Խոսքը տալու մասին չէ, հետ տալու մասին է

Խոսքը տալու մասին չէ, հետ տալու մասին է

Մեր զրուցակիցն Իջեւանի թիվ մեկ հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Փաշինյանն է` Նիկոլ Փաշինյանի պատմության ուսուցիչը:

- Ձեր աշակերտը Տավուշից գյուղեր հանձնելու մասին է խոսում: Կիսո՞ւմ եք նրա տեսակետները:

- Մենք հանձնվող գյուղ չունենք: Դրանք մեր գյուղերը երբեք չեն եղել, էնպես որ՝ դրանք նախկինում Ղազախի շրջանի գյուղերն են: Թե հիմա ով ինչ կարծիքի է, չգիտեմ:

- Բայց այդ հողերի հանձնումով Հայաստանը բլոկադայի մեջ է հայտնվում:

- Իմ կարծիքը չեմ կարեւորում, մթամ երբ չի տենց եղել…. ոչ մի բլոկադա էլ չկա, միշտ էլ էդ ա, էլի, ավելորդ, սուտի խոսակցություններ են:

- Նիկոլ Փաշինյանը միայն հանձնելու մասին է խոսում՝ ոչինչ դրա դիմաց չպահանջելով: Սա նորմա՞լ է:

- Ո՛չ ես, ո՛չ էլ Դուք չունենք այդպիսի տեղեկություններ, որ հստակ ասենք: Ժամանակը կգա՝ կիմանանք:

- Տավուշում հայկական գյուղեր չկա՞ն, որոնք Ադրբեջանը գրավել է:

- Չէ, ոչ մի գյուղ չունենք, կան միջանկյալ տարածքներ, որ ո՛չ մենք ենք օգտագործում, ո՛չ նրանք, բայց գրավյալ գյուղեր չկան: Մեր կողմից կան, նրանց կողմից չկան:

- Մի խոսքով, Ձեր՝ երկիր հանձնող աշակերտից գոհ եք:

- Դրա հետ եկեք չկապենք, ես միլիոնավոր աշակերտներ եմ ունեցել: Համամիտ չեմ, որ նա իմ աշակերտն է, դրա համար եմ էդպես ասում:

- Արցախը հանձնեց, հիմա Տավուշին է անցել, նրան դավաճան են անվանում, նորմա՞լ է:

- Վերցնելն ու տալը տարբեր բաներ են:

- Բայց այսօր Տավուշի գյուղերը ոչ մեկը չի վերցրել, Նիկոլ Փաշինյանն է կամովին հանձնում Ադրբեջանին:

- Խոսքը տալու մասին չէ, հետ տալու մասին է:

- Բայց նրանք էլ Հայաստանին լիքը տալու բաներ ունեն, գերիներին անգամ մինչ օրս հետ չեն տվել:

- Նրանք էլ հետ կտան, համբերություն ունեցեք:

- Նիկոլ Փաշինյանը վախենում է, ասում է` կհարձակվեն, կկոտորեն մեզ, ինքն էլ պաշտոնից կզրկվի:

- Ինչի՞ց է վախենում: Դրանք էլ ուրիշ լսարանի համար ասված բաներ են: Ամեն ինչ հալած յուղի պես չի գնում:

- Այս ընթացքում նա դպրոց կամ Ձեզ այցելե՞լ է:

- Ժամանակին գալիս էր, վերջերս չի եկել, առիթ չենք ունեցել զրուցելու:

- Չե՞ք կարծում, որ հրաժարական տալու ժամանակն է:

- Բա բայց ես ի՞նչ իմանամ, եթե դրա անհրաժեշտությունն ունենա, կգնա, ո՞ւմ եք պատկերացնում իր տեղը:

- Անփոխարինելի՞ է: Եվ եթե ամեն ինչ պիտի Ադրբեջանին նվիրենք, ինչո՞ւ էր Իջեւանի ջոկատն 90-ականներին կռիվ տալիս:

- Հիմա չեմ կարող այդ մասին խոսել, ես՝ ինքս, շատ բաների եմ ականատես եղել ու գիտեմ՝ ինչն ինչից հետո է:

Արեգ Մարգարյան