Երկու առակ՝ Նիկոլ Փաշինյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ մյուսների համար

Երկու առակ՝ Նիկոլ Փաշինյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ մյուսների համար

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը, մարդու մտքերն ու աղոթքները միշտ գնում են դեպի ցեղասպանության նահատակները, դեպի 1915 թվականը, դեպի Ծիծեռնակաբերդի անմար կրակը, դեպի այն բախտորոշ ու ծանրագույն ժամանակները, որոնք մեր ներկայիս իրականության մասին մտորելու տեղիք են տալիս եւ ստիպում զուգահեռներ անցկացնել անցյալի հետ, հասկանալ, թե ինչ իրավիճակում ենք գտնվում մենք ներկայում։ Ու հնարավոր չէր չհիշել օրեր առաջ Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներից Անդրանիկ Քոչարյանի՝ Հայոց ցեղասպանության նահատակներին «ցուցակագրման մատերիալ» դարձնելու մասին արված հայտարարությունը, որը ներկայացվեց որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում իրականացնելիք նպատակներից մեկը։

Երկու առակ կուզենայինք պատմել այս առնչությամբ՝ հասցեագրելով Նիկոլ Փաշինյանին, Անդրանիկ Քոչարյանին ու բոլոր նրանց, որոնց ուղեղները նման «հանճարեղագույն» մտքեր «արտավիժելու» ընդունակություն ունեն։ Ուրեմն առաջին առակը։ Մի գյուղում մի կին է լինում։ Սա հարեւանների հետ պայմանավորվում է կաթ փոխ տալ ու փոխ առնել, որ ձմեռվա համար յուղի ու պանրի պատրաստություն տեսնի։ Սակայն այս կնոջ կովը լավ կաթնատու չի լինում, ու կինն ամեն անգամ կաթը հարեւաններին փոխ տալիս կաթի հետ ջուր է խառնում։ Պատահում է այնպես, որ օրերից մի օր կինը մահանում է։ Երբ կանգնում է դատաստանի առաջ, արքայության դարպասների մոտ, ուրախանում է, որ արդար է համարվել Աստծո կողմից, ու ուր որ է՝ Աստված իրեն երկնքի արքայությանն է արժանացնելու։ Հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը։ Կինն ուրախանում է ու ասում, որ ուրախ է, որ Աստված իրեն արքայության է արժանացնելու։ Հրեշտակապետը խորհրդավոր ժպտում է եւ պատասխանում, որ՝ այո, կմտնի արքայություն, սակայն մի պայման կա։ Նա վերցնում է մի աման, մեջը լցնում մի դույլ կաթ եւ մի դույլ ջուր, խառնում եւ ասում․ «Աստծո վճիռն այս է՝ հենց որ կաթն ու ջուրը կարողանաս զատել, կմտնես արքայություն»։

Ահավասիկ՝ երկրորդ առակը, որն իրական պատմական դեպք է։ Ասում են՝ երբ Չերչիլը Ստալինի հետ հակահիտլերյան կոալիցիայի հարցն է քննարկելիս լինում, ասում է, որ նաեւ Հռոմի պապն է միանում այդ կոալիցիային։ Ստալինը քմծիծաղով արձագանքում է, թե իսկ Հռոմի պապը քանի դիվիզիա զորք ունի։ Չերչիլը չի պատասխանում։ Հետո այս պատմության մասին իմանում է այդ ժամանակվա Հռոմի պապը եւ որեւէ կերպ չի արձագանքում։ Անցնում են տարիներ։ Երբ 1953 թվականին մեռնում է Ստալինը, եւ զեկուցում են Հռոմի ծապին, նա ասում է․ «Այ, հիմա նա կիմանա, թե այնկողմնային աշխարհում մենք՝ որպես Քրիստոսի եկեղեցի, քանի դիվիզիա զորք ունենք»։

Ինչու այս առակները ներկայացրինք։ Բոլորս ենք մահկանացու, եւ գուցե տողերիս հեղինակն ավելի շուտ հրաժեշտ տա այս աշխարհին ու կանգնի Աստծո առաջ, քան Նիկոլ Փաշինյանը կամ Անդրանիկ Քոչարյանը, սակայն կարեւորն այն է, թե ինչ «բագաժով» ենք այդ պահին կանգնելու Աստծո առաջ։ Այդ ժամանակ այլեւս ոչինչ չի օգնելու մեզ, եւ, Աստված մի արասցե, եթե մեր կատարած գործերի հանգույն Աստված այնպիսի վճիռ կայացնի մեր հանդեպ, որ հայտնվենք կաթի հետ ջուր խառնած կնոջ կամ Քրիստոսի եկեղեցու զորությանը կասկածող Ստալինի կարգավիճակում։