Արևմուտքը հասկացանք, ընկեր Պուտին, բա թյուրքական աշխա՞րհը

Արևմուտքը հասկացանք, ընկեր Պուտին, բա թյուրքական աշխա՞րհը

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ահազանգում, բողոքում, հուշում, սպառնում է, թե հավաքական Արևմուտքը ներխուժել է Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Հայաստան և կամենում է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, թե արևմտյան երկրները «բոբո» են, խաղաղության փոխարեն մահ ու ավեր են բերում (չեմ կարող այս մասով չհամաձայնել)։

Պուտինյան Ռուսաստանի այս թեզը հրապարակ է նետվում բոլոր հնարավոր խողովակներով․ օրերս էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ տեղի ունեցած գերատեսչական կոլեգիայի նիստի արդյունքներով հայտարարություն տարածվեց, որտեղ կրկին ահազանգեցին Արևմուտքի՝ ապակայունացման նպատակով Հարավային Կովկաս ներխուժելու և դրա կործանարար հետևանքների մասին։

Չնայած համընդհանուր ձևակերպմանը, հայ-ռուսական բարդ հարաբերությունների պայմաններում, այս վարկածն ակներևաբար մի կետի է խփում միայն՝ ՀՀ ներկայիս իշխանություններին, որոնք որդեգրել են եվրաինտեգրման ու արևմտյան կողմնորոշման ուղեգիծը։ Ռուսական ակնարկի, եթե չասենք՝ շանտաժի հիմքում ոչ այլ ինչ է, քան Երևանին բաց տեքստով նախազգուշացումը։ 

Վրաստանը, որ ԵՄ թեկնածու-անդամի կարգավիճակ ունի և զուգահեռաբար ընթանում է արևմտյան արահետներով, հաստատապես Կրեմլի թիրախում չէ։ Ներկայում, ճիշտ է, Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձի խնդիր ունեցող Թբիլիսին, չեզոք հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, բայց այդ երկրի պաշտոնական շրջանակները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինայի պատերազմի հարցում երրորդ ճակատ չեն բացելու ՌԴ-ի դեմ՝ հաշվի առնելով երկկողմ շահերը, թեկուզև՝ տնտեսական։ Դրա համար, ի դեպ, Վրաստանի կառավարությունը մշտապես քննադատության է արժանանում Կիևի ռեժիմի կողմից։ Ավելին, Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ թեժ քննարկումները ցույց տվեցին, որ իշխող կուսակցությունը հաստատակամ է օրենսդրական նախաձեռնությունն անցկացնելու՝ չնայած նույն Եվրոպայի ու ԱՄՆ-ի բացահայտ քննադատությանն ու պատժամիջոցների մասին ակնարկներին։ Վրացական ընդդիմադիր շրջանակները, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հիշյալ օրինագիծը ռուսական են համարում։ Այլ կերպ ասած՝ Արևմուտքն ու Եվրոպան Վրաստանին մեղադրում են ռուսամետության մեջ, ինչն արժանահավատ է դարձնում մեր այն պնդումը, թե ՌԴ ԱԳՆ-ի վերջին ձևակերպումների հասցեատերը Թբիլիսին չէ։

Վստահաբար, այդ հասցեատերը նաև Բաքուն չէ, որի հետ Մոսկվան ռազմավարական դաշնակցություն է կառուցել, վերջերս էլ Ռուսաստան էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար։ Երկուստեք հնչեցին սիրաշահող խոսքեր, բարեկամության ու եղբայրության մասին հավաստիացումներ։ 
Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները նույնպես ջերմ ու գործընկերային են, այնպես, ինչպես՝ թյուրքական աշխարհի՝ ասիական տարածաշրջանի մի շարք երկրների հետ (Թուրքմենիստան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և այլն): Ասել է թե՝ Կրեմլում բարեկամական են համարում թյուրքական աշխարհի ներկայացուցիչներին, որոնք սերտորեն դաշնակցում են նույն Ադրբեջանի հետ։ Հիշեցնենք միայն, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այս երկրների ղեկավարներն առաջիններից էին, որ «սրտանց շնորհավորեցին Ալիևին պատմական հաղթանակի ու արդարության վերականգնման կապակցությամբ»։ Ավելին, ղազախական, ղրղզական մի շարք ընկերություններ Արցախի օկուպացված շրջաններում զբաղվում են ակտիվ բնակարանաշինությամբ, դպրոցական և այլ օբյեկտների կառուցմամբ։

Եվ, ահա, տրամաբանական հարց է ծագում, ընկեր Պուտին, եթե այդքան ու այդպես գուժում, ահազանգում եք Արևմուտքի՝ Հարավային Կովկաս ներխուժման ու դրա անդառնալի հետևանքների մասին, ինչու՞ ձայն չեք հանում թյուրքական աշխարհի՝ մեր տարածաշրջանում հաստատուն ամրապնդման և ակնհայտ էքսպանսիայի մասին, թե՞ Հայաստանին նկատողություն անելու համար, վերջնագրի լեզվով խոսելու համար ինքնաարդարացման նոր վարկած եք մշակել։ 

Չեմ կարծում, որ այս ամենին քաջատեղյակ չեք, չեմ էլ բացառում, որ թյուրքական աշխարհի ուժեցող հեղինակության դեմ անզորությունից եք նրանց հետ լավ հարաբերություններ կառուցում՝ միաժամանակ թիրախավորելով Հայաստանը, որի իշխանություններն, անշուշտ, մեծապես նպաստել են այս գործընթացի զարգացմանն ու լայնորեն դուռ են բացել ոչ միայն Արևմուտքի, այլև թուրք-ադրբեջանական տանդեմի ու առհասարակ թյուրքական աշխարհի դեմ։ Բայց սա այլ հարց է։