Ինչո՞ւ ռազմարդյունաբերությանն ուղղված գումարները չեն իրացվում
ԳԱԱ տարեկան ժողովի ընթացքում օրերս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը խոսեց ռազմարդյունաբերության մասին՝ մասնավորապես նշելով, որ այդ ոլորտին ուղղված գումարները չեն կարողանում իրացնել, քանի որ չկա առաջարկ։ «Ռազմարդյունաբերության գումարներն արդեն 3-րդ տարին է՝ մենք չենք կարողանում իրացնել։ Գումարը տրված է բավականին մեծ` 6.8 մլրդ գումար ունենք ռազմարդյունաբերական նպատակներով ու եթե դրա կեսը մենք կարողանանք իրացնել կամ մի քիչ ավել, մի քիչ պակաս, մենք գոհ կլինենք։ Այդ գումարներն ուղղվում են հենց մեր գիտությանը․․․, ես հիմա խնդրում եմ ձեզ՝ այդ ուղղությամբ մտածեք եւ այդ ուղղությամբ աշխատեք։ Եթե կան գաղափարներ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, հենց ռազմարդյունաբերական համալիրին, այն հնարավորությունները, որ կան՝ զուտ դիմելու՝ այդ արտոնությունը ստանալու կամ այդ ֆինանսավորումից օգտվելու համար, շատ պարզ է։ Ամենակարեւորը, որ ֆինանսական ռեսուրսը կա, պետությունն այդ հնարավորությունը տալիս է եւ մեծ սպասելիքներ ունի հենց գիտությունից, որ այդ բնագավառում մենք նոր հաջողություններ կարձանագրենք»,- դիմելով գիտնականներին՝ հայտարարեց Վ․ Խաչատուրյանը, հարուցելով գիտնականների տարակուսանքը։ Պարզ ասած` իշխանությունն ասում է, որ Հայաստանում կարող են ռազմական արդյունաբերություն ստեղծել, զենք արտադրել, բայց գիտնականների մեղքով դա չի արվում:
Մեր երկրում գործող Ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկված է նաեւ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը: Նրանից մասնավորապես հետաքրքրվեցինք՝ նախագահի խոսքը գնահատակա՞ն էր, թե՞ հանդիմանանք՝ ուղղված գիտնականներին, եւ ո՞րն է պատճառը, որ այդ գումարները չեն իրացվում, ինչո՞ւ չկա առաջարկ։
«Նախ ասեմ, որ, իրոք, գումարները մնում են, ինքս ռազմարդյունաբերական հանձնաժողովի անդամ եմ։ Օրինակ, վերջին քննարկումներին բոլոր պրոյեկտները հետ տրվեցին, որովհետեւ լիարժեք մշակված չէին։ Պատճառը երեւի հենց դա է, որ իրոք լիարժեք ծրագրեր՝ ռազմարդյունաբերական կոմպլեքսին ներկայացված հայտերի մեջ քիչ են, դրա համար, փաստորեն, գումարները մնում են»,- նշում է ԳԱԱ նախագահն ու նկատում, որ այդ ծրագրերի գիտական փորձաքննությունն ակադեմիան չի անում, ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Գիտության կոմիտեն է կազմակերպում եւ առանձին գիտնականների է տալիս․ «Եվ գուցե պատճառներից մեկը ոչ լիարժեք փորձաքննությունն է, որ, աշխատանքներն արդեն լրիվ ավարտած, գնում են վերջնական կետում՝ վարչապետի մոտ, բայց այդ հանձնաժողովը հետ է տալիս՝ ինչ-որ պակաս բնութագրերով, ինչ-որ հարցեր են տալիս, ու պարզվում է՝ դրանք արված չեն։ Դրա համար ակադեմիան 6 պրոբլեմային խորհուրդներ է ստեղծել, որոնցից մեկը կոչվում է հատուկ ծրագրերի ու հիմնահարցերի պրոբլեմային խորհուրդ, որը պետք է զբաղվի հենց այդ հարցերով։ Մեր խորհուրդը պատրաստակամ է՝ իր ծառայությունները մատուցել՝ փորձագիտական, գիտամեթոդական եզրակացություններ, կարծիքներ ներկայացնել կառավարությանը։ Ես գտնում եմ, որ եթե այդ ծրագրերը, ամեն դեպքում, փորձաքննություն անցնեն այդպիսի մասնագիտական խորհրդով, որի մեջ ներառված են ե՛ւ ակադեմիական, ե՛ւ բուհական, ե՛ւ հայաստանյան, ե՛ւ արտերկրի, ե՛ւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, փորձաքննությունն ավելի լիարժեք կլինի»։
Այսինքն՝ ռազմարդյունաբերության ոլորտում առաջարկներ կան, բայց կաղում է փորձագիտակա՞ն կողմը։ «Առաջարկների մի մասը, բնականաբար, մերժվում է, եւ չեմ գտնում, որ սխալ են մերժում, որովհետեւ դա այն գործն է, գումարներն էլ բավականին մեծ են եւ այնպիսի հայտեր են, որ պետք է լիարժեք հիմնավորված լինեն։ Իմ կարծիքն է, որ փորձաքննությունը պետք է կատարվի ավելի լիարժեք, ու ճիշտ կլինի, որ Գիտությունների ազգային ակադեմիան հենց ներառվի այդ գործընթացի մեջ, որովհետեւ մենք չենք մասնակցում այդ փորձաքննություններին։ Օրինակ՝ Ռուսաստանում կամ ուրիշ երկրների ակադեմիաներում այդպես չէ, բոլոր փորձաքննությունները տալիս են, մասնագիտական ակադեմիաներն անում են, վերջիններս էլ իրենց կարծիքը տալիս են»։
Բայցեւայնպես, վերջին՝ 44-օրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո բազմաթիվ էին նախաձեռնությունները, որոնք տարբեր պրոյեկտներ էին առաջարկում ԱԹՍ-ների եւ ռազմարդյունաբերական այլ օբյեկտներ պատրաստելու գործում։ Մերժված հայտերի մեջ ինչպիսի՞ առաջարկներ ու ծրագրեր են ներկայացված եղել։ «Ես այդ հանձնաժողովի մեջ չեմ, որովհետեւ մերժումները կատարում են Գիտության կոմիտեի հանձնաժողովները, իսկ երբ գալիս է մեծ հանձնաժողով, որը վարչապետն է ղեկավարում, այնտեղ, այո, եղել են մերժումներ։ Օրինակ՝ մի անգամ ինձ մի 10-15 հատ ծրագիր էին տվել, որոնց մեջ 1 կամ 2 ծրագիր էր, որ մոտ էր ֆինանսավորման։ Իրականում, ծրագրերը կարող է շատ լինեն, բայց սա այն գործն է, որ գումարը պետք է միանշանակ նպատակային ծախսվի եւ գումարն էլ քիչ չէ՝ մինչեւ միլիարդների է հասնում։ Դրա համար պետք է ավելի խիստ փորձաքննություն անցնի»։
Դեռ 90-ականներից մեր երկրում պատրաստել են տարբեր զինատեսակներ, զինամթերք, ինչո՞վ է բացատրում, որ այս տարիների ընթացքում ռազմարդյունաբերությունը չի զարգանում, եւ մարդիկ ռեալ իրատեսական պրոյեկտներ չեն ներկայացնում։ «Դժվարանում եմ ասել, երեւի լիարժեք չեն կազմակերպվել գործընթացները։ Ես իմ ելույթում էլ անընդհատ նշում էի, որ պետք է զարկ տալ կիրառական գիտությանը։ Այսօր էլ եմ դա պնդում, եւ կիրառական գիտության կարեւոր բաղադրիչներից մեկը հենց գիտությունն է, որն աշխատելու է մեր ռազմարդյունաբերական կոմպլեքսի համար։ Հիմա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, եղած ինստիտուտներն օգտագործեն եւ ոչ թե ինստիտուտները տանեն միացնեն բուհերին։ Եթե ինստիտուտները միացնում են բուհերին, ավելի շատ այդ ինստիտուտի գիտությունն աշխատելու է բուհական գիտության համար, ոչ թե ռազմարդյունաբերական կոմպլեքսի համար։ Օրինակ, Ադրբեջանում բոլոր այդ ինստիտուտները, որոնք այդ ուղղությամբ են աշխատում, միացրել են իրենց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը»,- ասում է Սաղյանն ու ուրախությամբ փաստում, որ նախկինում պետությունն այդքան գումարներ չի տրամադրել գիտությանը, վերջին տարիներին կրկնապատկվել է գիտությանը տրվող ֆինանսավորումը։
«Իմ կարծիքով, ճիշտը կազմակերպչական ռազմավարությունն է, պետք է ճիշտ ուղղություններն ընտրվեն, այդ ուղղությունների գիտությունը տարվի կիրառական դաշտ»,- ասում է ԳԱԱ նախագահն ու ընդգծում՝ մեր գիտնականներին պետք է խրախուսել, որ հոդվածներ գրելուց բացի, նաեւ այնպիսի գործեր անեն, որոնք մտնեն տնտեսություն եւ ռազմարդյունաբերական համալիր։
Կարծիքներ