Ժամանակն աշխատում է հօգուտ իշխանությունների

Ժամանակն աշխատում է հօգուտ իշխանությունների

Փաստացի, առաջին քայլում իշխանությունները լիարժեք «հաղթեցին» սեփական ժողովրդին եւ երկրի ընդդիմությանը, ու կարելի է համարել, որ Տավուշի 4 գյուղերը համարյա հանձնվել են թշնամուն: Եթե անգամ չեն հանձնվել ամբողջությամբ, ապա ամեն ինչ արվել է, որ դրանք շատ կարճ ժամանակում հայաթափվեն ու ամայանան: Ինչպես տեղի ունեցավ Արցախի հետ, երբ նախ Լաչինի «կյանքի ճանապարհը» փակվեց, ապա Արցախի մնացած հատվածը դարձավ «անկլավ» Ադրբեջանի ներսում, հետո օրեցօր հայկական բնակավայրերին մոտեցող ազերի զինվորականներն ուղղակի մի օր ներխուժեցին Արցախի տարածք ու հայտնվեցին Ստեփանակերտի մատույցներում: 
Մենք 2023-ի սեպտեմբերից առաջ էլ չէինք հավատում, որ Արցախը կարող է հայաթափվել, ոմանց թվում էր, թե հնարավոր է ադրբեջանցիների հետ լեզու գտնել, պայմանավորվել, համակեցություն հաստատել: Եվ նույնիսկ Արցախի հետ կատարվածը մեզ դաս չեղավ, որ հասկանանք` թուրքը հասնում է իր ուզածին ամեն գնով: Ինչպես 30 տարի չհամաձայնեց ու երազեց Արցախը գրավել եւ հասավ դրան:

Հիմա մի հույս կա` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որն իրարանցում է առաջացրել իշխանությունների եւ մեր ժողովրդի կյանքում: Շատ փխրուն վիճակ է ստեղծվել երկրում, որը հղի է տարաբնույթ անակնկալներով: Թեեւ շարժումը ծավալվում եւ զարգանում է բավականին դանդաղ, որը մի կողմից ձեռնտու է իշխանություններին, քանզի նրանք այդ ընթացքում համարյա ավարտին հասցրին Կիրանցի «սահմանազատումը», որի դեմն առնել չկարողացան ո՛չ գյուղացիները, ո՛չ ԱԺ պատգամավորները, ո՛չ հանրային բուռն բողոքը: Իշխանությունն իր  ուժային կառույցների միջոցով, նենգորեն ու հայ ժողովրդին դավաճանելով իրականացրեց, արագացրեց սահմանազատման, իրականում` հող հանձնելու գործընթացը: Այլ խոսքով, իշխանությունը դեռեւս «հաղթում» է շարժմանը: Այսինքն՝ այս վիճակն այս պահին ձեռնտու է իշխանություններին` նրանք իրենց սեւ գործն առաջ են տանում, իսկ շարժումը կարծես դոփում է տեղում: Եթե շարժումն այս տեմպով շարունակի գնալ, ապա իշխանությունները լիովին կհասնեն իրենց ուզածին: Իրավիճակը եթե սրվի, նրանք ունակ են անգամ բիրտ ուժ կիրառել, երկրում արտակարգ դրություն մտցնել, որ Ալիեւի ծրագիրն իրականություն դարձնեն: Քրեական հետապնդումներ կիրականացնեն բոլոր պայքարողների նկատմամբ, բանտերը կլցնեն իրենց ընդդիմացողներին եւ անգամ Բագրատ սրբազանին կկալանավորեն` առանց ամոթի, որ շարժումը խեղդեն: Ահա, հենց սրանից ելնելով էլ շարժումը պետք է լիովին փոխի իր ռազմավարությունն ու մարտավարությունը եւ լիովին նոր ուղղվածություն որդեգրի, այլապես ձախողումը երաշխավորված է: Իսկ այս շարժումը միակ շանսն է, որ Տավուշի եւ հետագա բոլոր գյուղերը հանձնումից կկարողանանք փրկել: Վաղն արդեն ուշ կլինի։ 

Ես քաղաքական գործիչ չեմ, սովորական քաղաքացի եմ, բայց համոզված հայտարարում եմ, որ ժամանակի ոչ ռացիոնալ օգտագործման պարագայում շարժումը պարտվելու եւ վերջնականապես մարելու է։ 
Պետք է մեր ժողովուրդը հստակ գիտակցի` համախմբվի ու միասնաբար, վճռականորեն փորձի փրկել հայրենիքը:
Իսկ բոլոր նրանք, ովքեր մտածում են իշխանությունը գրավելու, պաշտոններ բաժանելու, վարչապետի անձի եւ մյուս բաների մասին, պետք է հիշեն, որ ավարը կիսելու ժամանակը դեռ չի եկել, այս փուլում գլխավորն ամեն գնով հաջողության հասնելն է՝ բազում խոչընդոտները հաղթահարելը։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ