Ադրբեջանական մամուլն առանձնացրել է Բագրատ սրբազանին եւ Համբիկ Սասունյանին

Ադրբեջանական մամուլն առանձնացրել է Բագրատ սրբազանին եւ Համբիկ Սասունյանին

Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ամենայն ուշադրությամբ հետեւում են ոչ միայն ՀՀ կառավարությունում, Բաղրամյան 26-ում, ՔՊ գրասենյակում, այլեւ Ադրբեջանում եւ Եվրոպայում: «Հրապարակը» մոնիտորինգ արեց մի շարք անգլալեզու կայքերում, որտեղ անդրադարձ են կատարել շարժմանն ու Բագրատ սրբազանին։ Բրիտանական հայտնի Telegraph լրատվական գործակալության լրագրող Ջեյմս Կիլներն իր «Հայաստանը՝ Ուկրաինայի դեմ պատերազմում մեծագույն տուժողը՝ շնորհիվ Ադրբեջանի թիկունքը պահող Կրեմլի» հոդվածում անդրադառնում է, այսպես կոչված, սահմանազատման-սահմանագծման գործընթացին ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Հոդվածը լրագրողն այսպես է սկսել․ «Տեղացիներն իրենց դավաճանված են զգում ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից, որոնք, ողջունելով սահմանազատման այս գործընթացը, պատճառ են դարձել, որ այս մարդիկ կորցնեն իրենց տներն ու ծննդավայրը»։ 

Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա ամբողջ հոդվածում հեղինակը խոսում է այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը տապալել իր դաշնակցային պարտավորությունները, սակայն բավականին օբյեկտիվորեն է ներկայացրել տավուշցիների վերաբերմունքը՝ սահմանազատման այս գործընթացին։ Թեեւ գրել է, որ Խորհրդային Միության ժամանակ այս գյուղերը եղել են Ադրբեջանի կազմում, բայց փորձել է հավասարակշռությունը պահպանել` Ալիեւի գործողություններն Արցախում ռեալիստորեն ներկայացնելով։ Հոդվածագիրն անդրադառնում է նաեւ Բագրատ սրբազանին՝ նրան ներկայացնելով որպես տեղացի խարիզմատիկ արքեպիսկոպոս, ով իր սեւ սքեմը հագին՝ փորձում էր հանգստացնել տեղացիներին ու ոգեւորել։ «Տեղի ունեցողն աշխարհաքաղաքական գործընթացներ են։ Ռուսաստանը կեղտոտ խաղեր է խաղում»,- ասել է Բագրատ սրբազանը Տելեգրաֆի լրագրողին։ 

Radio Free Europe-Radio Liberty-ն էլ կիսվել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության քայլերթով եւ կից գրել, որ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ այս շարժումը պահանջում է դադարեցնել սահմանազատման անօրինական գործընթացը, իսկ ՀՀ վարչապետ Փաշինյանը սպառնում է, որ դա կհանգեցնի Ադրբեջանի հետ նոր ռազմական գործողությունների վերսկսման։ 

Իսկ kavkazplus.com ադրբեջանական կայքը, որն ունի նաեւ անգլերեն բաժին, «Էջմիածինը հանդես է գալիս խաղաղության գործընթացի դե՞մ․ եւս մեկ անգա՞մ» վերնագրով հոդվածում նշում է, որ Հայաստանում հերթական ֆենոմենն է գրանցվել։ Հոդվածագիրը շեշտում է, որ հայկական ռեւանշիստական ու ծայրահեղական ուժերը հանդես են գալիս Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի դեմ ու պահանջում են՝ Ադրբեջանին չհանձնել չորս գյուղերը, որոնք հեղինակը «զուտ ադրբեջանական» է որակում։ Պետք է նկատել, որ ադրբեջանական կայքի հոդվածագրի բնութագրումները խիստ նման են ՀՀ ներկա իշխանությունների, այս իշխանության քարոզիչների ու իշխանական քաղաքագետների պիտակավորումներին, կարծիքներին ու վերլուծություններին։ Մասնավորապես նա նշում է, որ շարժման գլխին կանգնած են Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները, ինչը հստակ նշան է այն բանի, որ Էջմիածինը նոր կոնֆլիկտի հրահրման պատճառ է դառնում։ Բացի այդ, նշվում է, որ այդպիսով հայ եկեղեցին միաձուլվում է էքստրեմիստների հետ։ Ադրբեջանցի հոդվածագիրը, անդրադառնալով Բագրատ սրբազանին, գրում է, որ վերջինս, օգտագործելով իր հոգեւոր կարգավիճակը, փորձում է մարդկանց եւ էքստրեմիստներին ուժայինների հետ բախման տանել, բացի այդ՝ իբր նրա հրահանգով մյուս թեմերի առաջնորդներն ու հոգեւորականներն էլ իրենց հետեւորդներով փորձում են միանալ շարժմանը։ Ադրբեջանցի քարոզիչների աչքից չի վրիպել նաեւ այն, որ Լոս Անջելեսում թուրք դեսպանին 1982 թվականին սպանած հայ վրիժառու Համբիկ Սասունյանը եւս միացել է այս շարժմանը։ Ի դեպ, մեկ հետաքրքիր նյուանս եւս․ կարծես թե Ալիեւի կանտորայից նոր տերմին են հնարել՝ «հայ» բառն ասոցացնում են «ահաբեկիչ», «էքստրեմիստ» բառերի հետ, եւ հայրենիքի հանձնման դեմ պայքարող մարդկանց ադրբեջանցի հայատյացը բնորոշում է որպես «հայ տեռորիստներ». Khai terrorist տերմինն է օգտագործում ու հավելում, որ Համբիկ Սասունյանի ազատ արձակումը ժամանակին հայերի կողմից ընկալվել է որպես հաղթանակ, եւ նրան Հայաստանում դիմավորել եւ պատվել են ինչպես իրական հերոսի։ Սրանք մոռանում են, որ հայ սպային քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովն իրենց ազգային հերոսն է:

Հոդվածագիրը նաեւ մեղադրում է Հայ առաքելական եկեղեցուն, թե իբր Մայր Աթոռն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, որ Սասունյանի կողմից թուրք դեսպանին սպանելը Հայոց ցեղասպանության վրեժխնդրության ակտ էր։ Եվ վերջում կիսով չափ մուսուլման, կիսով չափ անաստված այս հոդվածագիրն իր «հեղինակավոր» վերլուծությունն է անում՝ այս ամենն ի մի բերելով եզրակացնում է, որ Հայ առաքելական եկեղեցին ահաբեկչական կազմակերպություն է եւ ոչ մի առնչություն չունի քրիստոնեության ուսմունքի հետ։ Հոդվածն ավարտվում է մեղադրանքներով` ուղղված Բագրատ սրբազանին ու Համբիկ Սասունյանին, թե վերջիններս խանգարում են ադրբեջանցիներին՝ վերադառնալ իրենց տները` Արեւմտյան Ադրբեջան։