Մենք բառադիության, պատեհապաշտության, անզորության, չիմացության, տգիտության հետ գործ ունենք

Մենք բառադիության, պատեհապաշտության, անզորության, չիմացության, տգիտության հետ գործ ունենք

Հարցազրույց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ

- Պարոն Շահնազարյան, երկրի ղեկավարն անընդհատ նշում է, որ պատմական Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում իրական Հայաստանի համար, եւ դրանք համատեղելի չեն: Ավելին, պարբերաբար հայտարարում է, այդ թվում՝ այսօրվա ցեղասպանության ուղերձում, թե՝ «Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետեւ գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ եւ մեղր է հոսում»: Ինչո՞ւ է վարչապետն իր խոսքում մշտապես իրար հակադրում պատմական ու իրական Հայաստանները, ինչո՞ւ է մեր հիշողության առաջ պատնեշ դրվում, եւ ի՞նչ թաքնված կամ բացահայտ ուղերձներ եք տեսնում նրա հայտարարություններում։

- Այդ հարցը հազար ու մի պատասխան ունի, բայց որպես կոմպոզիտոր՝ ես կարող եմ երաժշտության դիտանկյունից պատասխանել։ Մեր խումբը՝ «Ակունքը», երգում է Արեւմտյան՝ պատմական Հայաստանի եւ այսօրվա Հայաստանի բոլոր ժամանակների ու շրջանների երգերը։ Հիմա եթե մի տեղ քաղաքականություն է նախանշվում, այդ քաղաքականությունը տարվում է բոլոր ասպարեզներում, քանի որ դա է ընդհանուր քաղաքական գիծը։ Ու դուրս է գալիս, որ այդ որդեգրած սկզբունքի համաձայն մենք պետք է չերգե՞նք պատմական Հայաստանի երգերը, քանի որ իրական չեն ու իրական Հայաստանի հետ կապ չունեն, ըստ այդմ՝ դրանցով չպետք է ապրենք եւ պիտի տեսնենք, թե այդ որ երգերն են, որ այսօր 29․750 ք/կմ-ի մեջ են տեղավորվում, ու դրա՞նք երգենք։ Ես չեմ հասկանում՝ դրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ, երբ մարդն ապրում է՝ իր հոգում պահելով իր հայրենիքը, հիմա վանեցիների սերունդները ո՞նց չհիշեն իրենց հայրենիքը, էլի թող ապրեն իրական հայրենիքում, բայց դրանք իրար չհակասող, այլ իրար լրացնող բաներ են։ Մի այսպիսի խոսք կա, ասում է՝ եթե ճանապարհ ես գնում դեպի ապագա եւ ճանապարհին չես հանդիպում քո նախնիներին, ուրեմն սխալ ճանապարհով ես գնում։ Երբ 1860-ական թվականներից մինչեւ 80-ականներ՝ Գարեգին Սրվանձտյանցի շնորհիվ «հայտնաբերվեց» ու ավելի արժեւորվեց հայրենիքն ամբողջ հայության համար, այն ժամանակ Հայաստանը պետականորեն պատկանում էր հայերի՞ն, այդ ժամանակ Օսմանյան կայսրություն էր։ Երբ Գարեգին Սրվանձտյանցը եւ Խրիմյան Հայրիկը գործում էին, կամ երբ 1869-ին Կոմիտասը ծնվեց եւ սկսեց իր հզոր գործունեությունը ծավալել ամբողջ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանով, այդ ժամանակ պետություն կա՞ր՝ չկար, ո՛չ Արեւելյան, ո՛չ Արեւմտյան Հայաստանում։ Այդ ժամանակ Գարեգին Սրվանձտյանցը շրջեց Հայաստանի բոլոր գավառներով եւ եկեղեցու հովանավորությամբ գրքեր տպագրեց, որտեղ նկարագրեց, թե ինչ մշակույթ, քաղաքակրթություն եւ ժողովուրդ է ապրում, ու երբ հասավ Խարբերդ՝ Ծովք լիճ, գրեց մի բան, որը զարմանալիորեն եկեղեցին տպեց, մի բան, որ աշխարհում ոչ մի եկեղեցի թույլ չէր տա նման բան հրատարակել, քանի որ կլիներ հավատքի դեմ ուղղված քայլ, իսկ Սրվանձտյանցը գրել էր՝ երբ հասա Խարբերդ՝ Ծովք լիճ, էլ չհամբերեցի, փռվեցի գետնին, կերա հողը, կրծեցի քարերը, արցունքներս հողի հետ խառնեցի ու էլ չուզեցի աչքերս երկինք բարձրացնել. երկնային արքայությունից ավելի մեծ փառք էի գտել՝ հայրենի հողը։ Եվ սկսվեց այդտեղից հայրենապաշտությունը․․․։ Իսկ Խրիմյան Հայրիկն էլ, լինելով կաթողիկոս, գրեց, որ բավական չէ եկեղեցու պսակը, պապն իր թոռանը պետք է տանի ամուսնացնելու հողի մոտ, ձեռքը դնի մաճի վրա եւ ասի՝ քեզ ամուսնացնում եմ այս հողի հետ։ Այդ ժամանակ հայ ժողովուրդը զարթնեց ու դարձավ իսկական հայ ժողովուրդ, թե չէ կլիներ Տերյանի ասածը։ Իսկ Տերյանը 1914-ին մի հոդված գրեց, որտեղ ասաց՝ եթե չի լինելու հոգեւոր Հայաստան, ինձ այդպիսի Հայաստանի ո՛չ սահմաններն են պետք, ո՛չ էլ այդպիսի Հայաստանն է պետք, որովհետեւ երբ այդ հարուստներին խոսեցնում եմ, թե ինչ տեսակի Հայաստան են ուզում, ասում են՝ շքեղ շենքեր ենք ուզում եւ ոստիկանություն, որ ժողովրդին ճնշի․․․, պատկերացրեք` 1914թ․, ու Տերյանն ասում է՝ այդպիսի Հայաստանի սահմանները պահպանել պետք չէ։ Այսինքն՝ մեր մեծերը ժամանակին ամեն ինչ ասել են։ Հիմա ինձ հարց եմ տալիս՝ ո՞նց է սրա հետ ներդաշնակվում Սնուփ Դոգին Հայաստան բերելը եւ պետական բյուջեից 6 մլն դուրս գրելը, ինձ համար սա լակմուսի թուղթ է․ եթե այդպիսի քայլ է արվում, ուրեմն այստեղ ուրիշ նպատակ կա՝ մշակույթի, պատմական հիշողության, ազգային ինքնության ոչնչացում․․․․

- Պատմական հայրենիքից բացի, կասկածի տակ են առնվում նաեւ պատմական փաստերը, օրինակ, կասկածի տակ է դրվում ցեղասպանության 1.5 մլն զոհերի իսկությունը, խոսվում է նրանց անուն-ազգանուններն արխիվներից դուրս բերելու անհրաժեշտության մասին․․․ ո՞րն է նպատակը։

- Գիտեք, այստեղ կարեւոր է, թե դա ով է ասում եւ ինչպես է ասում: Օրինակ, եթե ասվում է, որ եկեք անուններն էլ գտնենք, չէ՞ որ հրեաներն էլ իրենց զոհերի անունները հրապարակեցին, գուցե ճիշտ ընկալվի, բայց Սնուփ Դոգ բերելու ու անուններ հրապարակելու ցանկություններն իրար հետ չեն համընկնում։ Դրա համար մտածում եմ՝ ո՞րն է այստեղ միտքը, կամ ի՞նչ անուններ հրապարակեն․․․ ցեղասպանության տվյալներն առկա են, թե որտեղ ինչքան բնակիչ է եղել, այդ տվյալներն ունեին շատերը, այդ թվում՝ թուրքերը, որ այսինչ գավառում ապրում էր այսքան հայ, քուրդ եւ ասորի, Երվանդ Լալայանն էլ բավականին տվյալներ իր ազգագրության 27 հատորներում տպել է, որ այսինչ գավառում այսքան հայ է ապրել, ապրող հայերի թվերը կան, հիմա այդտեղ գոյություն չունեն այդ մարդիկ, ոչ էլ իրենց տուն են վերադարձել, ինչ է` անհայտացա՞ն, այդ անուն-ազգանունները հո մեզ մոտ չե՞ն, այդ անուն-ազգանուններն իրենց մոտ են եղել՝ Օսմանյան կայսրությունում։ Այսօր մեր անուն-ազգանունները մեր պետական արխիվում են, չէ՞, եթե որեւէ այլ երկրից ուզեք, ձեզ կտա՞ն, ուրիշ պետությունը կարո՞ղ է ձեզ տալ մեր անուն-ազգանունները, իրենց մոտ են մեր անուն-ազգանունները։ Շատ լավ իմանալով այդ հարցի պատասխանը, ո՞նց են ասում՝ անուն-ազգանունները բերեք մեջտեղ․․․

- Ապրիլի 23-ին Տավուշում դրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականացված սահմանազատման 1-ին սյունը, որը, ոմանց դիտարկմամբ՝ մեծ իրադարձություն էր եւ սիմվոլիզմ ուներ իր մեջ` պատահական չէր ընտրված նաեւ օրը` ապրիլի 24-ի նախօրյակ։

- Եթե մտածեմ` սիմվոլիկա կա այստեղ, ուրեմն այդ մարդկանց մասին պետք է մտածեմ, որ նրանք ինչ-որ գաղափարներ ունեն սիմվոլի, մշակույթի մասին, ինչպես սիոնիստները, մասոնները, որոնք, անկախ իրենց ծավալած գործունեությունից, զարգացած մարդիկ են, բայց այստեղ ես չեմ կարծում, որ մենք զարգացած մարդու կամ մարդկանց հետ գործ ունենք, որ այդքան բանն էլ հասկանան, ուղղակի երեւի համընկել է։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք բառադիության, պատեհապաշտության, անզորության, չիմացության, տգիտության հետ գործ ունենք, բացի այն ամենից, որը կապված է խելքի հետ։ Ու եթե դու պիտի ապրես մի Հայաստանում ու հայ չլինես, ո՞ւմ է դա պետք, եթե խոսքը պետության մասին է: Ուրեմն բերեք Աֆրիկայից տարբեր ազգեր, մի տեղում լցրեք ու ասեք` սա պետություն է, անունն էլ՝ Հայաստան։ Կամ՝ հայոց պատմության ինչ-որ դասագրքի հարց է առաջ գալիս, մեր պատմաբանները վիճեցին, ամեն հարց տվեցին, բացի ամենապարզից՝ ո՞նց եղավ, որ մեկ հոգու եւ հենց քեզ հանձնարարեցին այդ գիրքը գրել․․․ «մրցույթ» ասվածին չեմ հավատում... որովհետեւ 1 հոգո՞ւ են տալիս գիրքը գրել, ես 95-96 թթ․ եղել եմ ծրագրամեթոդական վարչության պետ, եւ ոչ թե մրցույթ, այլ մի մեծ հանձնաժողով է եղել՝ ակադեմիայի պատմաբանների մասնակցությամբ, որոնք պատմության դասագիրք պետք է գրեին։ Հանձնաժողով ենք հավաքել, ժողով արել, մարդիկ իրար հետ խոսել են, քննարկել․ ձեւն այսպես է` թող հեքիաթներ չպատմեն, մրցույթով մի հոգու չի կարելի տալ, որ պատմության դասագիրք գրի, կամ՝ լավ, գրելուց հետո այդ գիրքը չի՞ ներկայացվում կարծիքների կամ ուղարկվի ակադեմիա՝ Պատմության ինստիտուտ։ Ցավոք, բոլորս գիտենք, թե ոնց է եղել, ասել են՝ եկեք տանք մեր մարդուն կամ մեր ախպորը, թող գրի․ գողական աշխարհի օրենքներով են առաջ շարժվել․․․

- Մտավորականությունը, չհաշված քիչ բացառությունները, կրավորական կեցվածք ունի երկրում տեղի ունեցող շատ գործընթացների հետ կապված, ինչո՞ւ։

- Ես ինչքան եմ գրել, անգամ դիմել բոլոր միություններին, օրինակ, Գրողների միությանը, երբ Սնուփ Դոգ էին բերում, Ուրվական փառատոն էին անում կամ նման ապազգային բաներ՝ ասելով, որ եթե Դանիել Վարուժանի կամ Սիամանթոյի տաղանդը չունեք, ոչ ոք չի կարող ձեզ դրանում մեղադրել, դա Աստծու տված շնորհք է, բայց դուք կարո՞ղ եք այդ մարդկանց կեցվածքն ունենալ։ Չունեցան այնքան, մինչեւ գործը հասավ իրենց, ու հիմա շենքերն են իրենց ձեռքից վերցնում։ Համագումար անելը քիչ է, թող մի հատ ակցիա, ցույց անեին, ոտքի կանգնեին, որ ազդեցությունը երեւար։ Ո՛չ մտավորական կա, ո՛չ մտավորականի կեցվածք, ժամանակին սփյուռքի նախարարը երեւի ճիշտ էր ասել, երբ ասել էր` ո՞վ է այդ բողոքող մտավորականը, անունը տվեք, մեդալի ժապավենը ցույց տամ՝ գա չոքի առաջս։ Եթե նույնիսկ բառացի ճիշտ փոխանցված չէ, միեւնույն է՝ այդ պատմության մեջ ճշմարտություն կա․․․

- Հիմա այդ պատվո մրցանակներն ու մեդալներն էլ են հանում, եւ լռելու ոչ մի պատճառ չկա, հատկապես որ հայրենիք ենք կորցնում։

- Հանեն-չհանեն՝ այդ մարդիկ նման բաների առաջ հերթ կանգնած մարդիկ են ու անհամեմատելի են Կոմիտասի, Սիամանթոյի, Տերյանի ու Թումանյանի քաղաքական կեցվածքի հետ, այդ մարդկանց օրինակն առնվազն կարող էր ոգեւորող լիներ, բայց չկա, ու սա է վիճակը․․․ Մեր մտավորականությունը պետք է խոսի, միավորվի, ոտքի կանգնի, ընդվզի, գոռա, բայց արի ու տես, որ հակառակն են անում․․․ ավելին՝ մի օր փողոցում մեկն ասաց՝ չե՞ս վախենում՝ գլխիդ մի քյարփինջ ընկնի, ի՞նչ գործ ունես՝ սենց բաներ ես խոսում, գրում․․․, պատկերացնո՞ւմ եք՝ թշվառական մի վիճակ, իրենք լռում են, քիչ է, մի հատ էլ քեզ են խորհուրդ տալիս լռել։