Թե ինչ եղավ, երբ «Մասիս» սիգարետը թանկացավ 50 դրամով
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պայքարում ծխելու դեմ: Վույ աման, մեր հպարտ քաղաքացիների առողջությունը թանկ է ամեն բանից: Նույնիսկ սրճարաններում ու ռեստորաններում ծխելն արգելեցին... Այս ամենի արդյունքում ծխախոտը թանկացավ, իսկ արգելքների մասին սկսեցին չհիշել և աչք փակեցին իրենց հակածխախոտային միջոցառումների վրա:
Գիտեմ, կասեք՝ էս նեղ մաջալին ծխելո՞ւց ես խոսում: Ոչ, ծխելուց չեմ խոսում, ծխախոտի թանկացումից ու ծխախոտի բիզնեսից եմ խոսում: Բանն այն է, որ այդ բիզնեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրի թիվ մեկ ընտանիքի անդամների և նրանց հավասարեցված անձանց շրջանում և դրանով իսկ արդեն խիստ հետաքրքրական է:
Փաշինյանն, ինչպես գիտեք, չհերքեց իր ընտանիքին վերագրվող բիզնեսի հետ կապված տեղեկությունները: Ասաց՝ պարտավոր չեմ հերքել, իսկ դա նույնն է, թե հրաժարվում ես ապացուցել հակառակը: Չհերքեց՝ չհերքեց... Բարին իր հետ, ինչպես ասում են, բայց դրանից խնդիրը ոչ թե լուծվեց, այլ ավելի բարդացավ: Եվ ահա, երբ մտքով շաղկապում ես Ռուսաստանի տարբեր քաղաքներում մաքսանենգ սիգարետով բեռնված օդանավերի կալանման պատմություններն ու Հայաստանում սիգարետի թանկացման «առողջապահական» ակցիան, ակամա մտածում ես՝ իսկ չէին կարո՞ղ Ռուսաստան սիգարետ «արտահանող» մեր գործարարները սիգարետի բիզնես ունենալ նաև Հայաստանում:
Հայաստանում սիգարետի «շուկա» ներխուժելն, անշուշտ բարդ գործ է: Առնվազն պետք է արտադրող լինես կամ ներմուծող: Մեր ունեցած տեղեկություններով (տես Միքայել Մինասյան, Շաբաթ իրիկուն, 2-7-րդ թողարկումներ)՝ հայ-ռուսական տրանս-կոնտինենտալ գծերի հայ ծխախոտահենները չունեն ոչ մեկը և ոչ մյուսը, բայց ունեն մի այնպիսի գործիք, որ նրանց թույլ է տալիս առանց այդ բիզնեսի տիրակալների շահերին դիպչելու տեղավորվել ոլորտում: Ինչպե՞ս: Շատ պարզ, ժողովրդի հաշվին: Այդ գործիքի անունը բոլորը գիտեն՝ իշխանություն կամ պետական լծակ: Մեխանիզմը շատ պարզ է, իսկ գործի դնելու համար էլ շատ խելք պետք չէ: Դուխը բավական է:
Նիկոլ Փաշինյանը ծխախոտահենության սկանդալի պայթյունից հետո հայտարարեց, որ մարդիկ իր մասին բաներ են ասում՝ իրենց փչացածության աստիճանի համեմատ: Չեմ վիճում, որովհետև իմ այն միտքը, որ թիվ մեկ ընտանիքը կարող է ներգրավված լինել նաև սիգարետի ներքին բիզնեսում, արդեն իսկ որոշակի փչացածության հետևանք է: Իսկ ո՞վ է մեղավոր, որ ՀՀ քաղաքացին «փչացած» մտքեր ունի: Էլ ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, որ չցանկացավ հերքել Մինասյանի՝ ըստ էության հանցագործության մասին հաղորդումները:
Եվ ուրեմն՝ սիգարետը Հայաստանում թանկացավ: Մեկ տուփի վրա 50-ից մինչև 200 դրամ: Ի՞նչ է լինում այն լրացուցիչ գումարը, որ ստացվում է սիգարետի վաճառքից: Հանկարծ չասեք՝ զենք ենք առել, «Ազգ-բանակ»-ին ենք փոխանցել, թոշակ ու աշխատավարձ ենք կրկնապատկել, կորոնավիրուսի վրա ենք դնում: Շատ ներողություն, հազար ներողություն, բայց իմ փչացածության աստիճանը թույլ չի տալիս ձեր մասին լավը մտածել: Հիմա ես մի կոնկրետ հարց ունեմ՝ Հրաչը, որպես պետական աներձագ, կամ՝ Աննան, որպես պետության առաջին տիկին, մաս (փայ) ունե՞ն նշածս 50-200 դրամ թանկացումից, թե՞ ոչ: Նաև մի այսպիսի խնդրանք՝ այս հարցին պատասխանելուց առաջ նախ վստահեցրեք, որ սիգարետի բիզնեսի նկատմամբ հետաքրքրություններ չունեք առհասարակ:
Էդիկ Անդրեասյան
Կարծիքներ