Եթե իրոք մաքրում եք, ինչու է ամեն անձրեւից հետո ջրհեղեղ 

Եթե իրոք մաքրում եք, ինչու է ամեն անձրեւից հետո ջրհեղեղ 

Այս տարի գարունը խիստ տեղումնառատ էր հատկապես արարատյան դաշտավայրի և մայրաքաղաք Երևանի համար: Եւ ամեն անգամ այդ տեղումների ժամանակ գետեր էին հոսում Երեւանում, գետնանցումները դառնում էին անանցանելի, մեքենաներ էին հայտնվում ջրի մեջ: Գարնան երեք ամիսների ընթացքում, թե լրատվամիջոցները և թե ֆեյսբուքյան օգտատերերը մայրաքաղաքային «ջրհեղեղներից» կադրեր, լուսանկարներ էին հրապարակում, որոնք հիշեցնում էին մերձարեւադարձային եւ այլ օտար երկրներում հորդառատ անձրեւներից եւ գետերի հունը բարձրանալու արդյունքում առաջացած ջրհեղեղները, որոնց մենք հեռուստաէկրաններից ենք, որպես կանոն, հետեւում: Մարդիկ անգամ կատակում էին, թե Երևանում պետք է նավերով շրջել, այլ ոչ թե ավտոմեքենաներով: Եւ ամեն անգամ երևանցիները «հիշում» են նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքային իշխանություններին ու կառույցներին, որոնք չեն կատարում իրենց պարտականությունները եւ ըստ էության, Երեւանում ջրահեռացման համակարգ գոյություն չունի: 

Երեւանի իշխանություններն էլ տեսնելով դժգության համատարած ալիքը, որ Երևանում հեղեղատարները բացակայում են, նախօրեին ֆեյսբուքում հրապարակում է արել և այս ամենի մեղքը բարդել «Վեոլիա ջուր» ընկերության վրա: Ավինյանը ֆեյսբուքյան իր էջի «սթորի» բաժնում տեսանյութով է կիսվել, որտեղ նշել է, թե Երեւանի հեղեղատարի եւ անձրևաընդունիչ ցանցի սպասարկման շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է։ 

«Վեոլիա ջուր» ընկերությունից «Հրապարակի» հետ զրույցում նշեցին, որ այո, դեռ շատ վաղուց` դեռ «Երևան ջուր» ընկերության գոյության ժամանակներից Երեւանի հեղեղատարի եւ անձրևաընդունիչ ցանցի սպասարկման հարցերով զբաղվում են իրենք` ջրամատակարարում իրականացնող ընկերությունը. 

«Ընկերությանը վարձակալության հիմունքներով հանձնված է մոտ 350 կիլոմետր մակերևութային ջրերի, ինչպես նաև անձրևաջրերի հեռացման համակարգ: Մաքրման աշխատանքներ կատարվում են համաձայն գործող շինարարական նորմերի, որն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ` գարնանն ու աշնանը»: 

Մենք չգիտենք, թե ինչ աշխատանքներ են արվում «Վեոլիա ջրի» կողմից, բայց փաստ է, որ ոչինչ չի արվում եւ ջրահեռացման համակարգ գոյություն չունի քաղաքում: