Կատուն փուչ ընկույզի հետ երկար է խաղում

Կատուն փուչ ընկույզի հետ երկար է խաղում

Կատուն փուչ ընկույզի հետ ավելի  երկար է խաղում, քան լիքը։ Սա ժողովրդական խոսք է, որը մեր երգիծաբանները շատ են  օգտագործել։ Իսկ գիտե՞ք ինչու՞ է երկար խաղում, որովհետև փուչ ընկույզը դատարկության ու անօգության  ձայներ է արձակում, իսկ կատուն դրանից իրեն լավ է զգում։ Այնպես խրոխտ է գլուխը տնկում, այնպե՜ս խրոխտ․․․ Փուչ ընկույզն իր թեթևությամբ ու քաշի բացակայության պատճառով կատվի սիրած խաղալիքն է։ 

Աշխարհաքաղաքական այս թոհուբոհում մեր պետությունը հայտնվել է «փուչ ընկույզի դերում», որի անվտանգության, դիմադրության միջուկը 2018-ից  կերել ու կեղևը հանձնել են տարբեր պետությունների, որ հետը խաղան։ Շատ են ինձ հարցնում՝ իսկ ինչու՞ այդքան երկար են խաղում․․․ Նիկոլ Փաշինյանի հանձնումների շղթան ե՞րբ է վերջանալու։  Արդեն գաղտնիք չէ, որ այդ շղթան բանավոր նախնական պայմանավորվածությունների արդյունքում է հա՜ երկարում ․․․ Դրա հետ էլ երկարում է նշածս անձի իշխանությունը։ Դրանք իրար հետ կապված են։ Ինչքա՜ն շատ գործ անի՝ ի վնաս պետության միջուկի,  ինչքա՜ն լավ ծնգծնգոց հանի, ինչքան շատ «թռչկոտի» , այնքան խաղացողները հետաքրքրվելու են նրանով։ Բայց ի վերջո խաղը վերջանալու է։ Իսկ ինձ հարցնում են, թե ե՞րբ է հանձնումների շղթայախաղը ավարտվելու։ Կպատասխանեմ Լեռ Կամսարի բառերով, որը համարյա սպառիչ պատասխան է տալիս․    

«Այսօր շուկա էի գնացել, մի քանի ընկույզ գնեմ  Կաղանդի համար։ Տուն բերի, տեսնեմ կինս մյուս սենյակում  չաքուջն առած՝ ընկույզները մեկ- մեկ կոտրում է ու ինձ բշտում, կոտրում ու կշտամբում, կոտրում ու անպատվում, կոտրում ու հայհոյում։ Հիմարի պես էլ շատ էի առել, և եթե չմիջամտեի, հայկազյան բառարանի բոլոր հայհոյանքները գլխիս կթափեր։ 

Ասում եմ՝ այ կնիկ, այդ ընկույզները ես Կաղանդի համար եմ գնել, իսկ Կաղանդին դեռ երկու ամիս կա, հիմիկվանից ինչու՞ ես կոտրում։ 

Այո, ընդունում եմ, որ առածս ընկույզները փուչ են։ Մեր փուչությունը մեր մահվան  ժամանակ ենք իմանում, ընկույզի պարպությունն էլ թող Կաղանդի ժամանակ իմանանք։ Երկու ամսվա երջանկությունը քիչ բա՞ն է»։ 
Փաշինյանի հետ  կոնկրետ ժամանակ են խաղացողները պայմանավորվել․  ականազերծումը երբ պիտի վերջացնեն, ադրբեջանական «սահմանապահ աղավնիները» երբ պիտի տեղակայվեն։ Այդպես հատվածաբար, «ընկույզը ջարդելով» առաջ են գալիս։ Կաղանդը հենց վերջին ժամկետն է։ Այնպես չլինի, որ Կաղանդից առաջ գլխի չընկնեք, որ ողջ ընկույզները փուչ են․․․ Գոնե մի երկու ամիս երջանկություն կունենաք և հանգիստ կապրեք․․․