Խաչատուր Սուքիասյան, իսկ ոնց եղավ, որ դու ոչ բանտում հայտնվեցիր, ոչ ունեզրկվեցիր

Խաչատուր Սուքիասյան, իսկ ոնց եղավ, որ դու ոչ բանտում հայտնվեցիր, ոչ ունեզրկվեցիր

Մի շենքին-շնորհքին մարդ կար այս իշխանության մեջ, էն էլ երեկ «մեռավ» ԱԺ-ում: Կարող եք, իհարկե, Խաչատուր Սուքիասյանի մասին ինչքան վատ բան գիտեք հիմա դնեք սեղանիս ու ասեք՝ էս չի՞ քո Գռզոն, քո շենքին-շնորհքին մարդը: Չէ, սիրելիներս, Էդ չի: Դուք հիմա բորբոքված եք, զայրացած Նիկոլի վրա, հասկանում եմ, բայց Խաչատուր Սուքիասյանի մասին միայն վատ բաներով դատելը ճիշտ չէ: Ի՞նչ արժե միայն այն փաստը, որ նա իր աշխատանքային գործունեությունն սկսել է Աբովյանի «Սիրիուս» գործարանից, ուր աշխատել է որպես փականագործ (սլեսար): Աշխատանքին զուգահեռ էլ ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1985 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև՝ արտադրության պետ, իսկ 1989 թվականին նշանակվել է տնօրեն։ Հը՞, լրջացա՞ք: Հիմա ավելի կլրջանաք: 1991-1992 թվականներին նա աշխատել է «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։ Իսկ հիմա կարող եք նույնիսկ նախանձել Խաչատուր Սուքիասյանին, դա ձեր իրավունքն է: Նա ամբողջովին տրվել է ընտանեկան բիզնեսին հեռավոր 1987 թվականից, երբ Գորբաչովը թույլատրեց կոոպերատիվների գործունեությունը։

Ավելի ուշ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ 1996 թվականին, նա իր ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկել է «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թվականը: Կարելի է ասել՝ նա այդ ընթացքում ՀՀ ամենահայտնի բիզնեսմեններից էր, համատեղության կարգով նաև Ազգային ժողովի պատգամավոր, ասել է՝ պետական բարձրաստիճան պաշտոնյա։

2005-ին, արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ նոր սահմանադրությամբ բիզնեսը «տարանջատվեց» պետությունից, Խաչատուր Սուքիասյանը թողել է «ՍԻԼ» կոնցեռնի նախագահի պաշտոնը և «վերաորակավորվել» որպես իր հիմնած «իմպերիայի» «շարքային» բաժնետեր: Այդ տարիներին նա այնպես էր համագործակցում ՀՀ իշխանությունների հետ, որ էլ չասելու: Ո՞վ էր Հայաստանում «Ֆիլիպ մորիսի» դիստրիբյուտորը: Ավելին ասեմ, նրան նաև հաջողվեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը կենտրոնացնել Սուքիասյանների ընտանիքի ձեռքում։ Ո՞վ էր ընկել նրա հետևից, ո՞ւմ պետքն էր, թե ինչով է զբաղված, թե Տեր-Պետրոսյանի օրոք ինչեր ու ինչքանով է սեփականաշնորհել, ինչքան հարկ է մուծել: Բոլորը նրան ընդունում էին որպես Խաչատուր Սուքիասյան՝ որպես մեծահարուստ մարդ, որ բիզնեսից տարանջատվել ու զբաղվում է պետականաշինությամբ՝ օրենքներ գրելով: Ես Խաչատուր Սուքիասյանին հենց այդպիսին եմ տեսել Ազգային ժողովում, երբ մեկնաբանում էի ԱԺ աշխատանքները: Ի դեպ, վատ պատգամավոր չէր` լիքը օրենքներ էր առաջարկում, ակտիվ մասնակցում դրանց քննարկմանը, մեկ մեկ էլ` հակադրվում կառավարության առաջարկներին:

Բայց Սուքիասյանների վերելքը շարունակվում էր նույնիսկ 2008 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ գալուստից հետո` երբ նա 2007-ի աշնանը անսպասելի հայտնվեց «Մարիոթում»` Լևոն-Տեր-Պետրոսյանի կողքին եւ հայտարարեց, որ սատարում է նրա թեկնածությունը` դառնալով թունդ ընդդիմադիր: Ես ափսոսացի, իհարկե: Եվ անհանգստությունս, պարզվեց, իզուր չէր: 2008թ. մարտի 1-ին պոչը խուզել՝ խառնվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի և հերետիկոս Նիկոլի բանդաներին: Ասա՝ քեզ սազո՞ւմ էր… Վերջը ԱԺ-ն նրան հանձնեց իրավապահներին: Մանդատը ձեռքից առան, գործ հարուցեցին, ինքը հեռացավ Հայաստանից, մինչև որ Սերժ Սարգսյանը «երկխոսացրեց» Լևոն-Տեր Պետրոսյանին, և կյանքը Հայաստանում կրկին մտավ բնականոն հունի մեջ ու Սուքիասյանն էլ վերադարձավ Հայաստան: Թե գործարարներից ու մեծահարուստներից ով տուժեց ու կործանվեց Սերժ Սարգսյանի օրոք, չեմ կարող ասել, Խաչատուր Սուքիասյանն էլ ինչ որ կորուստներ ունեցավ:

Կարծեմ մեկը «Բժնի» ջրերի գործարանն էր, էն էլ «ընկեր տղերքով» (Ռուբեն Հայրապետյան, բան) փող հավաքեցին, առան` ճիշտ է մի քիչ էժանով, բայց դա էլ բան էր: Հետո Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները լրիվ կարգավորվեցին եւ նա մի գեղեցիկ օր`բան ու գործը թողած, եկել էր պարոն Սուքիասյանի «Ռոսիա մոլի» բացմանը:

Եվ տարիների հեռվից եկող Խաչատուր Սուքիասյանը երեկ վեր էր կացել և ընդդիմությանն ասում էր.

«Տարիներ հետ գնանք ու տեսնենք, թե մեր երկիրը ովքեր են ղեկավարել ու տեսնենք, թե ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում, շատ վատ էին վարվում՝ կա՛մ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ այդ մարդիկ մահանում էին, կա՛մ՝ ունեզրկվում։ Հիմա ձեզ ասում եմ՝ եթե ձեր չափը չճանաչեք կամ խանգարեք Հայաստանի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն։ Դուք պետք է լավ ճանաչեք ձեր չափը։ Այդ գործիքները, որ կիրառել եք 20 տարի, կկիրառվի ձեր դեմ»։ «Լուսահոգի» Էդմոն Մարուքյանը նրան լավ տեղը կդներ՝ «Էդ սպառնըմ եեեես»: Այո, Խաչատուր Սուքիասյանը սպառնում էր ընդդիմությանը՝ բանտարկել, սպանել, ունեզրկել: Ես մի պահ չհավատացի տեսածիս ու լսածիս, բայց, ավաղ, դա փաստ էր այլևս: Իմ կողմից հարգված մեծահարուստ մարդը աչքիս առաջ «մեռավ» ԱԺ-ում: Եվ ո՞ւմ պատճառով՝ կապիտուլյանտ Նիկոլի։