Իշխանական քարոզիչները ինչ ստեր ասես ներկայացնում են, մի հավատացեք

Իշխանական քարոզիչները ինչ ստեր ասես ներկայացնում են, մի հավատացեք

Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալված Մարտական Եղբայրության անդամներ Մասիս Շիրոյանը, Արամայիս Աղաբեկյանը, Գոռ Ասատրյանը, Հենրիկ Մկրտչյանը, Հովսեփ Ղազարյանը և Հրանտ Տեր-Աբրահամյանը անցած գիշեր ազատ են արձակվել։ Նրանք ձերբակալվածի կարգավիճակում էին և նրանց մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ Եղբայրության անդամ Արման Պետրոսյանի նկատմամբ ընտրվել է կալանավորում խափանման միջոցը 1 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության կատարման հատկանիշներով:

«Հրապարակը» զրուցել է Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ:

- Ազատ ենք արձակվել: Այս պահին, ինչպես գիտեք, պատերազմների մասնակից Արմանն է կալանավորված, մյուս վեցս ազատ ենք արձակվել: 72 ժամը լրանալուն պես մեզ ազատ են արձակել:

- Իսկ ի՞նչ հիմքով էին ձեզ բերման ենթարկել:

- Ոչ մի: «Օրինապահ» երկրում ենք ապրում, նորմալ է: Ընդ որում` մեծ մասը նրանցից դեպքի վայրում չեն էլ եղել: Որպես մարտականի անդամ բերման են ենթարկել: Երբ իմացան` միջադեպ է եղել, մարդիկ պարզապես եկել են մեզ տեսակցելու ու նրանց էլ մեզ հետ միասին` 72 ժամ, հենց այնպես փակեցին:

- Երկրապահի անդամը փաստացի մեքենան քշեց ձեզ վրա ու ինքն ազատության մեջ է, փոխարենը դուք բերման ենթարկվեցիք:

- Դե, «իրավապաշտների» երկիր է: Անգամ նրան բերման չեն ենթարկել, այո: Ավտոյի վրայից թռչողը, մարդկանց վրա ավտոմեքենա քշողը` կոթեցի Յուրան` Յուրա Հարությունյանը, երեկ չէ առաջին օրը նորից միջադեպի կիզակետում է հայտնվել: Չի հանգստանում, անընդհատ գնում է մարդկանց սադրելու: Այսօր էլ քննչականում մի քանի նոյեմբերյանցի տղայի հանդիպեցի, ովքեր ձերբակալվել են` պայքարի համար: Ի դեպ` Գառնիկ Դանիելյանին հարվածելն էլ փորձում էին մեր գործունեության հետ կապել: Ուզում են ասել` դրանում մենք ենք մեղավոր: Այնպիսի անորոշ ձևակերպումներ, որոնք միայն իրենց համար են հասկանալի: Ես չգիտեմ, թե ինչ է եղել Գառնիկի հետ կապված: Մարդիկ դժգոհ էին, որ այդ օրը ճանապարհը բացվեց, բայց ամեն դեպքում մենք դրան չենք խառնվել: Կոպիտ ասած` մեզ չի վերաբերում: Մի խոսքով` ում ինչում հասցնում` մեղադրում են, առանց հասկանալու:

- Իսկ ի՞նչ է արել կալանավորված Արման Պետրոսյանը:

- Նա ի սկզբանե փորձում էր կոթեցի Յուրային հանգստացնել: Հարգալից էր խոսում հետը, վիդեոներում էլ հստակ երևում է, սակայն անընդհատ սադրում էին: Ոստիկաններն իբր կանգնած են, բայց ոչինչ չեն անում: Իսկ այդ երկրապահ կոչվածները սադրում են, ավելորդ բաներ խոսում, հայհոյում: Չգիտեմ, թե ինչու հենց Արմանը կալանավորվեց, հավանաբար վիդեոների մեջ ավելի շատ ինքն էր երևում:

- Հաջորդիվ ի՞նչ գործողություններ, քայլեր եք իրականացնելու:

- Նոր ենք քննարկում, տղերքով նոր ենք հավաքվում, քիչ առաջ ենք վերցրել բջջային հեռախոսները: Այն, ինչ Նոյեմբերյանի ժողովրդի հետ պայմանավորվել ենք, անելու ենք, բայց դա չի նշանակում, որ մեր խնդիրը միայն Նոյեմբերյանն է: Այս խնդիրը ողջ երկրի խնդիրն է:

- Ի՞նչ եք պայմանավորվել նոյեմբերյանցիների հետ:

- Պայմանավորվել ենք, որ ինչքան դուք պայքարեք, մենք մեր համեստ ռեսուրսներով կաջակցենք ձեզ: Այնպես են ներկայացնում, որ տեղի ունեցածի կազմակերպիչը բացառապես մենք ենք, ինչն իրականում հաճելի է լսել, սակայն դա այդպես չէ: Մենք մեծ հաշվով շարքային ցուցարարներ ենք եղել: Ու ոչ մեկս կուսակցական չենք: Անգամ մեզ դաշնակցականների հետ են փորձում կապել: Կատարյալ սուտ: Ինձ էլ ասացին` բա գիտե՞ս էնտեղ դաշնակցականներ են: Գիտեք ինչ` այսօր ինձ համար միևնույն է` ով է դաշնակցական, ով հնչակ: Եթե ճիշտ բանի համար են պայքարում, լավ է, այնուամենայնիվ այնտեղ ոչ մի կուսակցական բան չկա: Այնտեղ հավաքված է տեղի ժողովուրդը: Հիմար պիտի լինես չհասկանալու համար, որ մարդկանց պայքարը ազնիվ է, ոչ մի կուսակցական շահ չկա: Երբ փորձեցին ուժ գործադրել ժողովրդի դեմ, մենք ուղղակի պաշտպանեցինք մեր ժողովորդին: Բա մարդկանց վրա վիլիս են քշում, ի՞նչ անեինք: Պարզ է, որ իշխանական քարոզիչները ինչ ստեր ասես ներկայացնում են, բայց վստահեցնում եմ ձեզ. տեղի ժողովուրդը անկուսակցական է, պայքարում է իր գյուղերի համար:

- Բաքվի բռնապետ Ալիևը կրկին հոխորտացել է: Նա ասել է, որ շատ գոհ է, որ տեղի ունեցող պրոցեսներում չկա երրորդ կողմի ներգրավվածություն: Եթե մի բանից Ալիևը գոհ է, պարզ է, որ դա Հայաստանի շահերի դեմ է: Ի՞նչ կասեք այս մասով:

- Նախ ասեմ, որ ես ադրբեջանական քարոզչությանը հետևում եմ ամենօրյա ռեժիմով: Արդեն հասցրել եմ ադրբեջաներեն սովորել: Մարդիկ չեն հասկանում ինչ ասել է առանց միջնորդի: Երբ ադրբեջանական կողմը նկատի ունի առանց միջնորդի, դա նշանակում է` Ռուսաստանը ներառյալ: Սա իրենց քարոզչական լեզուն է: Առանց միջնորդի` Ադրբեջանը նկատի ունի ռուսների հետ: Մեր դմբոները թող չուրախանան, որ ռուսները ձեռքերը լվացել են: Ադրբեջանն ասում է սահմանազատում կոչվածը կարող է խաղաղության հիմք լինել, կատարյալ սուտ: Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել, խոսում է անգամ Հայաստանի Անկախության հռչակագրի փոփոխության մասին: Հաջորդը Սյունիքի հարցն է լինելու: