Սրբազանը հանդիպման հրավեր է ուղարկել ավագանու անդամներին. ովքեր են պատրաստ հանդիպելու

Սրբազանը հանդիպման հրավեր է ուղարկել ավագանու անդամներին. ովքեր են պատրաստ հանդիպելու

Վաղը՝ մայիսի 23-ին, ժամը 15։00-ին, «Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ, Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների միջև, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված ներկայի իրավիճակի հետ և պատրաստ են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ճակատը: Hraparak.am-ը Գյումրու ավագանու անդամներից հետաքրքրվեց, թե ովքեր են պատրաստվում ներկա գտնվել և ում նախաձեռնությամբ է հանդիպումը կայանալու։ ՀՀԿ ավագանու խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը փոխանցեց, որ առաջարկը ստացել են Սրբազանից։

«Մենք` որպես Գյումրի համայնքի ավագանու անդամներ ստացել ենք հրավեր Սրբազանի հետ հանդիպմանը, ընդունել ենք մասնակցության հրավերը, մասնակցելու ենք։ Գյումրու ավագանու «Հանրապետական» խմբակցությունը մշտապես կանգնած է մեր ազգային արժեքների, մեր պետականության, եկեղեցու կողքին, պատրաստ է իր ունեցած բոլոր միջոցներով աջակցել գործող իշխանությունների հեռացման գործին»։ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ նշեց, որ նախաձեռնությունը Սրբազանինն է՝ չմանրամասնելով կմասնակցեն հանդիպմանը, թե ոչ։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչները հրավերի մասին նախընտրեցին լռել։