Նիկոլ Փաշինյան, ժամանակին Վարդգես Գասպարիին էիր պաշտպանում, մի ելույթ էլ Սուրեն Պետրոսյանին նվիրիր

Նիկոլ Փաշինյան, ժամանակին Վարդգես Գասպարիին էիր պաշտպանում, մի ելույթ էլ Սուրեն Պետրոսյանին նվիրիր

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը կատաղի պայքարում էր քաղբանտարկյալների իրավունքների համար, դատապարտում էր քաղաքական եւ այլ նկատառումներով մարդկանց կալանավորումները եւ ակցիաներ էր անում հանուն նրանց, հիմա ինքն է բանտերը լցրել քաղբանտարկյալներով եւ առանց դատավճիռների` տարիներով պահում է կալանավայրում: Նրա հրահանգներով են քննիչները կալանքի միջնորդություններ տանում դատարան, եւ նրա հրահանգներով են դատավորները կալանավորման որոշումներ կայացնում, անգամ երբ բոլորովին դրա հիմքերը չկան: Իսկ այն դատավորները, որոնք հրաժարվում են կատարել այդ հրահանգները,` ուղղակի զրկվում են դատավորի պաշտոնից: Իր ենթակա Գրիգոր Մինասյանի եւ Կարեն Անդրեասյանի ձեռնարկած քայլերով վարույթներ են հարուցվում, կամ պարտադրում են հրաժարականներ տալ:

Իսկ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս գետնին պառկող եւ ամենուր ակցիաներ անող Վարդգես Գասպարիի իրավունքների պաշտպանությամբ, հայտարարություններ էր անում նրա օգտին` ԱԺ ամբիոնից, հրաժարվում էր մասնակցել քվեարկության, քանի դեռ Գասպարին ազատ չի արձակվել: 

Ահա` 2016 թվականի փետրվարի 22-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր. «Վարդգես Գասպարիին կալանավորելու որոշումը կայացրել է Շենգավիթի վարչական շրջանի 1-ին ատյանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, եւ այդ կալանքի որոշման հիմքերը, շատ մեղմ ասած, կասկածելի են, ես չեմ ուզում ասել՝ ուղղակի ապօրինի: Ես 2 անգամ կալանքից հետո եղել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, տեսակցել եմ Վարդգես Գասպարիի հետ, կարող եմ ասել, որ նա ունի առողջական խնդիրներ, նա ճնշման հետ կապված խնդիր ունի, շաքարային դիաբետի հետ կապված խնդիր ունի, եւ ես կարծում եմ, որ տվյալ դեպքում նրան կալանքի տակ պահելը շատ նման է խոշտանգման, մանավանդ որ այն գործը, որով ինքն անցնում է, այդ գործով առավելագույն, խնդրում եմ ուշադրություն դարձրեք՝ առավելագույն պատիժ է սահմանված կալանքը՝ 2-3 ամիս: Այսինքն՝ նման գործով մարդուն կալանավորելը սա արդեն որոշակի ենթադրությունների կամ հետեւությունների հիմք է տալիս, մանավանդ որ ես՝ ինքս, «Նուբարաշեն» ՔԿՀ այցելելով՝ վերջին ամիսներին, տեսել եմ, որ կա խնդիր՝ եւ նաեւ դրսից ուղղորդվող, որ շատ դեպքերում քաղաքացիական ակտիվիստներին չկարողանալով դատաիրավական պրոցեսների միջոցով ընկճել, այս նպատակի համար իշխանությունները դրսի ուժերի միջոցով օգտագործում են կրիմինալ տարրի՝ այդ կրիմինալ տարրի միջոցով որոշակի ազդեցություններ գործելու համար: Ես այս պահին ընդամենն ուզում եմ ասել, որ խստիվ դատապարտում եմ Վարդգես Գասպարիի կալանավորումը եւ դա համարում եմ քաղաքական հետապնդման ցայտուն օրինակ»:

Իսկ իր պաշտոնավարման ժամանակ մենք Արմեն Գրիգորյանի դեպքն ենք ունեցել, երբ մարդն ամենաանհեթեթ մեղադրանքով կալանավորվեց եւ մահացավ հենց դատարանի դահլիճում: Մամիկոն Ասլանյանի, Արմեն Աշոտյանի, Դավիթ Տոնոյանի դեպքերն ունենք, երբ մեղադրանքները ոչ միայն չեն ապացուցվում, այլեւ դատարանը չի կարողանում դատավճիռ կայացնել, բայց տարիներով մարդկանց պահում են բանտում: Հրապարակային խոսքի համար բանտում գտնվող մարդիկ ունենք, ինչն անպատկերացնելի էր 2018 թվականից առաջ. Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան: Քաղաքական կեցվածքի, քննադատության համար կանանց կալանավորելու դեպքեր կան, որոնք եւս 2018-ից առաջ անհնարին էին, չնայած նախկին իշխանությունն Արցախ չէր հանձնել եւ թշնամուն Տավուշ չէր մտցրել: Սամվել Վարդանյանի խոշտանգման փաստ ունենք, միայն այն պատճառով, որ մարդն իշխող կուսակցության ներկայացուցչին մի քանի բառ է ասել տրանսպորտում: Տավուշի համար հուսահատ պայքարողներին ձերբակալելու եւ մեղադրանքներ հարուցելու դեպքեր ունենք, մինչդեռ մարդիկ ընդամենը հայրենի հողի համար են պայքարում եւ փորձում են կասեցնել երկիր հանձնելու գործընթացը: 

Իսկ Վարդգես Գասպարիի նախկին արարքները` այս իշխանությունների աչքով միանգամայն տեղավորվում են Քրեական օրենսգրքի շրջանակներում. եթե Սուրեն Պետրոսյանին ու Սամվել Վարդանյանին կարելի է մեղադրել «առերեւույթ խուլիգանություն» կատարելու համար, ինչո՞ւ չէր կարելի փողոցներում պառկող, մարդկանց տեղաշարժին խոչընդոտող, հանրությանն անհանգստություն պատճառող Վարդգես Գասպարիի գործողությունները որակել խուլիգանություն:

Արեգ Մարգարյան