«Հրապարակ». Եթե մեզ պատկանած տարածքները վերադարձվեն, բալանսը կլինի տավուշցու օգտին

«Հրապարակ». Եթե մեզ պատկանած տարածքները վերադարձվեն, բալանսը կլինի տավուշցու օգտին

«Հրապարակի» զրուցակիցը Տավուշի նախկին մարզպետ, ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանն է, ով ժամանակին հերքում էր, թե Տավուշից ոչ մի սանտիմետր չի հանձնվելու թշնամուն, եւ, հավանաբար, հենց այդ հայտարարությունների համար էլ զրկվեց նախարարի պաշտոնից:

- Պարոն Չոբանյան, այժմ Տավուշում իրավիճակը լարված է: Քաղաքացիները փակել են ճանապարհը, նրանցից շատերը բերման են ենթարկվել, իսկ օրվա իշխանություններն այդ ամենի ֆոնին պնդում են, որ Տավուշի չորս գյուղերն ադրբեջանական են, ուստի դրանք պետք է հանձնել ադրբեջանական կողմին: Դուք, լինելով Տավուշից, ի՞նչ գնահատական կտաք իրավիճակին: Տավուշում իսկապե՞ս այդքան շատ են ադրբեջանական գյուղերը, որոնք հանձնման ենթակա են:

- Գյուղերի հայկական կամ ոչ հայկական լինելու հարցը պրոֆեսիոնալ քննարկման թեմա է, ոչ թե ձեռքի հետ էսպես ասելու: Ես իմ կարծիքը տարիներ առաջ, երբ մարզպետ էի, ասել եմ, եւ այն նույնն է մնում:

- Ո՞րն է Ձեր կարծիքը:

- Իմ կարծիքը հետեւյալն է. որեւէ տարածքի հանձնման մասին խոսք լինել չի կարող, մանավանդ, որ հենց Տավուշում տարածքը եթե համեմատում ենք սովետական շրջանի տարածքների հետ, ապա այդ տարածքային բալանսը բացարձակապես մեր օգտին չէ, այսինքն` շատ ավելի մեծ մակերեսով տարածքներ այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, եթե համեմատում ենք Սովետական Միության դրության իրավիճակի հետ: Մեր բնակիչները` Բերքաբերի, Պառավաքարի, ինչու չէ` Արծվաշենի, որը հարակից է Տավուշին, այդ տարածքներից այսօր ուղղակի չեն օգտվում: Այսօր շատ քիչ տարածքներ են գտնվում մեր հսկողության տակ, հետեւաբար՝ այս թեմային պետք է մոտենալ պրոֆեսիոնալ, արդյունքում պրոցեսները կարող են լինել մեր օգտին:

- Իշխանություններն այդ ամենը չե՞ն գիտակցում: Ի դեպ, Ձեր եւ այս իշխանության «ճանապարհները» բաժանվեցին, ինչից կարող ենք եզրակացնել, որ չեք կիսում նրանց գաղափարները:

- Իմ կարծիքով` Տավուշն ունի հազարավոր հեկտարներով տարածքներ, այդ թվում` գյուղատնտեսական, որոնք մեծ բերք էին տալիս գյուղացիներին, սակայն դրանք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Մեր խնդիրն այսօր պետք է լինի բանակցությունների միջոցով այդ տարածքները վերադարձնելը: Եթե պետք է սահմանազատում եւ սահմանագծում լինի, դրա արդյունքում պետք է մեզ պատկանած տարածքները վերադարձվեն մեզ: Արդյունքում բալանսը կլինի Տավուշի եւ տավուշցու օգտին:

- Տեսնելով, լսելով Ալիեւի հռետորաբանությունն ու Փաշինյանի խեղճությունը, ի՞նչ եք կարծում` մեր օգտին ինչ-որ բան կարո՞ղ է լինել:

- Այդ հարցը պրոֆեսիոնալ դաշտի հարց է, բայց եթե մենք նկատի ունենանք մեր հակառակորդների` թշնամիների հռետորաբանությունը եւ դրանով շարժվենք, ապա միմիայն կտուժենք դրանից: