Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմություն էր, անընդհատ գրում ու աղաղակում էր, որ իրեն ճնշում են։ Մեկ բանտում են նեղություն տալիս, մեկ մեքենան են այրում, մեկ թերթն են փակում։ Օդում մշտապես կախված էր նրա SOS-ը՝ հասեք, օգնեք, ինձ ահաբեկում են։
Հիշում եմ՝ մի ժամանակ հացին կակա ասող մարդիկ փող էին հավաքում, որ նրա թերթը գոյատևի։ Եթե դեռ այն ժամանակ հասկանային, թե իր թերթին ու իրեն օգնող ինչպիսի՜ ձեռքեր կան, գուցե այս օրվան չհասնեինք։ Բայց փաստ է՝ զոհի կերպարը նա խաղում էր փայլուն, ու մարդիկ հավատում էին։
2018-ին իշխանության եկավ, բայց զոհի դերից դուրս չեկավ։ Ճմրթված շորերով, ճղճղան ձայնով ու երեսին չորացած մազով խղճահարություն էր առաջացնում։ Հետո մտավ Ավոյի դերի մեջ, զինվորական բաճկոն հագավ, թաթիկն էլ մի քիչ արյունոտեց, ու մարդիկ գրեթե ուշաթափվում էին՝ էս մարդը քանդվում է մեզ համար...
Այդպես ութ տարի երկիրը պահեց մի պարզ բանաձևով․ ինչ էլ լիներ, ինքն այնտեղ չէր։ Արցախը հանձնվեց՝ ինքը չէր։ Արցախը հայաթափվեց՝ ինքը կապ չուներ։ Պատերազմում խայտառակ պարտվեցինք՝ ինքը չէր։ ՀՀ սուվերեն տարածքները հանձնվեցին՝ ինքը չէր։ Եռաբլուրը նոր թաղամասի չափ ընդարձակվեց՝ ինքը չէր։
Հիմա, 2026-ի ընտրությունների շեմին, այդ արվեստը հասցրել է կատարելության։ Կաշառք են բաժանում՝ ինքը չկա։ Գագոն հարուստ է՝ ինքն է բաժանում։ Տաշիր Սամոն միլիարդատեր է՝ ինքն է բաժանում։ Քոչարյանը թալանչի է՝ ինքն է բաժանում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, կարծես, դեռ նույն ծակշալվար ընդդիմադիրն է, որ ձեթով տժժացրած պերաշկի է ուտում ու վրայից քաղցր կոմպոտ խմում։
Միայն մի փոքր մանրուք է մոռացել։ Այդ ութ տարվա ընթացքում ինքն արդեն ոչ թե ընդդիմադիր է եղել, այլ երկրի ղեկավարը։
Ու հենց այստեղ է ամբողջ ողբերգական կատակերգությունը։ Նա չի կարողանում դուրս գալ ընդդիմադիր Նիկոլի կերպարից։ Այդպես շատ հարմար է. ոչ մի բանի համար պատասխանատու չլինել, ոչ մի սխալի տեր չկանգնել, ոչ մի հետևանքի համար չպատասխանել։
Հայաստանը, փաստացի, վերածել է ոստիկանական գվարդիայի պետության, բայց շարունակում է լացել, թե իրեն են սպանում։ Մարդկանց ահաբեկում է, կալանավորում է, քրեական գործեր կարում, բայց շարունակում է վնգվնգալ, թե իրեն են քրքրում։
Թերևս սա է նրա ամենահաջողված քաղաքական նախագիծը։ Ոչ թե «Նոր Հայաստանը», ոչ թե «Իրական Հայաստանը», ոչ էլ ամեն ընտրությունից առաջ նոր փաթեթավորմամբ վաճառվող հերթական կարգախոսը։
Նրա ամենահաջողված նախագիծը Նիկոլ Փաշինյանի՝ մշտական զոհի կերպարն է։
Ութ տարի իշխանության է, բայց խոսում է այնպես, կարծես հենց նոր են իրեն ազատել բանտից։ Ութ տարի կառավարում է երկիրը, բայց շարունակում է իրեն ներկայացնել որպես համակարգի դեմ միայնակ կռվող ակտիվիստ։ Ութ տարի բոլոր լծակներն իր ձեռքում են, բայց ամեն անհաջողությունից հետո նոր մեղավոր է գտնում։
Բոլորը մեղավոր են, բացի մի մարդուց։
Եվ գուցե հենց սա է նրա քաղաքական կենսագրության գլխավոր գաղտնիքը․ նա կարողացավ ութ տարի լինել իշխանություն և այդ ամբողջ ընթացքում մնալ իշխանության գլխավոր զոհը։ Ու մեկը չհիշեցրեց՝ Նիկոլ, դու զոհ չես, մե՛նք ենք քո զոհը․․․