Ես չեմ կարող ամեն բորբոքված ուղեղի ասածները մեկնաբանել, ես այդ լեզուն չեմ հասկանում

Ես չեմ կարող ամեն բորբոքված ուղեղի ասածները մեկնաբանել, ես այդ լեզուն չեմ հասկանում

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական հակաեկեղեցական հայտարարությունն է արել խորհրդարանում` խոսելով այն մասին, որ եկեղեցին խուսափում է թափանցիկությունից, իրենք առաջարկել են եկեղեցին հարկերը վճարի` խոստանալով եկեղեցու հավաքագրած հարկերը վերադարձնել իրենց` հրաժարվել են։ Ասել է. «Մենք հասկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի առանձնահատկություններ և պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն և այս առաջարկը պաշտոնապես եղել է, և ինձ համար զարմանալի է, թե ինչու է մերժվել: Այսինքն, մենք ասել ենք, որ ընդամենը թափանցիկություն ենք ուզում: Հայ առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ինչքան կհավաքվի, մենք լրիվությամբ կվերադարձնենք: Բայց երբ վերլուծում ենք, թե ինչը կարող է պատճառ լինել մերժման... ըստ ամենայնի ֆինանսական հոսքերի հետ կան պրոբլեմներ, հակառակ դեպքում թող մեկը բացատրի, թե ինչո՞ւ պիտի այս առաջարկը մերժվի»: 

Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Ես բան չհասկացա, որ մեկնաբանեմ։ Այդ ինչ լեզվով է խոսել այդ մարդը։ Թարգմանիչ վարձեք՝ թող թարգմանի հասկանանք, ես ինչ իմանամ ինչ է ասում այս մարդը։ Բորբոքված ուղեղ է, ես չեմ կարող ամեն բորբոքված ուղեղի ասածները մեկնաբանել, ես այդ լեզուն չեմ հասկանում՝ վաղուց արդեն չեմ հասկանում։ Հազար անգամ ասել ենք, օրենքով նախատեսված բոլոր հարկերը մենք վճարում ենք, թեև դա էլ չպիտի վճարեինք՝ վճարում ենք։ Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ են ուզում, իրենք հասկանո՞ւմ են` ինչ են խոսում։ Հոդավորված թող խոսեն՝ բան հասկանանք»,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Հարցրեցինք, նյարդային այս դրսևորումների պատճառը ո՞րն է, ինչին Շիրակի թեմի առաջնորդն ասաց՝ թող բժշկի դիմեն, մի՞թե բժիշկ չկա այս երկրում։ «Թող հոգեբույժի դիմեն, բժշկի դիմեն՝ մենք հո՞ կրակը չենք ընկել սրանց ձեռքը, բժիշկ չկա այս երկրում, հոգեբույժ չկա այս երկրում, ես չեմ հասկանում։ Եթե փող չունեն հոգեբույժին դիմելու, մեր առասպելական շահույթներից վճարենք այդ հոգեբույժի գումարը՝ գնան բժշկվեն, կոլեկտիվ գնան, բժշկվեն, մեղք են: Պետպատվերով թող գնան , եթե պետ․պատվերով չեն կարող գնալ բժշկվելու, լավ, մենք կվճարենք, եղբայր։ Թող գնան բուժվեն՝ ժողովուրդը մեղք է, սրանց ձեռքը կրակն է ընկել, հայերեն խոսում են՝ մարդ բան չի հասկանում»։

Միքայել սրբազանը կարծում է, որ իշխանությունները լավ կանեին իրենք թափանցիկ գործեին․ «Դուք ձեզ թափանցիկ դարձրեք՝ մեռաք պարգևավճար ստանալով, ձեր պարգևավճարները թափանցիկ արեք: Թափանցիկություն են ուզում»։