Ինչու՞ ենք դատավորների վեթինգ անում, իսկ դատախազներին՝ ոչ․Հակոբ Ճարոյան
Փաստաբան Հակոբ Ճարոյանը գտնում է, որ ժողովրդի ինքնաբուխ ակցիաները դատարանների դեմ իմաստ չունեն, և քրեական օրենսգրքում կան դատավորներին անարդար դատական ակտեր կայացնելու համար պատասխանատվության կանչելու բոլոր մեխանիզմները։ «Եթե ինչ որ մեկը գտնում է, որ խախտվել է իր իրավունքը, կարող է հստակ հաղորդում տալ հանցագործության մասին, հղում կատարելով քրդատ օրենսգրքի 352 հոդվածին՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելը», - ասում է նա։
Պարադոքսն այն է, որ հենց ինքը՝ Հակոբ Ճարոյանը Երեւանի դատախազ Րաֆֆի Ասլանյանի դեմ կաշառք վերցնելու հետ կապված դատաքննությունների բազմիցս հաղորդումներ է տվել դատավորների դեմ, հղում կատարելով իր իսկ նշած հոդվածին, սակայն հաջողության չի հասել։
- Փաստորեն, հենց ձեր փորձը ցույց է տալիս, որ դատավորներին պատասխանատվության կանչելու ճանապարհը արդյունավետ չի, այս ձևով արդարության հասնելը իրատեսական չի։
- Չէ, եկանք նրան, որ նույն վարչապետը, եթե ուզում է արդարադատություն իրականացնի դատական համակարգում, պետք է ասի՝ կիրառեք օրենքը։ Այսինքն՝ եթե ես հաղորդում եմ տալիս Երևան քաղաքի նախկին դատախազի հետ կապված ու ասել եմ, որ իմ գործով նա կաշառք է վերցրել, ապա ես պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեմ սուտ մատնության համար։
Ես այդ առաջարկը դատախազությանը արել եմ։ Ինչու եք դատավորներին ստորացնող քայլեր իրականացնում, բոլորին չափելով նույն արշինով։ Բերեք ստեղծենք մի ինչ-որ քննչական խումբ, ասենք, ԱԱԾ-ի, կամ ՀՔԾ-ի կազմում, թող զբաղվեն նմանատիպ հաղորդումներով, նաև դատախազների, նաև քննիչների դեմ տրված։ Ու բողոքողը պետք է գիտակցի, որ եթե չապացուցվի իր հաղորդման մեջ նշված տվյալներն, ապա ինքը քրեական հետապնդման պետք է ենթարկվի։
- Դատախազությունը ձեզ ասեց՝ ուղղակի ապացույց, որ դատախազը կաշառք է վերցրել չկա, նույնն էլ կասի այդ խմբին։ Ի վերջո, իրենք չեն կարող բոլոր հաղորդում տվողների դեմ քրեական գործ հարուցեն։
- Է, հիմա ել 200 դատավորի հանդեպ պետք է վեթթինգ իրականացնեն, նույնն է ստացվում։ Ի՞նչ տարբերություն։ Դա անում են էլի բոլոր 200 հոգու հետ կապված, որն աբսուրդ է։ Մարդիկ նորմալ ծառայում են, իսկ դու այդ ստրկացուցիչ պրոցեդուրա ես մտցնում։
- Իմ կարծիքով, այս տարիների ընթացքում այնքան բողոքներ են եղել դատավորների դեմ, որ բոլորին էլ կարող են քննել…
- Չէ, բայց կոնկրետ իմ դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկում։ Իսկ եթե փորձեն ինձ պատասխանատվության ենթարկել,դատարանում կպարզվի, որ ես ճիշտ էի ասում։ Իմ ասածն այն է, որ ճիշտը օրենքի պահանջը կատարելն է։ Այն դատավորների հետ կապված ընթացք տալը, որոնց վրա կա հաղորդում։
- Լենա Նազարյանը հայտարարություն է տարածել, որ բոլոր նրանք, ովքեր ունեն դատավորների դեմ բողոքներ, թող դիմեն։
- Հիմա, ես երկու օր առաջ երկու դատավորների դեմ հաղորդում եմ տվել, եթե նորից չհարուցեն գործ, Լենա Նազարյանը ի՞նչ է անելու։
-Երկու դատավորներն էլ Ասլանյանի դեմ բողոքի՞ն են վերաբերում։
- Ոչ։ Հաղորդումներ եմ տվել Կարեն Մարդանյանի և Գայանե Խաչատրյանի դեմ։ Ընդ որում, ես դրանք տվել էի մինչև Փաշինյանի ելույթը, երկու-երեք ամիս առաջ։ Ես դիմել էի Փաշինյանի անունով, այնտեղից գնացել է արդարադատության նախարարություն, և այնտեղից ինձ պատասխանում են՝ դիմի գլխավոր դատախազություն։ Դիմել եմ գլխավոր դատախազություն։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի դեպքում ստացել եմ գրություն, որ իմ հաղորդումը հիմնավոր չէ։ Հարցնում եմ՝ բա ինձ ինչո՞ւ չեք դատում, եթե ես զրպարտում եմ դատավորին։ Ասում են՝ նույն ձեր ասածը՝ հո ամեն մարդու նկատմամբ սուտ մատնությամբ չենք հարուցելու։
- Ճիշտ են ասում, պարոն Ճարոյան, սուտ մատնության հոդվածը կիրառելու համար պետք է համոզված լինեն, որ միտումնավոր եք ստել իրավապահներին։
- Բայց իրենք պարտավոր են իմ հաղորդումը քննել, որ համոզվեն։ Ինձ գրությամբ են պատասխանում, հղում կատարելով վճռաբեկ դատարանի երկու նախադեպի, ու ես ստիպված դիմում եմ դատարան, որ դատարաններով հիմնավորեմ։ Մինչդեռ իրենք պետք է ինձ կանչեն, իմանան, ինչ նյութեր եմ ներկայացնում, որը չեն անում։ Եթե սա շոու չի ու իրականում ուզում են բացահայտել այն քննիչներին, դատախազներին ու դատավորներին, որոնք ներքաշված են կոռուպցիայի մեջ, հանձնարարություն-խնդրանք են կատարել և այլն, ապա ամենաճիշտը քրեական գործ հարուցելն է, որի արդյունքում պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի կամ նա, ում դեմ տրվել է հաղորդում, կամ հաղորդում ներկայացնող անձը։ Սկզբում բոլորը ոգևորված կտան հաղորդումներ, բայց եթե պարզվի, որ դրանց արդյունքում հենց իրենք են քրեական պատասխանատվության ենթարկվելու, հոսքը կդադարի ու հետագայում հաղորդումներ կտրվեն միայն այն պաշտոնական անձի նկատմամբ, որի մեղքը ի վիճակի են ապացուցել։
- Սա կարող է մեխանիզմներից մեկը լինել։
- Սա միակ ռեալ մեխանիզմն է դատարանները կոռումպացվածներից մաքրելու։ Կվերանան բոլոր խոսակցությունները վեթթինգի հետ կապված, որ այն դրսից բերված է ու օրինական չի։ Կամ՝ ինչո՞ւ պետք է դատավորներին վեթթինգ անեն, իսկ դատախազներին՝ ոչ։ Թող նաև դատախազների գույքային վիճակը հրապարակեն, որը նույնպես հետաքրքիր է։ Նույն գլխավոր դատախազի գույքը բերենք ու համեմատենք իր ստացած աշխատավարձի հետ։ Կիրառենք օրենքը,ոչ թե ցանկությունները։ Լենա Նազարյաինին լսելով, վաղը բոլոր փաստաբանները հաղորդում են տալիս, հետո Լենան ի՞նչ է անելու։
Հ․Գ․ Հակոբ Ճարոյանը պատմեց ՊՆ պաշտոնյաներից մեկի մասին, ով ահռելի հարստություն էր կուտակել, մի տատիկից նոտարով վավերացված տեղեկանք էր ձեռք բերել։ Տեղեկանքում տատիկը գրել էր, որ պաշտոնյային 500 հազար դոլար է նվիրել։ Տատիկը մահացավ, բայց նրա գրած թուղթը սույն պաշտոնյան միշտ գրպանում էր պահում։ Վեթթինգի ժամանակներին նա չհասավ։
Կարծիքներ