր, երբ Երևանն ու Բաքուն հայտարարել են սահմանազատման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին, Հայաստանի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի ցույցերի են դուրս եկել՝ ընդդեմ սահմանամերձ գյուղերի հանձնման»։