Նորակոչիկները հարցնում են` հոպար, ցա՞նք ես անում, ասում եմ` այո, ուրախանում են, որ կյանքը շարունակվում է

Նորակոչիկները հարցնում են` հոպար, ցա՞նք ես անում, ասում եմ` այո, ուրախանում են, որ կյանքը շարունակվում է

Տավուշի հանձնվող գյուղերի ֆոնին տարատեսակ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ՀՀ ներկա իշխանությունները այսքանով չեն սահմանափակվելու` սահմանազատումը, որի տակ արդեն միայն հող հանձնել է հասկացվում` շարունակվելու է։ Եւ խոսակցություններ եւ տարածվում, որ հաջորդը Գեղարքունիքի մարզի գյուղերն են։

 Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախընտրում է այլևս ոչ մի լուր չլսել, որովհետև վերջին տարիներին տեսածից ու լսածից բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել: «Բժիշկն ասում է` պետք է կտրվեմ իրականությունից, ես էլ չեմ կարող կտրվել՝ գլուխս բարձրացնում եմ՝ դրանց տեսնում եմ, ո՞նց կտրվեմ, թուրքերին եմ տեսնում՝ ո՞նց կտրվեմ այդ իրականությունից»,-ասում է Երանոսյանը: 

Վերին Շորժայում մարդիկ սկսել են վարուցանք անել, ու դա տեսնելով նաև զինվորներն են ուրախանում, որ կյանքը շարունակվում է: «Նորակոչիկներից մեկը եկել, ասում էր՝ հոպար, ցա՞նք ես անում, ասում եմ` այո, սկսում են ուրախանալ՝ էլ դու սուս, ուրախանում են, որ անկախ ամեն ինչից, կյանքը շարունակվում է»,-ասաց վերջինս: Անդրադառնալով տավուշյան իրադարձություններին ու թե ինչ են մարդիկ մտածում, ասաց, որ եթե նախկինում մեծ ուրախությամբ էին նույն վար ու ցանքն անում, ապա հիմա անում են, որովհետև պետք է անեն: «Կառավարության տրամադրած 16 միլիոնի աջակցության ծրագիրը, որով հավաքովի տներ են կառուցում սահմանամերձ հատվածներում, դրանցից եմ մի քանի հատ պատվիրել, հենց նոր այդ հարցով էինք զբաղված»,-ասաց Երանոսյանը: 

Հարցին, չե՞ն վախենում, որ այդ տները կառուցեն ու որոշ ժամանակ անց ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականները գան տեղավորվեն այդ տներում` այս տարածքում էլ են դրանք ժամանակին ապրել, ասաց. «Դա էլ եմ մտածում, բայց մյուս կողմից էլ մտածում ենք` ո՞նց ձեռքներս ծալած նստենք, մեր հող ու ջուրն է: Հիմա իմ հողի մեջ մի բան որ մտածենք, մի բան, որ ձերն է, Դուք Ձեր տան հայաթում մի բան ուզեք սարքեք՝ նստելու եք մտածեք, թե հարևանը կամ թշնամին ինչ պիտի ասի՞: Ես առաջնային մտածում եմ, որ սա իմ հող ու ջուրն է, մեր գերեզմանոցներն են, մեր եկեղեցին է: Ժամանակից առաջ չընկնենք: Թե վաղն ինչ կլինի՝ չեմ կարող ասել: Այն, որ անում եմ՝ թշնամուն պայթացնում եմ, ես իմ գործը անում եմ, թող գոնե մտածեն, որ մենք մեր դիրքում ենք»,-ասաց Վերին շորժայի վարչական ղեկավարը: 

Վերջինս համոզված է, որ թշնամուն պետք է ցույց տալ, որ իրենից ուժեղ ես, ինչպե՞ս կարելի է ենթարկվել թշնամու քարոզչությանն ու նրանց լսելով` հեռանալ սեփական հողից: Ժողովուրդը չի ուզում հեռանալ, բայց ՀՀ իշխանությունները հանձնելու հրաման են տալիս, Երանոսյանն ասաց, որ ինքը ոչ ոքին չի լսում և բոլոր իշխանություններն անցողիկ են: «Արդեն քառասուն տարի աշխատում եմ, գիտեք` քանի իշխանություն է փոխվել ու ոչ մի կուսակցական պատկանելություն չեմ ունեցել: Ես ղեկավարվում եմ իմ հողուջրով, իմ աղուհացով ու կյանքով: Թե չէ յուրաքանչյուր իշխանություն կարճ կյանք ունի ու երբեք հարատև չի լինում»,-եզրափակեց Երանոսյանը: