Համոզված եմ, որ դաժանության աստիճանը ուղիղ համեմատական է պարգևավճարին. Իշխանյան

Համոզված եմ, որ դաժանության աստիճանը ուղիղ համեմատական է պարգևավճարին. Իշխանյան

«Հրապարակի» զրուցակիցն է «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը։ 

- Դեպի Կիրանց տանող ճանապարհը նորից փակ է, մեծ քանակի ոստիկաններ ու բերետավորներ են բերվել։ Նախօրեին նույնիսկ Բագրատ Սրբազանին թույլ չտվեցին գյուղ մտնել։ Նման արգելքի պատճառը ո՞րն է։ 

- Անկեղծ ասած, Կիրանցի մոտ ստեղծված իրավիճակն ինձ հիշեցնում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հանրապետությանը կապող Բերձորի ճանապարհի շրջափակումը։ Միակ տարբերությունը ճանապարհ փակողների համազգեստների մեջ է, մի դեպքում՝ ադրբեջանցի զինվորներ, մյուս դեպքում՝ հայ ոստիկաններ։ Սարսափով եմ մտածում, որ Կիրանցին, ապա և Տավուշի այլ բնակավայրերին սպասվում է Արցախի ճակատագիրը։ Հարցնում եք, թե արգելքի պատճառը ո՞րն է։ Նույնը, ինչ Արցախի մուտքի արգելքի դեպքում։ Երկու դեպքերում էլ գործ ունենք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետ կոչեցյալի ուղիղ բանակցությունների և համաձայնությունների հետ։ Երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների և գործողությունների ներդաշնակությունը շատերին զարմացնում է։ Երկուսն էլ գործում են հօգուտ Ադրբեջանի և ի վնաս` Հայաստանի։ Սա մեկ բացատրություն ունի, այն է՝ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությամբ Հայաստանում իշխանության եկավ օտար, թշնամի երկրների կողմից հավաքագրված գործակալական ցանց։ 

- Բերետավորները դաժան ծեծի էին ենթարկել երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիներին, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ազատամարտիկները։ Բերետավորների կողմից նման դաժանությունն ինչո՞վ եք բացատրում։ 

- Իսկապես զարմանալի է, կարծես այդ համազգեստը հագնելով նրանք դադարում են մարդ լինելուց, վերածվելով բութ գործիքների։ Համոզված եմ, որ դաժանության աստիճանը ուղիղ համեմատական է պարգևավճարին: Այդ ոստիկան կոչվող բութ գործիքների կողմից դրսևորված վայրագությունները ուղիղ հրահանգներ են` իջեցված վարչապետ կոչեցյալի կողմից։ Տպավորություն ունեմ, որ վարչապետ կոչեցյալին հատուկ է սադիստականությունը և նա հաճույք է ստանում իր հակառակորդների տառապանքներից։ 

- Այս իշխանությունները սիրում են հիշել նախկիններին․ կարո՞ղ ենք զուգահեռներ տանել նախկինների կողմից հասարակական դժգոհությունները ճնշելու ու այսօրվա բռնաճնշումների միջև։ 

- Որպես ականատես և խաղաղ հավաքների ու վատ վերաբերմունքի մշտադիտարկումներ իրականացնող կազմակերպության ղեկավար, հաստատապես պնդում եմ, որ այսպիսի վայրագություններ երբևէ Հայաստանում չեն եղել։ Օրինակները բազմաթիվ են, սկսած ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումներից, այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ, վերջացրած Սամվել Վարդանյանի ծեծով, չհաշված խաղաղ հավաքների մասնակիցների հանդեպ գործած անհարկի ուժի գործադրումը։ 

- Արդյոք այս բռնաճնշումները ազդելո՞ւ են, թե՞ հակառակը, կարող են տրամադրություններ բորբոքել։ 

- Նախ, ցանկացած այլ երկրում, նվաստացուցիչ պարտությունից հետո, անհնար է, որ պարտության պատասխանատուն մնար իշխանության։ Ողջ ժողովուրդը ոտքի կկանգներ և առանց կեղծ հարցադրումների՝ «նախկիններ, ներկաներ», Լինչի դատաստանի կենթարկեր պարտության պատասխանատուին։ Ինչ վերաբերում է վայրագություններին, ապա նման դեպքերը նույնպես կբերեին լայն զանգվածների դժգոհությանը և անընդմեջ բողոքների, եթե կուզեք, այո՛ ապստամբության։ Իսկ մե՞նք․․․ Ցավով եմ ասում, բայց մեր ժողովրդի մեծամասնությունն այս ամենի նկատմամբ անտարբեր է։ Ինչ վերաբերում է պայքարող փոքրամասնությանը, ապա հուսով եմ, որ նրանք չեն կոտրվի և վերջապես կդիմեն վճռական գործողությունների։ Ի վերջո, 1918 թվականին, նույնպես մեծամասնությունն անտարբեր էր և հենց փոքրամասնությունը, Արամ Մանուկյանի գլխավորությամբ կերտեց Սարդարապատը, փրկելով նաև անտարբեր մեծամասնությանը։ 

- Նախկինում ակտիվ շատ իրավապաշտպաններ այսօր հրաժարվում են խոսել Կիրանցում տեղի ունեցող դեպքերից, գնահատականներ տալ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Ի՞նչն է իրենց զսպում։ 

- Խորհուրդ կտայի իրավապաշտպան բառն առնել չակերտների մեջ։ Նրանց համար իրավապաշտպանությունը ոչ թե արժեք է և առաքելություն, այլ ընդամենը բիզնես ծրագիր։ Եվ ինչպես ցանկացած բիզնես անհրաժեշտություն ունի ֆինանսավորման, այնպես էլ Հայաստանի «իրավապաշտպանությունը»։ Եվ եթե այլ բիզնեսի ֆինանսավորման աղբյուրը բանկերն են, ապա Հայաստանի «իրավապաշտպաններինը»՝ օտար դրամաշնորհները։ Եվ նրանք հնազանդորեն կատարում են իրենց ֆինանսավորողների հանձնարարականները։ Իրականում, ինչպես Հայաստանի շատ «քաղաքագետներ» և «քաղաքական-հասարակական» գործիչներ, «իրավապաշտպանները» կատարում են քաղաքական պատվեր։ 

- Վրաստանում ցուցարարների դեմ իշխանությունների իրականացրած ցանկացած գործողություն Արևմուտքի կողմից դատապարտվում է, իսկ Հայաստանում բացահայտ ապօրինի դրսևորումները որակվում են որպես ժողովրդավարական դրսևորումներ։ Ինչո՞վ է պայմանավորված նման մոտեցումը։ 

- Քանի որ հիշեցրիք Վրաստանը, ապա 2003 թվականին, երբ Մ․ Սահակաշվիլին եկավ իշխանության, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, բացահայտվեցին իրավապաշտպանների իրական դեմքերը։ Նրանք նույնպես սկսեցին չնկատել Վրաստանում մարդու իրավունքների բացահայտ խախտումները, ընդհուպ՝ քաղաքական սպանությունները։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանց քննադատում Հայաստանի իրավապաշտպանները, հավաստիացնելով, որ իրենք սկզբունքային են և երբեք չեն փոխվի։ Ինչ վերաբերում է Արևմուտքի վերաբերմունքին, ապա Արևմուտքն ինչպես Վրաստանում, Սահակաշվիլու իշխանության տարիներին, այնպես էլ այսօրվա Հայաստանում, ոչ միայն չէին և չեն նկատում մարդու իրավունքների բացահայտ խախտումները, այլև հաստատված ռեժիմները համարում են ժողովրդավարական։ Ավելին, հաճախ տարբեր արևմտյան երկրների դեսպաններ ժպտադեմ հանդիպումներ են ունենում սադիստական հակումներ ունեցող ՆԳՆ նախարարի հետ, քննարկելով ապագա համագործակցության հարցեր։ Այս օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են 2018 թվականի Հայաստանը։ Կիրառվում են նույն տեխնոլոգիաները՝ թմբուկի զարկեր, բացականչություններ։ Պարզ է, որ այդ ամենը, ոչ միայն խրախուսվում, այլև ուղղորդվում է Արևմուտքի կողմից։ Այսպիսով, ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ արժեքներն ընդամենը Արևմուտքի քարոզչական գործիքներն են, իրենց աշխարհաքաղաքական շահերին հասնելու համար, ինչպես միջնադարում քրիստոնեությունը՝ խաչակրաց բարբարոսական արշավանքների համար։ 

- Ինչպե՞ս եք գնահատում Բագրատ սրբազանի շարժումը և արդյոք հնարավոր կլինի՞ այս իշխանությունների հեռացումը կազմակերպել առանց բռնության։ 

- Ողջունում եմ, Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը։ Բագրատ սրբազանը փորձում է համախմբել բոլոր ընդդիմադիր ուժերին, մտավորականությանը, ուսանողներին։ Կարծես հիմնականում հաջողվում է։ Շարժումը բավականին ուշացած է։ Այն պետք է սկսվեր մինչ Արցախի ցեղասպանությունը։ Բայց, ինչպես ասում են` «լավ է ուշ, քան երբեք»։ Ուղղակի շտապել է պետք, փրկելու համար Կիրանցն ու այլ տարածքները։ Հուսանք, որ շարժումը կդառնա նոր Սարդարապատ, այս անգամ՝ ներքին թշնամու դեմ։