Ուղերձս զինչ ցուցանե

Ուղերձս զինչ ցուցանե

Իհարկե սպասում էինք Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձին: Այն պետք է լիներ իրադարձային, քանզի նախորդ ապրիլքսանչորսից այսկողմ տեղի էին ունեցել իրադարձություններ, որոնք չէին կարող իրենց արտացոլումը չգտնել այս տարվա ուղերձում: Եվ նա բարբառեց. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ…»: Այստեղ արժե հիշել, թե ինչ տեղի ունեցավ Սյունիքում, երբ 44-օրյա պատերազմից հետո նախընտրական այցով Փաշինյանը հայտնվեց այնտեղ ու սյունեցիներին դիմեց խիստ «սվոյսկի» ոճով՝ ողջույն ժողովուրդ ջան… «Ողջույն, բ-ի տղա»՝ եղավ պատասխանը: Սա զուտ որպես 3-ամյա փաստի արձանագրում: Դրանից հետո սյունեցիների այդ «յուրօրինակ» բարևը վերածվեց թևավոր խոսքի և, գրականացվելով, դարձավ «սյունյաց ողջույն»: Սյունյաց ողջույններ Նիկոլին, սյունյաց ողջույններ Ալենին, սյունյաց ողջույններ Անդրանիկ Քոչարյանին, սյունյաց ողջույններ… Իշխանություններից մարդ մնացե՞լ է առանց այդ ողջյունների: Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում:

Դեպքից երեք տարի անց Նիկոլը, ահա, կրկին «սվոյսկի» ձևով է դիմում ժողովրդին. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ»: Արցախի մասին ոչ մի խոսք: Մինչդեռ հենց Արցախի հայաթափումն էր այն իրադարձություններից մեկը, որ տեղի էր ունեցել նախորդ ապրիլքսանչորսից հետո: Եվ Ցեղասպանության օրով առաջին սյունյաց ողջույնը հենց այստեղ է կախվում օդում: Պայթելու բան է: Ընդամենը մի քանի ամիս առաջ կար թե Արցախի Հանրապետություն, թե Արցախի Հանրապետության քաղաքացի: Իսկ այսօր՝ ընդամենը «սիրելի ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ»:

Եվ ապա՝ Փաշինյանն իր այսօրվա ուղերձը հղեց «տավուշյան ողջյունների» ներքո, ինչը հիմնավոր կասկած առաջացրեց Փաշինյանի՝ ժողովրդի և ՀՀ քաղաքացիների հասցեին հնչեցրած «սիրելի» բառի հանդեպ: Ինչպե՞ս կարելի է ապրիլքսանչորսի օրով սիրելի ասել մեկին, ում տունը ձեռքից խլում, տալիս ես թուրքին, ում հողի մեջ բերում, թուրքի սահմանասյուն ես տնկում, ում գյուղի պաշտպանական դիրքերը հանձնում ես թուրքին… Սիրելի քաղաքացիների վրա «վիլի՞ս» են քշում, թե՞ կարելի է սիրելի քաղաքացիների հոգևոր հովվին քաշքշել: Իսկ գուցե ճիշտ է քո երեսից քունուդադարը կորցրած քաղաքացիներին սիրելի ասե՞լը: Ապրիլի 24-ին «սիրելի» ադրբեջանցիներին Տավուշից հողահատկացման գործընթացի փայլուն ավարտն էլ կարող ենք համարել այն երկրորդ իրադարձությունը, որին Փաշինյանը չանդրադարձավ իր այս տարվա ուղերձում:

Անցնենք առաջ: Կեղծ ողջույնից հետո Փաշինյանը սկսեց այսպես բարբառել. «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար»: Այստեղ մի շատ էական կետադրական սխալ կա և բացի այդ՝ Քոչարյան Անդոյին դրել է խիստ անհարմար վիճակի մեջ: Տրամաբանորեն՝ «ցեղասպանության» բառի վրա պետք էր դնել բութ, որովհետր այն «Մեծ եղեռնի» բացահայտիչն է: Մինչդեռ, երբ ստորակետ ես դնում այդ արտահայտությունների միջև, ստացվում է մի տեսակ թվարկում և «նեռազբիրիխա» է սկսվում՝ հիմա այդ 1.5 միլիոն զոհերը Ցեղասպանությա՞ն, թե՞ Մեծ եղեռնի զոհերն են, որոնց հիշատակը որոշել է ոգեկոչել Նիկոլը: Այս նույն «նեռազբիրիխայի» մեջ էր հայտնվել նաև Քոչարյան Անդոն, որ փորձում էր լրագրողից ճշտել «ցեղասպանություն» և «եղեռն» բառերի տարբերությունը: Քաղաքական «նեռազբիրիխա» է սկսվում նաև Նիկոլի կողմից զոհերի թվի «ֆիքսումով»՝ 1.5 միլիոն: Քոչարյան Անդոն, փաստորեն, այստեղ էլ է «փչանում», որովհետև շտապել էր կասկածի տակ դնել այդ թիվը:

Ուղերձի փիլիսոփայական շերտերին ես չեմ անդրադառնա: Դա այս տեքստի ամենախրթին հատվածն է, որտեղ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, ընդհուպ այն բանից, որ մենք Ցեղասպանության մասին ներքին քննարկում չունենալով՝ աշխարհին սխալ մեսիջներ ենք ուղարկում մեզ հետ կատարվածի մասին: Մենք, ըստ նրա՝ պարզապես «հոգեցնցված» ենք ու մինչ օրս չենք հաղթահարել այդ «հոգեցնցումը»: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարյուրամյա այս ողջ ընթացքը եղել է մի խումբ «հոգեցնցված» հայերի պայքար, որ մոլորության մեջ է գցել աշխարհի բազմաթիվ գերտերությունների ու ազդեցիկ երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դատապարտել, ընդհուպ՝ քրեականացրել Ցեղասպանության հերքումը:

Պարոն Փաշինյան, եթե մենք հոգեցունց ենք, ապա դու խելագար ես կամ ապուշ: Հրեաների օրինակով դա շատ հեշտ է ապացուցել: Կարծում եմ՝ նրանք պակաս հոգեցունց վիճակում չէին տոտալ ողջակիզումից հետո, բայց կարողացան իրենց «հոգեցունց» վիճակը պարտադրել ողջ աշխարհին ու ճանաչել տալ Հոլոքոստը: Դու առաջարկում ես մոռանալ Ցեղասպանությունը, մոռանալ հոգեցունց իրողությունը և խայտառակվել ողջ աշխարհի առաջ՝ հայտարարելով՝ մենք պետություն ունենք և այսքանով բավարարված ենք: Չի կարելի նման բան անել: Դա ապուշություն է, եթե հայրենիք ես կորցրել, եթե անմեղ զոհեր ես տվել, եթե քեզ ենթարկել են ցեղասպանության:

Ինձ հատկապես դուր եկավ Փաշինյանի ուղերձի հետևյալ միտքը. «Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ»: Ճիշտ է, այն ասված է բոլորովին այլ համատեքստում, բայց «ներքին հայեցողության» իմաստով խիստ կարևոր է «սիրելի ժողովրդի» և «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիների» համար: Երկրորդեմ Փաշինյանին՝, այո, այլևս երբեք: Այլևս երբեք Հայաստանում «հակահայ վիժվածքների» իշխանություն չպետք է լինի: Եվ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: