Փրփրուն ելույթից փրփուրը մնաց․․․

Փրփրուն ելույթից փրփուրը մնաց․․․

Այնպիսի տպավորություն է, որ ՔՊ-ականներն ազգային ժողովում ընդդիմության, շարժման հասցեին ասում են այն, ինչ իրենց մասին ամեն օր ասում է ժողովուրդը։ Սա հոգեբանական հնարք է։ Ծաղկաքաղ անել, թե ինչ է խոսում ժողովուրդն իրենց մասին ու բարձրանալ ամբիոն և նույն բառերով որակել ընդդիմության ներկայացուցիչներին։ Դե եթե մեզ ասում են՝ դավաճան, ուրեմն դավաճանը դուք եք։  Մենք էլ կարող ենք հին գզրոցից բառեր հանել։  Եթե ասում են օտարերկրյա գործակալ, ուրեմն մենք էլ կհայտարարենք որ դուք օտարերկրյա գործակալ եք։ Չեմ ուզում բոլոր որակումները ի մի բերել, որովհետև ողբերգությունն արդեն  կա, շարունակելին արդեն արհավիրք է օրենսդիր մարմնի համար։ 

Այսօր Խաչատուր Սուքիասյանի փրփրուն ելույթը, երբ ակնհայտ սպառնալիք էր հնչեցնում, ինձ Սողոմոն իմաստունի առակը հիշեցրեց, երբ Սողոմոնը պիտի որոշեր, թե ով է երեխայի մայրը, ով է հայրենիքի ցավով տառապողը․ «Հաշվի առնելով մեր ունեցած տեղեկությունները, մեզ մոտ կարծիք է ստեղծվում, որ մեր գործըկերները և ՀՀ շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների։ Եվ եթե մենք գնանք տարիներ հետ, տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր ու ինչ ձևով են կառավարել, տեսնենք, թե ինչպես էին վարվում այն մարդկանց հետ, որոնք կապեր ունեին այլ երկրների հետ․․․ Նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին։ Մի ստիպեք, որ ձեր նկատմամբ նույն գործիքակազմը կիրառենք։ Պետք ա ձեր չափը լավ ճանաչեք»։ 

Շարժում է սկսվել, թափ է առնում, լայն շերտեր է ընդգրկում, ՔՊ-ականը ափերից դուրս է եկել, իրեն չի տիրապետում և ընդդիմությանը օտար, խորթ է անվանում, ՔՊ-ն էլ  հայրենիքի հարազատ մայրն է։ Կարծում եմ այդ հարցը պիտի վճռվի Սողոմոն Իմաստունի մեթոդով։ Որպեսզի այն պարզ լինի, ներկայացնում եմ  առակն ամբողջովին․ 
«Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,- բացատրում է նրանցից մեկը, - ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ, նա իմ կողքից վերցնում է երեխայիս  ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։ Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
-Ո՛չ,- ճչում է իսկական մայրը, — խնդրում եմ, մի՛ սպանեք նրան,  տվեք այդ կնոջը։
Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ 

Հիմա նույն կարգի հարց է։ Հայրենիքն ընդունենք որպես մանուկ։ Ընդդիմությունն  ասում է՝ մի սպանեք մանկանը, կես մի արեք, իշխանությունն էլ ասում է՝ կիսեք մանկանը։ Ու այդպես մանուկը, հայրենիքը կիսելով ՔՊ-ականները ստեղծում են ինքնիշխան, զարգացած պետություն։ Սողոմոնի որոշումը պիտի տարածել ՔՊ-ականների փրփրուն ելույթների վրա՝ ո՞նց ես  մայրը, երբ ասում ես՝ կիսենք մանկանը։ Սողոմոն Իմաստունի մեթոդով փրփրուն ելույթից փրփուրը կմնա։