ԱՄՆ Կոնգրեսում կլսվի հայ ռազմագերիների իրավունքները խախտողների նկատմամբ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ Կոնգրեսում կլսվի հայ ռազմագերիների իրավունքները խախտողների նկատմամբ պատժամիջոցների հարցը

Ուրբաթ օրը ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական խումբը ներկայացրել է օրինագիծ, որը պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների, ներառյալ քաղաքական ընդդիմության նկատմամբ բռնի ճնշումների համար: Փաստաթղթի հեղինակներն են կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գազ Բիլիրակիսը։ Սա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին առաջին օրինագիծն է։ Փաստաթղթին միացել են Կոնգրեսի 21 անդամներ։

Օրինագիծը Բայդենի վարչակազմից կպահանջի 180 օրվա ընթացքում որոշում կայացնել 44 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին՝ համաձայն Գլոբալ Մագնիտսկու օրենքի և ԱՄՆ այլ օրենքների:   

Օրենքի նախագծի վերջնական ցուցակում  ներառված է ադրբեջանցի 44 պաշտոնյայի անուն։ Նշված անձինք ներգրավված են մարդու իրավունքների ոտնահարման մեջ՝ լրագրողների, ընդդիմադիր ակտիվիստների և գիտնականների իրավունքների ոտնահարումների:

Օրենքի նախագծի վերջնական տարբերակում անդրադառնում են նաև արցախյան պատերազմին և Ադրբեջանի իշխանություններին մեղադրում հայերի իրավունքները ոտնահարելու մեջ։ «Ադրբեջանի կառավարությունը բոլոր ռազմագերիներին չի ազատել և շարունակում է կալանավորել նոր ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին։ Դրա համար պատասխանատուները նրանք են, ովքեր իրավական պատասխանատվություն են կրում»,-նշված է նախագծում։  

Ցուցակում նշված են նախագահի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, պետական ​​անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, սահմանային ծառայության, քրեակատարողական ծառայության, Բաքվի ծանր դատարանի դատավորների անունները։ Մինչդեռ գլխավոր հանցագործի, սրանց պարագլխի՝ Իլհամ Ալիեւի անունը ցուցակում նշված չէ…