Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց

Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց

Այսօր արդեն կարելի է ասել, որ Դիմադրության շարժման ցանած հունդերը ծիլեր են տվել: Նկատի ունեմ շարժման հարթակից քանիցս հնչած կոչն ու հորդորը, որ պետք է ապակենտրոնացնել շարժումը, պետք է տեղերում առանձին խմբերով պահել դիմադրությունը, դիմադրել է պետք, թող ամեն մեկն իր անհնազանդության ակցիան անի, իր փողոցը փակի: Մենք այսօր հենց դրա ականատեսն ենք:

Կեցցե հայ ժողովուրդը, կեցցե պայքարը, կեցցե հայրենիք ու ազգ պահող հարատեւ կռիվը: Այլեւս բավական է, էլ հավատացող չկա իր ապաշնորհությունը ստով ու կեղծիքով շուլալող իշխանություններին, այլեւս ոչ ոք չի վստահում ժողովրդավարության խաբուսիկ շղարշով պատված ՔՊ-ական խունտային, ահագնանում է մարդկային ատելությունն իրենց շահի ու պաշտոնի համար թշնամու առաջ սողացող ազգային խայտառակությունների հանդեպ: Սրանց հեռացնելուց հետո միայն պետք է բացվի լույսը, սրանց գնալով պետք է կանգ առնի պետության խորտակումը: Մնացի՞ն՝ անդունդն ու խավարն են դառնալու հայ ժողովրդի վերջին անկողինը:

Առանձին անուններ արդեն չեն հնչում: Պերմանենտ ձախողումներն այսօր ունեն մեկ անուն՝ դրսից զոռբայությամբ ու փողով նշանակված իշխանություն, որ եկավ խաբեությամբ ի կատար ածելու մեր դարավոր թշնամիների երազանքը՝ Հայաստանը հեռացնել պատմության թատերաբեմից, ջնջել ու տեղը թողնել մի ոչինչ չասող տարածք՝ քոչվոր ցեղերի սերունդներին ի պահ:

Այսօր ասում եմ՝ կեցցե հայ հոգեւոր հովիվը: Մենք արդեն չունեինք պետություն, եւ կրկին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հնչեցրեց տագնապի զանգը, կյանքի, ապրելու եւ պայքարելու կոչնակը: Հող հայրենին չէր կարող լուռ ննջել: Հողը պետք է վառվեր հայրենադավի, ուրացողի, հայ մարդու ազգային ու ընտանեկան արժեքների վրա կեղծ բարեպաշտության դղյակներ կառուցած օտարածին պատեհապաշտների ոտքերի տակ:

Կեցցե մեր ազգի բոլոր նահատակների անմահ հիշատակը, որ իբրեւ ջահ լուսավորեց վերջին հարյուրամյակի պատմության մեր քառուղիները, ու, ցավոք, նորոգվեց 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ծանրագույն զոհաբերումներով: Կեցցեն հեռու աստղերին փարված մեր լույս տղերքը, որ դեռ նոր-նոր պետք սկսեն իրենց զրույցն ապրող ու ապագա սերնդի հետ:

Կեցցե մեր ազգային էլիտան՝ անխառն մտավորականը, խորունկ գիտնականը, ճշմարիտ ուսուցիչը, արվեստի, գրի ու գրականության ոգեղեն մարդիկ, չուծացված քաղաքական ու պետական գործիչները, հայ մարդու իրավունքի ու ազատության անկաշառ պաշտպաները եւ բոլոր նրանք, որ այս դժնդակ տարիներին իրենց ազնիվ էությանը վատություն չխառնեցին ու եղան արժանի իրենց ծնող ժողովրդին: Ես ձեզ ասում եմ՝ անվարան առաջնորդեք այս զարթոնքը… Մեր ժողովուրդը պետք է հաղթի, մեր ժողովուրդը պարտվել չգիտի: