Իսկ լիդերը գուցե մեր կողքին է

Իսկ լիդերը գուցե մեր կողքին է

Սուգն ու վիշտը հայ ժողովրդից անբաժան է դարձել եւ այստեղ ոչ միայն հայի բախտն է մեղավոր, այլեւ «հայի խելքը»: Մենք ոչ միայն անհատական մակարդակով ենք շատ սխալներ թույլ տալիս, այլեւ` որպես հանրություն: Ճակատագրական սխալներ ենք անում ամենակարեւոր պահերին` սխալ դաշնակիցներ ենք ընտրում, իսկ թշնամիների հանդեպ կամ շատ բարյացակամ ենք, կամ` անվերջ թշնամություն բորբոքելու պատրաստ, որից, ի վերջո, էլի մենք ենք տուժում: Մենք սխալ իշխանություն ենք ընտրում եւ ոչ մի կերպ չենք կարողանում տեր կանգնել նրան փոխելու, ազատ ընտրելու մեր իրավունքին: Իսկ եթե անգամ փոխում ենք` այնքան արագ ենք նրան փչացնում, հղփացնում, մեր «գլխին դնում», որ ի վերջո` ստացվում է ոչ մի տարբերություն չկա` ընտրված եւ չընտրված, սիրված եւ ատելի իշխանությունների միջեւ: 

Մենք թույլ ենք տալիս, որ ցանկացած իշխանություն արագորեն կորցնի իր «հյուսիսն ու հարավը», իրեն երկրագնդի տեր զգա ու ստրուկների կառավարիչ եւ համարի, որ իրեն ամեն ինչ թույլատրելի է: Այդ իշխանությունից փշրանքներ ստացողները դառնում են նման իշխանության ամուր հենարանն ու ատամներով պաշտպանողը, իսկ իշխանությանը հեռացնել երազողները` անզոր ու անօգնական մարդկանց մի խումբ, որն ատելուց, անիծելուց բացի որեւէ բանի ունակ չէ: 

Մենք անգամ նորմալ ընդդիմություն չենք կարողանում ընտրել եւ առաջ բերել մեր շարքերից, որովհետեւ բոլորին կարող ենք անխնա սեւացնել ու գլխին բամփել: Իսկ ընդդիմության լիդերի կերպարում սպիտակ ձին նստած անթերի արքայազն ենք պատկերացնում: Իսկ «արքայազնները» պարզվում է` թույլ են, անկամ, խեղճ, ամենաթույլ հարվածից կոտրվող: Իսկ մեր երկրի նման երկրում ընդդիմության լիդեր դառնալու համար պետք է աննկուն ոգի, մեծ համարձակություն եւ հարվածներից չկոտրվող կամք ունենալ։

Իսկ մենք հավան չենք ոչ նախկին նախագահներին, ոչ նորահայտ գործիչներին, ոչ դրսից եկածներին, ոչ հին կուսակցություններից սերվածներին, ոչ ջահելներին, ոչ ահելներին: Անգամ եկեղեցու սպասավորներին ունակ ենք քարկոծել ու նրանց արածը նսեմացնել: 

Իսկ «արքայազնը» կարող է հենց մեր կողքին է, օրինակ` Տավուշի թեմի առաջնորդի տեսքով, կամ` մի քանի անգամ ձախողված Վազգեն Մանուկյանի, կամ` Տավուշում պայքարող Գառնիկ Դանիելյանի: Անձը բոլորովին կարեւոր չէ: